Logo

Օսկար 2021. «Մինարի»՝ ևս մեկ օսկարյան ֆավորիտ հարավկորեական ընտանիքի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.04.2021Ռեժիսորներ
d715bdd439e221140e5e8753aed27bfc9a minari.2x.rsocial.w600 - Օսկար 2021. «Մինարի»՝ ևս մեկ օսկարյան ֆավորիտ հարավկորեական ընտանիքի մասին

42 ամյա ռեժիսոր և սցենարիստ Լի Այզեք Չունի Միացյալ Նահանգներում ապրող հարավկորեական ընտանիքի մասին «Մինարի»-ն այս տարվա «Օսկար»-ի ֆավորիտներից է՝ ֆիլմն առաջադրվել է 6 կարևոր անվանակարգերի՝ փորձելով կրկնել անցած տարվա «Մակաբույծ»-ի տրիումֆը։

Չունի ընտանեկան կինոպատմությունը մասամբ կենսագրական է և ազգային՝ շեշտադրելով 80-ականներին սոցիալական բարդություններ հաղթահարող աշխատավոր դասակարգի խնդիրներն ու երազանքները։

4c476662 4859 4eca 9a16 9419860c1a78 GAATH Minari 960x640 - Օսկար 2021. «Մինարի»՝ ևս մեկ օսկարյան ֆավորիտ հարավկորեական ընտանիքի մասին

Առաջին սերնդի հարավկորեացի ներգաղթյալներ՝ երիտասարդ ամուսիններ Ջեյքոբն ու Մոնիկան երկու երեխաների հետ տեղափոխվում են Քալիֆորնիայից Արքանզաս. այստեղ հողակտորներն են ավելի մատչելի են, և հնարավոր է աճեցնել սեփական միրգ-բանջարեղենը՝ ազգային մթերային խանութներ մատակարարելու համար։ Զրոյից սկսելով հողագործության ընթացքն ու դասավորելով երեխաների ուսումն ու ժամանցը՝ Ջեյքոբն ու Մոնիկան զուգահեռ նաև աշխատում են թռչնաբուծական ֆաբրիկայում՝ դասակարգելով ճտերին ըստ սեռի։ Բացի այդ որդին՝ Դևիդը, ունի սրտային հիվանդություն, և ծնողները գումար են հավաքում իր վիրահատության համար։ Մի խոսքով՝ հոգստերն ու մտահոգությունները բավականաչափ են, իսկ Մոնիկայի կարոտն առ նախկին կյանք՝ ուժեղացող, և ամուսինները որոշում են Կորեայից Նահանգներ տեղափոխել Մոնիկայի մայրիկին, ով կօգնի իրենց կենցաղում և երեխաների հարցում։ Սունջու տատիկը կոտրում է փոքրիկ Դևիդի կարծրատիպերը բոլոր հնարավոր տատիկների մասին՝ ազատություն է տալիս երեխաներին, վարտիքներով մարտարվեստ է դիտում հեռուստացույցով և խաղաքարտեր նվիրում թոռնիկին՝ մինչ Մոնիկան և Ջեյքոբը վիճաբանում են և սառչում իրար հանդեպ։ Բացի այդ տատիկը որոշում է գետի ափին աճեցնել կորեական մինարի կոչվող խոտը, որը շատ հեշտ է խնամել և օգտակար է կիրառել ազգային ճաշատեսակների մեջ։

d715bdd439e221140e5e8753aed27bfc9a minari.2x.rsocial.w600 960x506 - Օսկար 2021. «Մինարի»՝ ևս մեկ օսկարյան ֆավորիտ հարավկորեական ընտանիքի մասին

Ռեժիսոր Լի Այզեք Չունի նոստալգիկ և մանկապատանեկան հիշողություններով հագեցած «Մինարի»-ն զուրկ է ամբիզիաներից և զարմացնելու էֆեկտից, այն պարզ է, հանդարտ և անգամ համեստ։ Ջեյքոբի «ամերիկյան երազանքը» պատկերում է միլիոնավոր էմիգրանտների հարստանալու անհագ ցանկությունը, լինեն դրանք Կորեայից, Հնդկաստանից թե Մեքսիկայից։ Նա փորձում է հնարավորինս շատ տալ իդ ընտանիքին՝ ստեղծելով Աննայի և Դևիդի համար փայլուն հնարավորություններից, որոնցից ինքը ժամանակին զուրկ է եղել։ Ֆիլմն իր մինիմալիստիկ և հարթ ընթացքով հիշեցնում է Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծն» ու Լուլու Վանգի «Հրաժեշտը», որտեղ երեխաները փոխակերպվում են իրենց արմատների (օրինակ՝ տատիկների) և աշխատավոր ծնողների հետ։ Միանշանակ «Մինարի»-ն գերունիվերսալ է՝ կորեական ընտանիքի փոխարեն կարող էր լինել 90-ականներին Հայաստանից ԱՄՆ գաղթած հայկական ընտանիք, որը, դնելով աղյուսն աղյուսին կերտում է իր և իր երեխաների ապագան։

minari steven yeun alan kim - Օսկար 2021. «Մինարի»՝ ևս մեկ օսկարյան ֆավորիտ հարավկորեական ընտանիքի մասին

Ֆիլմն իր դանդաղ տեմպով, ամառային արևով, փափուկ մայրամուտներով և չափավոր մթնոլորտով պատմում է բոլորիս համար ծանոթ խնդիրների ու նպատակների մասին, որոնք առկա էին բոլոր մանկության մեջ։ Հարցը սերունդների կոնֆլիկտների մեջ չէ, ոչ էլ արտագաղթելու կամ չարտագաղթելու։ Երբեմն խոսքը ճիշտ ընտրություն կայացնելու մասին է, իսկ օգնությունը կարող է հասնել ամենաանսպասելի տեղից, ինչպես մոլախոտի կյանքով ապրող անքմահաճ խոտը, որը համար պետք է պարզապես ճիշտ վայր ընտրել։ Այդպես է նաև տկարության պարագայում՝ Դևիդին այլ դիտանկյան տակ նայող և փոքր տղային հարիր հետաքրքրասիրության և մոլեգնության տրամաբանության ու կոմֆորտի մեջ մեծացնող տատիկը փոխում է իրավիճակը։ Երբեմն ամենակարևոր և առաջնային հարցերը լուծելու համար ջանասիրությունն ու տքնաջան աշխատանքն անհրաժեշտ չեն, և պարզ լուծումները կարող են վերջ տալ անհաջողությունների շղթային։