Logo

Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 12.04.2021Ռեժիսորներ
Nuovo Cinema Paradiso colonna sonora - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Օսկարի 93-րդ կինոմրցանակաբաշխությանն ընդառաջ վերհիշում ենք համաշխարհային կինոֆոնդի ամենադիտարժան նմուշները, որոնցից շատերը հայտնի են լայն լսարանին, որոշներն էլ մնում են հեղինակային և արտ կինոյի ավելի նեղ և փոքրամասշտաբ դարակներում։

«Բուրժուազիայի համեստ հմայքը» / Le Charme discret de la bourgeoisie, Լուիս Բունուել, 1972

6211 Studio Canal 01 960x540 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Կարևորագույն կինո-սյուրռեալիստի լավագույն ֆիլմերից մեկը, որը ռեժիսորը ստեղծել է իր կարիերայի ավելի ուշ շրջանում։ Գրոտեսկացված երգիծանքը հեգնում է բարձրաշխարհիկ տիկնանց և պարոնանց, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հավաքվել ճաշկերույթի։ Իսպանախոս կինեմատոգրաֆի (այն էլ «ոչ բոլորի համար» պիտակի տակ գնացող) եզակի նմուշներից, որն արժանացել է հոլիվուդյան արձանիկի և ճանապարհ բացել բազմաթիվ այլ՝ «տարօրինակ» ֆիլմերի համար։ «»-ն ինչքան որ բուրժուական է, այդքան էլ համաշխարհային կոնտեքստում հանրաճանաչ՝ անգամ մեր ծնողների սերունդը (համենայն դեպս եվրոպական կինոյի սիրահարները)ծանոթ է այս բունուելական ֆանտասմագորիային։

«Նոր կինոթատրոն «Պարադիզո» / “Nuovo Cinema Paradiso”, Ջուզեպպե Տորնատորե, 1988

download 2 2 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Ջուզեպպե Տորնատորեի նոստալգիկ, ջերմ և մասամբ ինքնակենսագրական դրաման մանկապատանեկան հիշողություների, երազանքների, հմայիչ և կոլորիտային կերպարների, որոնք անմիջական կապ են ունեցել իր կայացման վրա։ Եվ, իհարկե, Տորնատորեի կյանքի հավերժ սերը՝ կինեմատոգրաֆը, որն ուղեկցում է իրեն մանկուց՝ գողտրիկ, փոքր կինոթատրոնից՝ իր սեփական և ուրույն դրախտից, որտեղ հերթական ցենզուրայի պատճառով կրճատված տեսարանը ընդունվում է տեղաբնակների սուլոցներով ու դժգոհություններով, սակայն այնուամենայնիվ հենց այս տեղն է համարվում երկրորդ տունը՝ մոգականի հետ կապը։

Իսկ Էննիո Մարիկոնեի դյութական ելևեջները պարուրում են սիցիլիական տեղայնքն էլ ավելի յուրահատուկ՝ անդրսահմանյան շղարշով։

«Ամերիկյան գիշեր» / “La Nuit Américaine”, Ֆրանսուա Տրյուֆո, 1973

La Nuit Americaine - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

«Ֆիլմ այն մարդկանց համար, որոնք սիրում են կինո»՝ այսպես էր ազդարարում նախկին կինոքննադատ և ներկա ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի նոր՝ «Ամերիկյան գիշեր» ֆիլմի պաշտոնական պաստառը։ Արդյունքում՝ Տրյուֆոն, մարմնավորելով ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ ռեժիսոր Ֆերանի դերը, ծանոթացրեց սինեֆիլներին կինեմատոգրաֆիկ ետնաբեմի հետ, որտեղ առկա են սթրեսը և խանդը, անքնությունն ու կիրքը, սերն առ կինոարվեստ և բազմաթիվ նյարդեր ու ջղաձումներ։ «Ամերիկյան գիշերը» իսկապես ամերիկյան էր՝ այն Տրյուֆոյին պարգևեց «Օսկար»-ի հաղթանակ և ապահովեց համաշխարհային տրիումֆ։

«Պատրաստեք թաշկինակները» / “Préparez vos mouchoirs”, Բերտրան Բլիե, 1978

download 3 1 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ էքսցենտրիկ և գրոտեսկացած էլեմենտներով կատակերգությունը ամուսնական զույգի խնդիրների ինքնատիպ՝ «սիրային եռանկյունու» ձևաչափով լուծման փորձի մասին։ Կանացի դեպրեսիաներն ու նևրոզները կարող է «բուժել» սեքսը օտար տղամարդու հետ կամ գուցեև հղիությունը… Ռաուլը (Դեպարդյե) վստահ չգիտի, սակայն դեմ չէ, եթե իր դժբախտ կինը փորձի դիմել փրկարարական ադուլտյերի։

Հեռակա Վուդի Ալենի նյարդային կատակերգությունները հիշեցնող Բերտրապ Բլիեի ֆիլմը շատ ֆրանսիական է, չափավոր պարզամիտ և տեղ-տեղ փիլիսոփայական։

«Իմ քեռին» / “Mon oncle”, Ժակ Տատի, 1958

download 4 1 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Ժակ Տատին համարվում է վիզուալ կատակերգույթան հանճար, ում ֆիլմերը բառացի կառուցվում են դիզայներական և ճարտարագիտական հմտությամբ։ Իր կերտած հանրահայտ և արդյունքում դասական դարձած մսյե Յուլոն ընկնում է իր համար խիստ անհարմար և խորթ՝ կոնսյումերիստական և մերկանտիլ մոջավայր, որտեղից էլ ծնվում են ազնիվ կատակերգական մոտիվներ։

Մսյե Յուլոյի և Տատտի սիմետրիկ և էսթետիկ աշխարհի հետ արժի ծանոթանալ՝ անկախ նրանից, ֆիլմը կունենար իր մրցանակաբաշխային դրամապանակում «Օսկար»-ի արձանիկ թե ոչ։

«Տղամարդ և կին» / “Un homme et une femme”, Կլոդ Լելուշ, 1966

download 5 1 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դարձել են դասական

Կլոդ Լելուշի այս ֆիլմը ոչ միայն դարձավ տասնյակ պատվավոր կինոփառատոների և կինոմրցանակաբաշխությունների հաղթող և առաջատար, այլ մեկնընդմիշտ մնաց համաշխարհային պատմության մեջ որպես շրջադարձային ֆիլմ՝ տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների ամբողջ հոգեբանական գունապնակի մասին։ Լելուշն օգտագործեց նոր հնարքներ և միջոցներ բարդ և ոչ միանշանակ գիտակցականն ու ենթագիտակցականը ներկայացնելու համար՝ անցյալի պատսպարող կոմֆորտ-զոնայում գտնվող կնոջ և տղամարդու միաձուլման պատմությունը կրկին և կրկին պատմելու համար։ Տարրատեսակ դեֆորմացնող ոսպնյակների շնորհիվ Լելուշը կերտում է զգացմունքների ամբողջական և լիարժեք պատկեր, որը դարձնում է այս ֆիլմն այդքան կարևոր և հատկանշական։