Logo

«Պառվի ուլեր»․ ինչո՞ւ է մինչև ապրիլի կեսը դեռ մի քիչ «խելառ մարտ» լինում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:00 / 06.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Պառվի ուլեր դարձվածք

Ապրիլի սկզբին գրեթե միշտ այնպիսի զգացողություն է, թե մարտը դեռ շարունակվում է։ Ժողովրդական ավանդապատումը «բացատրություն» ունի դրա վերաբերյալ․ այս օրերի ցրտերը կապվում են պառավի ուլերի պատմության հետ։ Ասում են, որ մինչև «պառվի ուլերը» չանցնեն, չի կարելի ասել, որ գարուն է եկել, քանի որ շատ տարիներ առաջ «պառվի ուլեր»-ով ապրիլին սկսվել է տեղումների, փոփոխական եղանակի շարքը և շարունակվել մոտ 20 օր: Պատճառը Մարտ ամսին բարկացրած պառավն է։

Ահա՛, թե ինչ ավանդույթ կա «պառվի ուլերի» մասին․  

 «Մի պառավ կին 
Ուներ-չուներ՝
Լղար-մղար
Չորս ուլ ուներ»։
Հենց մարտը վերջանում է, ու գալիս է ապրիլը, պառավն ասում է.

«Մարտն անցավ, դարդն անցավ, հորթս ու էծս գարուն հասան։ Ուլերս սարը տանեմ, խոտ արածեցնեմ»:

Նա այծերին սարն է տանում, իսկ Մարտ ամիսը, այդ խոսքերը լսելով, ապրիլից մի քանի օր փոխ է վերցնում, Բուք ու Բորանին հետ է բերում, օրեր շարունակ ուժեղ անձրև է տեղում, ու պառավի այծերը, չդիմանալով ցրտին, մեկ-մեկ կոտորվում են:

Այդ օրվանից հովիվները դաս են քաղում և իրենց կենդանիներին սարն են տանում միայն ապրիլի վերջին, մինչև «պառվի ուլերն» ավարտվեն։ Հայ ժողովուրդը «պառվի ուլերը» համարում է «վերջին ցրտեր», որից հետո սկսվում են կայուն տաք օրեր: Ժողովրդի մոտ «պառվի ուլեր» է համարվում հատկապես ապրիլի 11-16-ն ընկած ժամանակահատվածը: