Logo

Պարույր Սևակ. «Մեր ամբողջ կյանքն անծայրածիր թատրոն է»

11:21 / 27.03.2023Հեղինակներ
null

1971 թվականի ապրիլի սկզբին «Սովետական արվեստ» ամսագիրը մի հարցաթերթիկ ուղարկեց բանաստեղծ Պարույր Սևակին: Հարցաշարը հիմնականում նվիրված էր թատրոնի խնդիրներին, և այն կազմողներն ակնկալում էին Սևակի անկեղծ պատասխանները թատերական ոլորտի խնդիրների, ժամանակի դրամատուրիգիայի վիճակի և թատերական քննադատության մասին: Մի քանի օր անց Սևակն ամսագրին փոխանցեց հարցաշարին իր պատասխանները: Սակայն թռուցիկ հայացքն էլ բավական էր հասկանալու, որ Սևակի գնահատականները խորհրդային ամսագրում տպագրելն անհնար էր:

Երկու ամիս անց Սևակը վախճանվեց՝ հավանաբար այդպես էլ չիմանալով (կամ թերևս կռահելով), թե ինչու այդ հարցազրույցը չտպագրվեց: Իսկ նրա ձեռագիրը մնաց ամսագրի աշխատակիցներից Գրացիա Բաղդասարյանի անձնական թղթերի մեջ:

Ստորև ներկայացնում ենք հարցաշարն ու Սևակի պատասխանները, որ պահպանվել են բանաստեղծի, ըստ էության, վերջին ձեռագրերից մեկում․

«Հարգելի ընկ. Պարույր Սևակ,

«Սովետական արվեստի» խմբագրությունը որոշել է հանդեսի էջերում լայնորեն անդրադառնալ մեր թատերական արվեստի ներկա վիճակին՝ հարց ու պատասխանի ձևով:

Խնդրում ենք հարցաթերթի պատասխաններն ուղարկել մինչև ապրիլի 15-ը:

1. -Որո՞նք են, Ձեր կարծիքով, մեր դրամատուրգիայի ներկա անկատար վիճակի պատճառները:

Պարույր Սևակ -Ս. իշխանության և կոմկուսակցության, այսպես կոչված, գրական քաղաքականությունը:

2. -Ի՞նչ կարծիքի եք մեր թատրոնների խաղացանկի մասին: Որքանո՞վ է վերջինս նպաստում թատրոնների ստեղծագործական նկարագրի բացահայտմանը:

Պարույր Սևակ -Մեր ամբողջ կյանքը անծայրածիր թատրոն է, ուստի չի կարող լինել ո՛չ թատրոն, ո՛չ խաղացանկ՝ այս բառերի թատերական իմաստով:

3. -Ինչպե՞ս եք գնահատում մեր թատրոնների այսօրվա ստեղծագործական հնարավորությունները (դերասան, ռեժիսոր, նկարիչ):

Պարույր Սևակ -Այս խեղճուկրակ մարդիկ զուրկ են ամեն տեսակ հնարավորությունից, բացի «վերևների» առաջ խաղալուց:

4. -Գոհացնո՞ւմ է Ձեզ արդյոք մեր թատերական քննադատությունը և ինչպե՞ս եք պատկերացնում նրա դերն ու անելիքները:

Պարույր Սևակ -Եթե չկա թատրոն, չի կարող լինել նաև քննադատություն:

5. -Ձեր մեջ ցանկություն առաջացե՞լ է երբևիցե՝ երկրորդ, երրորդ անգամ դիտելու այս կամ այն թատրոնի որևէ ներկայացում և եթե այո, ի՞նչ ներկայացում և ինչո՞ւ:

Պարույր Սևակ -Որովհետև չկա թատրոն, ուստի և թատրոն չեմ գնում, ուրեմն նաև Ձեր հարցին այս պատասխանն է տրվում:

9.04.71 Երևան»

Աղբյուր՝ գրականագետ Հովիկ Չարխչյան