Logo

Պատմության 5 ամենաերկարատև պատերազմները

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 19.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
wew - Պատմության 5 ամենաերկարատև պատերազմները

Նույնիսկ ամենակարճ պատերազմը կարող է անթիվ ցավ ու տառապանքներ պատճառել: Իսկ ի՞նչ կարող ենք ասել մարդկության պատմության մեջ ամենաերկար պատերազմների մասին, որոնք տևել են տասնյակ տարիներ և միլիոնավոր կյանքեր խլել: Որոշ պատերազմներում զինվորները մարտնչել են իրենց ամբողջ կյանքը և չեն կարողացել սպասել հակամարտության ավարտին, որը սկսվել էր նույնիսկ նրանց ծնվելուց առաջ:

Ձեզ ենք մարդկության պատմության մեջ երկարատև պատերազմների ԹՈՓ 5։

5.  Պունիկյան պատերազմներ (118 տարի)

Արևմտյան Միջերկրական ծովում միմյանց դեմ պայքարող երկու հզորագույն ստրկատիրական տերությունների՝ գյուղատնտեսական-արհեստավորական Հռոմեական հանրապետության և առևտրական-ծովագնացային Կարթագենի հանրապետության միջև՝ Արևմտյան Միջերկրականում տիրապետություն հաստատելու համար է տեղի ունեցել այս 118-ամյա պատերազմը։

Պունիկյան տերմինը գալիս է լատ.՝ Punicus կամ Poenicus բառից, որը նշանակում է «պունիկյան», «փյունիկյան», «կարթագենյան», նկատի ունենալով կարթագենացիների՝ փյունիկացի նախնիներից ծագած լինելը։

Մինչ Պունիկյան պատերազմները, կարթագենացիները տիրապետող էին Արևմտյան Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սիցիլիա) մեծ մասը, արևմտյան միջերկրածովյան առևտրի հեգեմոնիան: Պունիկյան պատերազմները երեք պատերազմից կազմված պատերազմների մի շարք էր։ Դրանք այդ ժամանակաշրջանի ամենամեծ պատերազմներն էին։

Պունիկյան պատերազմների գլխավոր պատճառը շահերի բախումն էր գոյություն ունեցող Կարթագենյան ծովային տերության և ընդլայնվող Հռոմեական հանրապետության միջև։

Հռոմեացիները սկզբնապես շահագրգռված էին ընդլայնվելու ի հաշիվ Սիկիլիայի (որը իր ժամանակի մշակութային խառնարանն էր), այնինչ այդ հարուստ ու զարգացած կղզու մի մասը գտնվում էր Կարթագենի հսկողության ներքո։ Պունիկյան պատերազմներից առաջինի սկզբում Կարթագենը Արևմտյան Միջերկրական ծովի գերիշխող տերությունն էր, որը լայնարձակ ծովային ու առափնյա տիրույթներ ուներ։ Նրա հակառակորդը՝ Հռոմը, արագ բարձրացող տերություն էր Իտալիայում, սակայն նա զուրկ էր Կարթագենի ունեցած ռազմածովային հզորությունից։

Երրորդ կամ վերջին պունիկյան պատերազմի ավարտին, ավելի քան հարյուրամյա պայքարից հետո, մարտադաշտերում կորցնելով մի քանի հարյուր հազարավոր զինվորներ, Հռոմը նվաճեց Կարթագենի ամբողջ տիրույթները, լիովին ոչնչացրեց հակառակորդ տերության փառահեղ մայրաքաղաքը և վերածվեց Արևմտյան Միջերկրածովի ամենահզոր տերության։

Մակեդոնական պատերազմների ավարտին, որոնք մղվում էին Պունիկյան պատերազմների հետ գրեթե միաժամանակ, ինչպես նաև Սելևկյան տերության արքա Անտիոքոս III Մեծի պարտությամբ, որը տեղի ունեցավ Հռոմեա–Սելևկյան պատերազմի արդյունքում և ամրակայվեց Ապամեայի պայմանագրով, մ․թ․ա․ 188 թվականին, Հռոմը վերածվեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում գերիշխող տերության, դառնալով դասական հնադարի կամ կլասիկ անտիկ ժամանակաշրջանի հզորագույն քաղաք–պետությունը։ Հենց Կարթագենի դեմ Պունիկյան երեք պատերազմներում տարած հաղթանակներն էին, որ Հռոմին տվեցին այն կարկառուն կարգավիճակը, որը նա պետք է պահպաներ մինչև մ․թ․ 5–րդ դարը։

4. Արաուկանյան պատերազմ (290 տարի)

Արաուկանյան պատերազմը (իսպ.՝ Guerra de Arauco) իսպանական կայսրության մեջ մտնող Չիլիի թագավորության կրեոլյան բնակչության և մապուչեների (նաև ուիլիչեներ, պիկունչեներ, կունկոներ) միջև շարունակական պատերազմն է:

Մարտական գործողությունների թատերաբեմը տարածվել է Մատակիտո գետից մինչև Ռելոնկավիի ծոցը, իսկ հիմնական գործողությունները տեղի են ունեցել Կոնսեպսիոն քաղաքի և Բիո Բիո ու Արաուկանիա շրջանների միջև: Այս պատերազմները շարունակվել են գրեթե երեք հարյուրամյակ՝ 1536 թվականից մինչև Չիլիի անկախության հռչակումը: Գործողությունները տեղի են ունեցել տարբեր ինտենսիվությամբ: Հետագայում արաուկանյան պատերազմը շարունակվեց չիլիցիների և մապուչեների միջև, որն առավել հայտնի է որպես «Արաուկանիայի հաշտեցում»:

3. Երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմ (335 տարի)

Երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմ (անգլ.՝ Three Hundred and Thirty Five Years’ War, հոլ.՝ Driehonderdvijfendertigjarige Oorlog), պատերազմ Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Սիլլիի արշիպելագի միջև ընթացող պատերզմն է։ Խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այն ձևականորեն շարունակվել է 335 տարի՝ առանց որևէ կրակոցի, ինչը այս պատերազմը դարձնում է նվազագույն կորուստներ ունեցող ամենաերկար պատերազմներից մեկը։ Չնայած պատերազմ հայտարարելու ժամանակ անորոշ գործողությունների, խաղաղությունը, վերջապես, հայտարարվել է 1986 թվականին։

1651 թվականի հունիսին, պատերազմ հայտարարելուց հետո, խորհրդարանական ուժերը ծովակալ Ռոբերտ Բրեյկի գլխավորությամբ ստիպեցին ռոյալիստների նավատորմին հանձնվել։ Նիդերլանդական նավատորմը, որն այլևս վտանգի տակ չէր, ոչ մի կրակող չթողեց։ Նիդերլանդացիները սակայն պաշտոնապես խաղաղություն չհայտարարեցին։

1985 թվականին Սիլիի խորհրդի նախագահ և պատմաբան Ռոյ Դունկանը նամակ հղեց Լոնդոնի Հոլանդական դեսպանատանը՝ առաջարկելով ազատվել այն միֆից, որ կղզիները դեռևս պատերազմի վիճակում են գտնվում Նիդերլանդների հետ։ Դեսպանատան աշխատակիցները հայտնաբերեցին, որ ֆորմալ առումով դա իրականում ճիշտ է, և Դունկանը հրավիրեց հոլանդացի դեսպանին այցելել կղզիներ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Խաղաղությունը հայտարարվել է 1986 թվականի ապրիլի 27-ին՝ «պատերազնի» հայտարարվելուց 335 տարի հետո։

2. Հռոմեա-պարսկական պատերազմներ(721 տարի)

Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-628 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։

Չնայած պատերազմը հռոմեացիների և պարթևների կամ Սասանյանների միջև շարունակվեց մոտ 7 դար, սահմանը մնում էր համեմատաբար կայուն։ Ռազմական գործողությունները հիմնականում ներառում էին քաղաքների, ամրությունների, նահանգների գրավում, թալանում և փոխանակում։ Ոչ մի կողմը չուներ բավականաչափ նյութական և մարդկային ռեսուրս, որպեսզի վարի երկարատև արշավանքներ սահմաններից շատ հեռու։

Իհարկե երկուսն էլ կատարում էին նվաճումներ սահմանից այն կողմ, սակայն ժամանակի հետ նախկին իրավիճակը հիմնականում վերականգնվում էր։

Հավասարակշռությունը սկսվեց փոխվել 2-րդ դարում, երբ հռոմեացիները, օգտվելով պարթև Արշակունիների թուլացումից, գրավեցին մի շարք տարածքներ հյուսիսային Միջագետքում: Վերջինիս հետևանքով նոր սահմանն անցնում էր ոչ թե Եփրատ գետով, այլ Տիգրիսով:

Ռեսուրսների ծախսը պատերազմների վրա վերջիվերջո ճակատագրական եղավ երկու կայսրությունների համար։ 6-րդ և 7-րդ դարերի երկարատև պատերազմները թողեցին նրանց խոցելի մուսուլման արաբների արշավանքների առջև։ Օգտվելով նրանց միջև երկարատև պատերազմից՝ արաբները հեշտությամբ գրավեցին Սասանյան Պարսկաստանը, իսկ Արևելահռոմեական կայսրությունը կորցրեց Սիրիան, Պաղեստինը, Արևմտյան Հայաստանը, Եգիպտոսն ու հյուսիսային Աֆրիկան:

 

1. Ռեկոնկիստա

Պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց է։ Ընդհանուր առմամբ Ռեկոնկիստան տևեց շուրջ 770 տարի։

Ռեկոնկիստան սկսվեց արաբների կողմից 8-րդ դարում թերակղզու մեծ մասը նվաճելուց անմիջապես հետո, սակայն ֆեոդալական մասնատվածությունը թույլ չէր տալիս քրիստոնյաներին միասնաբար կռվել մուսուլմանների դեմ։

Խաչակրաց արշավանքների ժամանակ Ռեկոնկիստան սկսեց ընկալվել որպես պայքար հանուն ողջ քրիստոնյա աշխարհի։

Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին, երբ Իսպանիան վերանվաճեց մուսուլմանների վերջին հենակետը՝ Գրանադան։ Ավանդական պատմագրությունը որպես վերանվաճման՝ Reconquista -ի սկիզբ ընդունում է 718 կամ 722 թվականին տեղի ունեցած Կավադոնգայի ճակատամարտը՝ Իբերական /Պիրենեյան/ թերակղզում մուսուլմանների նկատմամբ քրիստոնյա զորքի տարած առաջին հաղթանակը 711 թվականից՝ թերակղզի ներխուժելու արաբա-բերբերական միացյալ զորքի առաջին հաջողված փորձից ի վեր:

Ռեկոնկիստայի հիմնադրույթը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, իսպանական պատմագրության մեջ զուգադրվել է իսպանական ինքնության, ազգային ինքնագիտակցության զարգացման, ռոմանտիկ ազգայնականության, մի որոշ ժամանակաշրջան՝ նաև գաղութատիրական հայեցակարգի հետ։

աղբյուր՝ mydiscoveries.ru/, hy.wikipedia.org