Logo

Պատմության այս օրը․ Ջորջ Բայրոնի անսպասելի մահը

16:33 / 19.04.2023Հեղինակներ
null

1824 թվականի ապրիլի 19-ին 36 տարեկանում հանկարծամահ եղավ Ջորջ Գորդոն Բայրոնը։ Անգլիացի պոետն օսմանյան տիրապետության դեմ հույների ապստամբության մեկնարկից ի վեր իր կյանքը ստորադասեց Հելլադայի ազատագրման համար մղվող պայքարին։ Դեպի Հունաստան ճանապարհին՝ Լիվոռնո նավահանգստում, Բայրոնը բանաստեղծական ուղերձ ստացավ Գյոթեից․ ծերունին օրհնում էր Բայրոնին և աջակցում։ 

Բանաստեղծն իր միջոցներով ջոկատ է հավաքում, որով ժամանում է Միսոլոնգի։ Սակայն, դեռ նախքան հույների հարձակումը թուրքերի վրա, Բայրոնի մոտ տենդի նոպա է սկսվում:

Նրա վաղաժամ մահը սգում է ամբողջ առաջադեմ Եվրոպան։ Բայրոնի հիշատակը Հունաստանում հարգում են ազգային սուգով։

Նրա մարմինը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա՝ հուղարկավորելու Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում: Սակայն վերջին պահին, անգլիական իսթեբլիշմենտի մի զգալի մասի ճնշման տակ, որը Բայրոնին մեղադրում էր «բարոյական անկայունության» համար, այդ ծրագրերից ստիպված են լինում հրաժարվել։ Արդյունքում բանաստեղծը թաղվում է Հակնել քաղաքի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու ընտանեկան դամբարանում։