Logo

10+ փաստ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:17 / 26.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Օրերս The Sun պարբերականը, աղբյուրների հղումով, հայտնեց, որ Ջոնի Դեփը կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր մասում՝ վերադառնալով կապիտան Ջեք Ճնճղուկի դերին: Սակայն հաջորդ օրը Ջոնի Դեփի ներկայացուցիչը հերքեց այդ լուրը։ Մինչ հստակ տեղեկատվություն ստանալը, առաջարկում ենք վերհիշել ծովահենների մասին բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը՝ ներկայացնելով փաստեր, որոնց մասին գուցե չգիտեիք։

 

Քչերը գիտեն, որ այս խորհրդանշական ֆրանշիզի հետևում, որն աշխարհին նվիրեց խարիզմատիկ Ջեք Ճնճղուկին, նույնքան հիանալի ստեղծման պատմություն կա:

  • Ֆիլմի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դիսնեյլենդի համանուն ջրային ատրակցիոնը։
     
  • Ֆիլմի ստեղծման ժամանակ ծովահենների մասին ֆիլմերը ծանր ժամանակներ էին ապրում։ Եվ ոլորտի ներկայացուցիչների մեծ մասի կարծիքով՝ ֆիլմի թողարկումը հսկայական ֆինանսական ռիսկ էր:
     
  • Ֆիլմի ստեղծողները Ջեք Ճնճղուկի դերում ի սկզբանե պատկերացնում էին Մեթյու Մակքոնահիին, Ռոբերտ Դե Նիրոյին և նույնիսկ Ջիմ Քերիին:
  • Երկար ժամանակ Էլիզաբեթ Սուոնի դերում դիտարկում էին Ջեսիկա Ալբային։ Բայց նրանից առաջ անցավ Կիրա Նայթլին, որն առաջին մասի նկարահանման պահին ընդամենը 17 տարեկան էր և նկարահանման հրապարակում էր մայրիկի հետ:

 

  • Ուիլ Թերների դերին հավակնում էր Հիթ Լեջերը, սակայն այն բաժին հասավ Օռլանդո Բլումին, որն այդ ժամանակ «Մատանիների տիրակալը» ֆիլմի աստղն էր։

  • Դերը ստանալուց հետո Դեփն անմիջապես սկսեց իր խենթոտ առաջարկներն անել՝ փոխելու ծովահենի կերպարը, որին համարում էր ձանձրալի։ Դերասանը ցանկանում էր, որ իր կերպարը քիթ չունենա, և առաջարկում էր իր կերպարին օժտել տարօրինակ գծերով, օրինակ՝ վախ պղպեղից և ցրտից: Այս առաջարկները ստուդիան, իհարկե, մերժեց։

  • Դեփը նաև պահանջել է, որ Ջեք Ճնճղուկը բերանում ոսկե ատամներ ունենա, ինչին դեմ էին ֆիլմի ստեղծողները։ Հետևաբար, Դեփը պարզապես խնդրեց ատամնաբույժին մի քանի ոսկե իմպլանտ տեղադրել իր բերանում, ինչով ցնցեց պրոդյուսերներին։ Ի դեպ, դերասանը դրանք չի հանել մինչև երրորդ մասի նկարահանումների ավարտը:

  • Ջեք Ճնճղուկի կերպարը պատճենվել է Դեփի ընկերներից մեկից՝ The Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսից։ Կերպարն այնքան հաջող է ստացվել, որ ֆիլմաշարի երրորդ մասում Ռիչարդսն անձամբ դարձել է Ջոնիի էկրանային հայրը։

  • Կիրա Նայթլին այնքան էր կասկածում իր դերասանական հմտություններին, որ նկարահանման հրապարակ էր գնացել փոքրիկ ճամփրուկով՝ նվազագույն հագուստով, որպեսզի հեռացվելու դեպքում ստիպված չլինի շատ ուղեբեռ հետ տանել:

  • Ջեֆրի Ռաշը, որը մարմնավորում է Բարբոսային, առաջ քաշեց այն տեսությունը, որ հեռուստադիտողները ֆիլմը դիտում են այնպես, ինչպես գիրք են կարդում, այսինքն՝ ձախից աջ: Այդ պատճառով նա միշտ փորձում էր մնալ Կիրա Նայթլիի ձախ կողմում։ Նա չափազանց գեղեցիկ էր համարում Կիրային և վախենում էր, որ դիտողը չի նկատի իրեն դերասանուհու գեղեցկության պատճառով:

  • Ֆիլմի առաջին մասի աշխատանքների ընթացքում Disney-ի գործադիր տնօրենը կարծում էր, որ Դեփը «փչացնում է ֆիլմը»։ Մեկ տարի անց դերասանն առաջադրվեց «Օսկար»-ի՝ Ջեք Ճնճղուկի դերի համար։

  • «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օռլանդո Բլումն իր դաստակին էլֆի խորհրդանիշով դաջվածք էր արել։ «Կարիբյան ծովի ծովահեններում» էկրանային ժամանակի մեծ մասում հնարավոր եղավ թաքցնել այն, սակայն որոշ կադրերում դաջվածքը ​​թաքցնել չստացվեց, օրինակ՝ «Սև մարգարտի անեծքը» ֆիլմում Ջեքի հետ սրով կռվի տեսարանում:

  • Ֆիլմի առաջին մասի գլխապտույտ հաջողությունից հետո Դիսնեյլենդի հենց այդ ատրակցիոնի սյուժեին ավելացրին Ջեք Ճնճղուկին ու Բարբոսային։

  • Մի օր Ջոնի Դեփը նամակ է ստանում մի փոքրիկ աղջկանից, որում աղջիկը խնդրում էր Ջեք Ճնճղուկին գլխավորել իր դպրոցի ուսուցիչների դեմ ապստամբությունը: Դեփը գնում է դպրոց և անձամբ հետ պահում փոքրիկ ապստամբին նման մտքից:

  • Բարբոսայի կերպարի անունը հորինել է Ջոնի Դեփը՝ Հեկտոր։ Սակայն սցենարիստները չգիտեին այդ մասին և վստահ էին, որ այս տարբերակը հայտնվել է երկրպագուների շնորհիվ։

  • «Մեռյալի սնդուկում» Ջեքի և Էլիզաբեթի համբույրի տեսարանի ժամանակ Ուիլ Թերների զարմանքն իրական է: Դերասանը չգիտեր նման սյուժետային շրջադարձի մասին, քանի որ տեսարանը հատուկ ներառված չէր նրա սցենարում։