Ամիսներ առաջ Հայաստանում սկսվեցին «Փիփլ Օֆ Ար» փրոդաքշն ընկերության պրոդյուսեր Արման Նշանյանի նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները, որտեղ իր մասնակցությունը ունեցավ իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, որը հայ հեռուստադիտողներից շատերին հայտնի է «La casa de papel» սերիալի 3-րդ եթերաշրջանի լուսագրերում հայտնվելուց հետո։
Այսօր արդեն կարելի է շատերի կողմից սիրված դերասանին հանդիպել Երևանյան սրճարաններից մեկում, ինչպես դա արեցինք մենք։
Դերասանի երկրպագուներին ուրախացրեց նաև այն, որ Հովիկը հրաշալի խոսում է հայերեն, ինչպես նշում է նա․
«Հայրս հայ է, իսկ մայրս` իսպանուհի: Երբ երեք տարեկան էի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքս արտագաղթեց Իսպանիա: Շատ հպարտ եմ, որ հայ և իսպանացի եմ: Մայրս էլ նպաստում էր, որ հայկական մթնոլորտը մեր տանը լինի, շատ համեղ տոլմա է պատրաստում: Վստահ եմ, որ այն փաստը, որ այսօր նկարահանվում եմ հայկական ֆիլմում, շատ կուրախացներ հորս և նա կհպարտանար»:
Անդրադառնալով իր հայտնի «Թղթե տան/La casa de papel» խաղընկերներին՝ դերասանն ասաց, որ հրաշալի նկարահանման օրեր են ունեցել.
«Մեծ ընտանիք ենք, ամիսներ շարունակ միասին էինք, նույնիսկ երբ խնդիրներ էին լինում, հեշտությամբ հարթվում էին: Շատ լավ մարդիկ էին, հպարտ եմ, որ այդ թիմի անդամ եմ, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Թղթե տունը» այսօր աշխարհում մեծ ճանաչում և հաջողություն ունի»:
Հովիկը մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց Հայաստանում նկարահանված նոր ֆիլմի մասին: Ըստ դերասանի՝ այստեղ ժամանակի սղություն ուներ, քանի որ պետք է նաև հասցներ հայերենը կատարելագործել.
«Հիմքում հայրենադարձների պատմությունն է, ովքեր եկել էին հայրենիք՝ հավատալով Ստալինի կոչին: Ֆիլմը հույսի մասին է, թե ինչպես են մարդիկ օգնում միմյանց՝ դիմակայելու և դժվարությունները հաղթահարելու հարցում: Սա առաջին անգամն է, որ հայերի հետ էի աշխատում, ամեն ինչ շատ լավ է ընթացել: Իսկապես բոլորն աշխատում էին մեծ եռանդով և ներդնում էին իրենց հոգին, որ ֆիլմը հաջողություն ունենա: Ի դեպ, Հայաստանը հրաշալի վայր է, որտեղ կարող են ֆիլմեր նկարահանել, պետք է աշխատել այդ ուղղությամբ»:
Հավելենք նաև, որ Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ. -ին: Հայ-ամերիկյան համատեղ աշխատանք է: Ֆիլմի ռեժիսորն է Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մայքլ Գուրջյանը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն է և կերտում է գլխավոր կերպարներից մեկին։ Նշենք նաև որ Մայքլ Գուրջյանը «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակակիր է: Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, գործադիր պրոդյուսերն է Վարդան Բարսումյանը։ Ֆիլմը իրականացվել է պրոդյուսերներ Պատրիկ Մալխասյանի, Վարդան Բարսումյանի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Ազգային Կինոկենտրոնի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են նաև ճանաչված դերասաններ Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և այլք: