Logo

«Ռասամանջարի».  հայ-հնդկական  մշակութային «ծաղկունք»՝ Երևանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:14 / 18.03.2022Համերգ
Ռասամանջարի

Դարերի պատմություն ունեցող հայկական և հնդկական յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում՝ գալա համերգով։ Մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարին», որը թարգմանաբար նշանակում է «ծաղկունք», խորհրդանշում է գարնան զարթոնքը:  

Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-ամյակին ( #AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether)։

Երեկոյի հատուկ հյուրն արմատներով հայ տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, որը հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, իսկ այժմ բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ սիտար երաժշտական գործիքին: Երեկոյի ընթացքում սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի հնդկական և հայկական մեղեդիներ: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է դեռևս երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգի միջոցով:

Երկու ժամ տևողությամբ «Ռասամանջարի» գալա համերգի ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունները:  Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանան բլուլահար Ավագ Մարգարյանը,  կհնչեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ», «Ծիրանի ծառ» հայ  ազգային երգի ու պարի համույթները:

Գարնան սիմվոլն իր մեջ կրող հայ-հնդկական գալա համերգը կկայանա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: