Logo

Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
12:03 / 30.12.2022Արվեստանոց
Բացառիկ
Ռուբեն Մուրադյան-բալետի մենապարող

VNews Culture-ի այսօրվա զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող, բալետային թատերախմբի ղեկավար Ռուբեն Մուրադյանը:

Ռուբենը ՀՀ վաստակավոր արտիստ է, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր: 2007 թվականին Բրազիլիայի Ջոինվիլ քաղաքի մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, 2008 թվականին Յուրի Գրիգարովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի: Հյուրախաղերի է մեկնել Մոսկվայի «Մեծ թատրոնի» հետ ԱՄՆ և հանդես եկել «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տասնյակ երկրներում: Համագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլու անվան պետական ակադեմիական թատրոնի հետ։

Ռուբեն, այս չորս ամսվա ընթացքում, ինչ ես հարցազրույցների շարք եմ սկսել բալետի արտիստների հետ, ստացել եմ տասնյակ նամակներ, թե ե՞րբ եմ հարցազրույց ունենալու քեզ հետ:

-Ամաչում եմ, բայց հոգու խորքում շատ հաճելի է, որ կան մարդիկ, որոնց համար ինչ-որ բան եմ նշանակում, մարդիկ որոնք գնահատում են իմ աշխատանքը, արվեստը: Ո՞նց կարող է արտիստը դրանից լավ չզգալ, մենք երեխաներ ենք, ուշադրություն ենք սիրում:

Ռուբեն Մուրադյան

Դու հայկական ժամանակակից բալետի ամենահայտնի արտիստն ես:

-Վայ, ես այդպես չէի ասի, չեմ ուզում համեստ թվալ, բայց արվեստում լավագույն կամ վատագույն չկա:

Խոսքն ամենահայտնի ու ճանաչված արտիստ լինելու մասին է:

-Դե չգիտեմ, միգուցե, ես նման վիճակագրություն ամեն դեպքում չունեմ (Ծիծաղում է - Հեղ․):

Ես կարող եմ մի պատմություն պատմել: Դեկտեմբերի սկզբին դու պետք է Սպարտակ պարեիր, բայց ներկայացումից առաջ հայտարարվեց, որ վնասվածք ես ստացել ու քեզ այլ արտիստ է փոխարինելու: Գիտես, դահլիճում լսվեց շատերի բացականչությունը, որ «վաաայ, բա մենք եկել էինք Ռուբենի համար»:

-Ինձ անգամ ասացին, որ ներկայացումից առաջ հարյուրից ավելի տոմս hետ է վերադարձվել․ շատերը չգիտես որտեղից իմացել էին, որ վնասվածք եմ ստացել: Դե մեր մասնագիտությունն էլ նման է կյանքին, չգիտես՝ վաղը ինչ կլինի: Շատ տարօրինակ, միստիկ վնասվածք ստացա: Բժիշկներ, սոնոգրաֆիաներ, ամեն ինչի դիմեցի, որ շուտ վերականգնվեմ, որովհետև մեր երիտասարդ արտիստներից Րաֆֆիին ու Անահիտին պետք է ուղարկեինք Աստանա «Սպարտակ» պարելու․ մեծ իրադարձություն էր:  Ամեն ինչ անում էինք, որ մեր երեխեքը գնային պարելու: Հետևաբար, ես իմ վրա վերցրի մի քանի ներկայացում, բայց վնասվածք ստացա: Անգամ ցավազրկողով եկա փորձերի, բայց ցավը կար, ու չկարողացա պարել: 

Ռուբեն Մուրադյան-2

Քեզ համար հաճելի՞ էր փաստը, որ մարդիկ տոմսեր էին հետ վերադարձրել, կամ որ շատերը խորը հոգոց հանեցին դահլիճում:

-Ոչ մի արտիստ չի ցանկանում այդքան պատրաստվելուց հետո վնասվածք ստանալ ու չպարել: Հիասթափությունս մեծ էր, կոտրվել էի: Բայց դե մյուս կողմից էլ, չես կարող դուրս գալ հանդիսատեսին պատմել, թե ի՞նչ է եղել: Նա իր ժամանակն է հատկացրել ու եկել է իր արտիստին տեսնելու: Ու արտիստը չկա:

Դու մի անգամ անկեղծացել ես, որ քեզ մի հատիկ «Սնիկերս»-ով «կաշառել» են, որ ընդունվես Պարարվեստի ուսումնարան:

-Հա, եղել է նման բան (Ծիծաղում է - Հեղ․): Մտածում էի՝ «Սնիկերսը» կվերցնեմ, մի երկու անգամ կգնամ-կգամ ու էլ չեմ գնա:

Պարարվեստի ուսումնարանում էլ քեզ կարծես լուրջ չեն վերաբերվել, ժամանակավոր են ընդունել, քեզ հետ հույսեր չեն կապել ու դու, հակառակ բոլորի, որոշել ես, որ պետք է ապացուցես, որ քո հարցում սխալվում են:

-Սկզբունքային եմ: Պատանեկան տարիներին շատ ավելի ակնհայտ էր բնավորությանս այդ գիծը: Եթե ինձ ասեին՝ դու սա չես կարող անել, ես աշխարհը շուռ կտայի, կապացուցեի, որ կարող եմ անել: Սկզբունքներին զոհ գնալով կհասնեի արդյունքի զուտ ապացուցելու համար: Հիմա ինչ լավ է, որ ուշ, բայց մի քիչ խելքի եմ եկել, ու սկզբունքները երբեմն այնքան ախմախ բան են:

Ռուբեն Մուրադյան-3

Չե՞ս փոշմանել, որ սկզբում «Սնիկերսի», հետո սկզբունքների պատճառով այսօր օպերային թատրոնում ես:

-Չէ, հաճախ ընկերներիս հետ խոսում ենք, որ եթե երկրորդ անգամ ծնվեինք՝ ի՞նչ կանեինք: Ես միշտ ասում եմ՝ կուզեի հայ լինել, կուզեի, որ Արտավազդն ու Մարինեն ամուսնանային (Ռուբեն Մուրադյանի ծնողներն են - Հեղ․), ու ամեն դեպքում չորրորդ զավակն էլ ունենային, որովհետև այդ ժամանակ Արցախյան շարժումն էր, ու Արցախին զինվոր էր պետք: Կուզենայի նորից տղա ծնվել ու կուզենայի, որ 1999 թվականին, թեկուզ խաբկանքով, ինձ տանեին Պարարվեստի ուսումնարան:

Ինչո՞վ է բալետը փոխել քո կյանքը:

-Ամեն ինչով: Շատ շնորհակալ եմ հորս ու եղբայրներիս, եղբայրներս ինձանից 8-10 տարով մեծ են, ստացած դաստիարակության համար: Բայց կա «դրսի դպրոց» հասկացություն, ու դրա փոխարեն ես գնացել եմ Պարարվեստի ուսումնարան: Ես չգիտեմ, թե Չարբախի «դրսի դպրոցում» ի՞նչ ճանապարհ ու ճակատագիր կունենայի․ չնայած, վստահելով ծնողներիս ու ընտանիքիս, հաստատ անդունդը չէի գլորվի: Դասական արվեստի ուղին, բալետային աշխարհի հեքիաթն աննկարագրելի է, գայթակղիչ, անհնար է չսիրահարվելը: Բալետի շնորհիվ ամեն ինչն է փոխվել իմ կյանքում, ու գիտակցումը, որ դու այդ հեքիաթի մասնիկն ես, երազի է նման: Երբեմն մտածում եմ, որ գուցե կյանքն այնպես դասավորվեր, որ ընդհանրապես չիմանայի այս արվեստի մասին, ինչպես, ցավոք սրտի, շատ ու շատ մեր հայրենակիցները, ու ինչքան անիմաստ պետք է ապրեի:

Ռուբեն Մուրադյան-4

«Սպարտակ» բալետ


Ե՞րբ հասկացար, որ հաճույք ես ստանում բալետից, քո պարից:

-Ես շատ էմոցիոնալ մարդ եմ: Դա կփաստեն ընկերներս, գործընկերներս, ընտանիքս: Շատ եմ սիրում կերպարներ, որոնք ասելիք ունեն: Կոմս Ալբերը («Ժիզել» բալետ), Սպարտակը («Սպարտակ» բալետ), Արբենինը («Դիմակահանդես» բալետ), Ռոմեոն («Ռոմեո և Ջուլիետ» բալետ): Նույն «Գայանե»-ում Գիքոյի կերպարը, որը, ցավոք սրտի, չեմ պարել, հուսով եմ դեռևս չեմ պարել (Ծիծաղում է  - Հեղ): Ուղղակի սիրուն վարիացիա պարել՝ չէ: Ես սիրում եմ կերպարներ, որտեղ բնավորություն կա, երբ մեջը կյանք կա, հետը խոսում ես: Այդ կերպարները պարելիս հաճույք եմ ստանում:  

Մի անգամ ասել ես, որ կցանկանայիր կարիերադ ավարտել Սպարտակ պարելով:

-Սպարտակն էլ, Կոմս Ալբերն էլ շատ ճակատագրական դերեր են եղել իմ կյանքում: Բայց հիմա Կոմս Ալբերն ավելի շատ է ձգում: Նույնիսկ մտածում եմ, թե ո՞րը կուզեի: Առաջին անգամ լուրջ ներկայացման մեջ մենապարով բեմ դուրս եմ եկել հենց «Ժիզել»-ում Կոմս Ալբերի կերպարով, իսկ Սպարտակը ավելի հասուն, ավելի մեծ ձեռքբերում էր, մեծ աստիճան էր ինձ համար:

Ռուբեն Մուրադյան-5

«Սպարտակ» բալետ


Տարիների ընթացքում քո Սպարտակը փոխվե՞լ է: Կյանքի փորձը, հասունությունն ազդե՞լ է քո կերպարի մարմնավորման վրա:

-Հաս, հա, իհարկե, փոխվել է: Որովհետև բալետը մի հետաքրքիր բան ունի, որքան էլ այն երիտասարդ, էսթետիկ արվեստ է, բայց կան կերպարներ, որոնց համար դերակատարը պետք է հասունանա: Ինչպես մարդն է իր կյանքում ամեն օր փոխվում, հասունանում, նույնն էլ արտիստը՝ բեմում: Շատ կարևոր է լինել ոչ թե կատարող, այլ արտիստ: Մենք ուղղակի պարողներ չենք, ու բալետը սպորտ չէ, մենք կերպարներ ենք կերտում, իմ Սպարտակն այլ է, Րաֆֆիինը՝ այլ, Սևակինը՝ այլ: Ամեն մեկս տարբեր ենք: Եթե արտիստը մտածող է, կերպարի առումով տարիները շատ մեծ նշանակություն ունեն: Ամեն անգամ ինչ-որ նոր բան ես գտնում: «Սպարտակ»-ն այն ներկայացումներից է, որ հնարավորություն է տալիս արտիստին ընդլայնվելու, անսահման մտածելու ու երևակայելու նոր հնարավորություններ է ստեղծում: Ամեն անգամ կարող ես նոր բան անել:

Սպարտակը շատ խարակտերային կերպար է: Նա պայքարում է ազատության համար: Քեզ համար ի՞նչ է ազատությունը:

-Երբ ինքդ քեզ հետ անկեղծ ես, երբ ինքնախաբեությամբ չես զբաղվում: Ուրիշի համար չես ապրում, այլոց խորհուրդներով ու խրատներով չես շարժվում առաջ: Քո ցանկությունների ու մտքերի մեջ ազատ ես, ամենակարևորը՝ անկեղծ ու ազնիվ ես ինքդ քեզ հետ:

Ռուբեն Մուրադյան-6

«Սպարտակ» բալետ


Մարդը կարո՞ղ է լիովին ազատ լինել:

-Իմ կարծիքով այդ լիովին ազատությունը մինչև 30 տարեկանն է: Հետո գալիս են կյանքի այլ փույլերը՝ ավելի շատ պատասխանատվությամբ: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, բայց ժամանակի առումով չեմ հասցնում ավելի շատ ժամանակ հատկացնել իմ ընկերներին, ընտանիքին: Երբեմն ուղղակի երազում եմ ոտաբոբիկ քայլել խոտերի վրայով կամ պառկել բնության մեջ, ձեռքերս տարածել ու նայել երկնքին ու ոչինչ չանել, բայց դրա ժամանակը չունեմ: Կյանքն արդեն իսկ թելադրում է իր ցանկությունները, որ ես պարտավոր եմ լինել խամաճիկ նրա ձեռքում ու անել այն, ինչ ինքն է ուզում: Գուցե ցնդաբանություն հնչի իմ ասածը, բայց հանգել եմ այն եզրակացության, որ աշխարհում կա համակարգ, ու մարդկությունը դրանով է շարժվում: Ծրագրեր կան, չէ՞, ինչպե՞ս դաստիարակել երեխաներին, ինչպե՞ս պետք է սա լինի, նա լինի: Կարծես ինչ-որ հզոր համակարգ կա, որոնք ապահովում են, որ իրենց կողմից հորինված ռիթմը բնականոն աշխատի:

Սպարտակի թիկունքում կար Ֆրիգիան:

-Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան», ու շատ շնորհակալ եմ, որ ունեմ նման «Ֆրիգիա», նման թև ու թիկունք: Որքանով ես եմ կարողանում նրան լինել թև ու թիկունք՝ չգիտեմ, բայց, համենայն դեպս, ինձ չեմ խնայում ու ամեն ջանք գործադրում եմ, որ ես էլ նրա համար «Սպարտակ» լինեմ:

Սպարտակն առաջնորդ է: Դու քո բնույթով առաջնո՞րդ ես:

-Ասում են՝ հա: Եթե նորից վերադառնամ այն համակարգին, կյանքն ինչ-որ իրավիճակներում իրենը թելադրում է: Մի քիչ հասունանում ես, բայց լինում են դեպքեր, որ բնության դեմ չես կարող պայքարել: Չես կարող Դոն Քիշոտի պես թուրը վերցնել ու քամու դեմ կռվել: Դա ապուշություն կլինի: Բայց ո՞նց կարելի է քայլել փողոցում, տեսնել անարդարություն ու դրա դեմ ոչինչ չանել, լռել: Այդ լռությունից ավելի շատ եմ ըմբոստանում:

Դու թատրոնում է՞լ ես առաջնորդ:

-Երևի (Ծիծաղում է - Հեղ․):

Ռուբեն Մուրադյան-8

«Գայանե» բալետ


Ինձ հետ հարցազրույցներում բալետի բազմաթիվ արտիստներ են քեզ հիշել: Մի արտիստ քեզ շնորհակալություն էր հայտնում, որ «Գայանե»-ի պրեմիերային իր կողքին ես եղել ու ամեն հարցում աջակցել, մյուսը քո խոսքերն էր մեջբերում Սպարտակի վերաբերյալ ու ասում, որ քո խորհուրդներից հետո ուրիշ կերպ է ընկալել կերպարը և այլն:

-Իսկապե՞ս: Շատ հաճելի է, որ արտիստները նման կերպ են արտահայտվել, չգիտեի: Շնորհակալ եմ, բայց ես իմ աշխատանքն եմ անում: Դա կարծես տան հոր պես լինի, որն ունի երեխաներ: Ոչ թե իմ գործընկերներին վերաբերում եմ որպես երեխաների, այլ պատասխանատվությունն է այդպիսին: Իմ խաղընկերներից շատերը երիտասարդ են, նրանք մաքուր թուղթ են, պարարտ հող, ու պարարտ հողի մեջ ինչ գցես, դա էլ աճելու է: Անկեղծորեն, ինձ առաջնորդ չեմ համարում, ավելի շատ մտածում եմ՝ եթե կարող եմ օգնել, ամեն ինչ պետք է անեմ դրա համար, եթե մի քիչ կասկածում ես, որ քո օգնությունն օգուտ կտա, ապա պետք է հեռու մնալ ու չխանգարել:

Դու նաև բալետային թատերախմբի ղեկավարն ես: Հե՞շտ է լինել ղեկավար մի վայրում, որտեղ բոլորը անհատականություն են:

-Վայ հա, բոլորն անհատականություն են, շատ ճիշտ ես: Չէէէ, շատ բարդ է: Բայց ես շատ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ անում իմ գործը, ամեն օր հաճույքով եմ գալիս թատրոն: Յուրաքանչյուր արտիստ պուճուր երեխա է: Իր համար կարևոր է ուշադրությունը, մանրուքները, որ հանդիսատեսը ծափ տա: Սարսափելի է, երբ ներկայացման ժամանակ արտիստը մենապար է պարում, որևէ վարացիա, ու վերջում հանդիսատեսը պետք է ծափահարի, որ նա էլ գա խոնարհվի, բայց հանդիսատեսը չի ծափահարում: Դա ուղղակի ծափ չէ, դա էներգիայի փոխանակում է: Չէ՞ որ այդ մեկուկես րոպեանոց մենապարում նա մեծ կյանք է դրել: Ընդամենը պետք է փոխադարձ էներգիա տալ քո ծափողջույններով: Այդ ծափահարելու մշակույթը, ցավոք, մեզ մոտ դեռ չկա:

Ռուբեն Մուրադյան-9

«Գայանե» բալետ


Դու քո հանդիսատեսից գո՞հ ես:

-Ինչ ասել է իմ հանդիսատես:

Նա, ով գալիս է հատուկ քեզ համար, քո պարը դիտելու, քեզ ծափահարելու:

-Գոհ եմ, որ տարիներ շարունակ գալիս են թատրոն: Դա շատ մեծ բան է: Նրանք ամենակարևոր բանն են քեզ տրամադրում՝ ժամանակը, ու նրա ժամանակը դու ես լրացնում: Դա ինձ շատ է ոգևորում ու ջերմացնում, այն, որ այդ մարդն անընդհատ ցանկություն ունի գալու, տեսնելու: Այսինքն, ես կարողանում եմ նրան գոհացնել, դրական լիցքեր փոխանցել: Ոչ միայն գոհացնում է, այլև ոգևորում: Դա  մոտիվացիա է, որ շարունակես մնալ բեմում: Շնորհակալ եմ հանդիսատեսից:

Ռուբեն Մուրադյան-11

«Գայանե» բալետ


Երբևէ մտածե՞լ ես, որ դահլիճում նստած հանդիսատեսի կապը դասական երաժշտության հետ դու ես ու դու ես նրա դեսպանը բալետի աշխարհում:

-Վայ, ոնց չէ, ու շատ հաճախ, հատկապես նոր սերնդի արտիստների հետ խոսում ենք այն մասին, թե որքան մեծ պատասխանատվություն է, որովհետև քեզ գալիս է տեսնելու ամենապատասխանատու հանդիսատեսը: Հատկապես, երբ խոսքը մանկական ներկայացումների մասին է: Փոքրիկների մեջ շատերը կլինեն, որ կսիրահարվեն արվեստին, ու դու կդառնաս կամուրջ, կկապես կատարելության հասնող արվեստին: Ու այդ երեխան քո շնորհիվ կդառնա հետևորդ, գուցե դառնա բալետի հանճարեղ արտիստ, գուցե գնա բալետի, հետո թողնի գնա նկարչության, գուցե ուղղակի դառնա որակյալ հանդիսատես, կարևոր չէ: Բայց դու կդառնաս այդ, քո ասած, դեսպանը:

Ռուբեն Մուրադյան-12

«Ռոմեո և Ջուլիետ» բալետ


Ինչո՞ւ համաձայնվեցիր Ռոմեո պարել:

-Նախ վարպետի՝ Օլեգ Վինոգրադովի ցանկությունն էր, հենց այս սենյակում, հենց այս բազմոցին նստած: Ի դեպ, այս բազմոցը լեգենդար է, բոլորը համոզում են, որ նրանից հրաժարվեմ, բայց ես ասում եմ՝ ձեռքով չկպնեք, որովհետև այս բազմոցին այնպիսի մեծություններ են եղել՝ Յուրի Գրիգարովիչ, Մաքսիմ Մարտիրոսյան, Վիլեն Գալստյան, Հովհաննես Դիվանյան, Օլեգ Վինոգրադով: Շատ ենք զրուցել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մասին, դեռևս, երբ նախնական բանակցություններն էին գնում, ու վարպետն ասաց, որ ուզում է ինձ տեսնել բեմում Ռոմեոյի կերպարում: Հետո, որ ճիշտն ասեմ, ո՞նց կարելի է Պրոկոֆիև չսիրել ու նրա երաժշտության տակ չցանկանալ պարել: Ֆանտաստիկ, աննկարագրելի երաժշտություն է, որ մարդ մի փոքր երևակայությունից լավ լինի, աչքերը փակի ու երևակայությանը զոռ տա, Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը կարող է իր խմբագրմամբ տեսնել:

Դու ավելի շատ Ռոմեո՞ ես, թե՞ Արբենին:

Դրանց մեջտեղում եմ (Ծիծաղում եմ - Հեղ.): Արբենինի պես հասուն չեմ, բայց Ռոմեո էլ չեմ, որովհետև վաղուց 13 տարեկանից դուրս եմ եկել: Բայց բեմում երկուսին էլ մարմնավորում եմ (Ծիծաղում է - Հեղ․):

Ռուբեն Մուրադյան-13

Արբենին՝ «Դիմակահանդես» բալետ


Քանի որ դու հիշեցիր լեգենդար Յուրի Գրիգարովիչին, չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ ես հիշում նրա հետ աշխատանքից:

-Խստապահանջ փոքրամարմին պապիկ, որ 2009 թվականին ոչ միայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը խառնեց իրար, այլ ամբողջ Երևանը: Հիշում եմ՝ մի անգամ փորձերի ժամանակ շատ համը հանեցի, ասաց՝ «Խելոք մնա, ես անգամ ձեր նախագահի բջջային հեռախոսահամարը ունեմ»: Այնպիսի մասշտաբի մարդու հետ գործ ունեինք, որը որ երկիր գնար, ոտքը ոնց խփեր՝ այդպես կլիներ: Գրիգարովիչից շատ բան եմ սովորել: Մի շրջան կա, որ թվում է՝ կյանքում ամեն ինչ այնքան հեշտ է տրվում, հատկապես, որ մի երկու բան էլ մոտդ լավ է ստացվում, մտածում ես՝ ծովը ծնկներիցդ է: Գրիգարովիչից ու Մաքսիմ Մարտիրոսյանից սովորեցի, որ դա այդքան էլ այդպես չէ: Սովորեցի, որ պետք է բնավորությանը սանձել ու հետևել պոռթկումներին: Դե դա էլ է բնորոշ տարիքին: Մասնագիտական հսկայական շտեմարան եմ վերցրել: Վերջին շրջանում հաճախ կարիք է  լինում թատրոնում ինչ-որ փոքր բաներ բեմադրելու, հաճախ Գրիգարովիչին եմ հիշում, թե ինչքան կարևոր է ամեն մի երաժշտական տակտը, ճշգրիտ մասնագիտական քայլը, որ երաժշտությունը, մարմինն ու խորեոգրաֆիան պետք է ձուլվեն, դառնան մեկ ամբողջություն:

Ռուբեն Մուրադյան-14

«Գայանե» բալետ


Դու բալետային թատերախմբի հետ «Գայանե» ես պարել՝ Արմենի դերապարը, թե՛ «Մեծ թատրոնում», թե՛ Մարիինյան թատրոնում: Ի՞նչ զգացողություն է, երբ աշխարհի լավագույն բեմերում քո երկրի ազգային բալետն ես ներկայացնում:

-Նույն պատասխանատվությունը, որ ունենում ես Երևանում՝ ուղղակի տասնապատիկ շատ: Դու մի բեմում ես, որը պատմություն է, նույնիսկ շատ արտիստներ չեն հասցրել երազել պարել այդ բեմում, իսկ դու այնտեղ ես:

Ու դու էլ ես արդեն պատմության մաս:

-Այդ պահին դա տասներորդական է, հավատա: Ավելի կարևոր է պատասխանատվությունը, որովհետև քեզ վստահվում է ներկայացնելու Արամ Խաչատրյանի, Մինաս Ավետիսյանի, Վիլեն Գալստյանի ստեղծած արվեստը: Նորից դառնում ես նրանց դեսպանը, կամուրջը: Ու ինչ տեսակ հանդիսատես՝ քմահաճ, քննադատ, ողնուծուծով իմացող քո մասնագիտությունը, որ այնքան մոտ է կանգնած քո արվեստին: Այնտեղ դու չես կարող սայթաքել, մի սանտիմետր այս կողմ կամ այն կողմ անել: Բայց կա նաև այլ զգացողություն, երբ դու քո թատերախմբի հետ չես, դու մենակ ես օտարազգի թատերախմբում, ու քո վարքից, քո կենցաղից բռնած մինչև պար հետևում են, թե դու ի՞նչ տեսակ ես:

Ռուբեն Մուրադյան-15

«Գայանե» բալետ


Դու նկատի ունես Վրաստանում․․․

-Չէ, ոչ միայն Վրաստանում, նաև «Մեծ թատրոն»-ում ու հատկապես, երբ «Մեծ թատրոն»-ի կազմով որպես հրավիրյալ արտիստ ԱՄՆ հյուրախաղերի մեկնեցինք «Սպարտակ» պարելու: Ու այդ ժամանակ արդեն դառնում ես Հայաստանի դեսպանը:

Իսկ Վրաստանում հե՞շտ էր:

-Այդ շրջանում Երևանում թատրոնի ռիթմն այլ էր: Ամսվա մեջ երեք ներկայացում կար, իսկ դու գնում ես թատրոն, որտեղ խաղացանկում ոչ թե հինգ-վեց, այլ հիսուն ներկայացում կա: Բարդ էր ռեժիմին ինտեգրվելու առումով: Պետք է շատ արագ սովորեի լիքը ներկայացումներ, որոնց ընդհանրապես ծանոթ չէի:

Կարողացա՞ր տակից դուրս գալ:

-Կարող եմ հանգիստ գլուխ գովալ, որ այո: Վրաստանում բախտ վիճակվեց Իրժի Կիլիանի «Փոքրիկ մահը» ներկայացումը պարել: Շատ արագ խաղացանկին սովորեցի ու անգամ հասցրեցի նրանց հետ հյուրախաղերի գնալ:

Ռուբեն Մուրադյան-16

Քեզ տեսնո՞ւմ ես ժամանակակից բալետում:

-Դասական բալետը հեշտ չի տրվում ու հեշտ չէ մատուցելը: Ժամանակակից բալետում հնարավորությունները մեծ են, մոտեցումն այլ է: Ոչ թե պարտադիր ծրագիր ես ներկայացնում, այլ այն, ինչի հնարավորությունն այդ պահին ունես: Ժամանակակից բալետին երբեք լուրջ չէի մոտենում, մինչև իմ կյանքում ստեղծվեց հնարավորություն պարել Կիլիան, որը ֆանտաստիկ խորեոգրաֆ է, տարօրինակ երևույթ, ինչպե՞ս է տեսնում, մտածում: Կատարյալ լսողություն ունի, ինչ էսթետ է, որքան խորն է: Սկզբում անլուրջ էի նայում դրան, բայց դե պրեմիերա էր, պետք է պարեի: Սկզբում շատ բարդընկալելի երաժշտություն էր ու անծանոթ լեզու: Չէի հարմարվում, բայց չորրորդ օրն արդեն անհամբեր սպասում էի, թե ե՞րբ էի գնալու փորձին: Ու ներկայացումից հետո մի ցանկություն կար՝ ե՞րբ եմ նորից պարելու: Հետո ասում էի՝ էլ ի՞նչ կա պարելու ժամանակակից խաղացանկից: Վաղուց չեմ պարել ժամանակակից բալետում, բայց կուզենայի պարել, ու հուսամ, որ մոտ ապագայում կստացվի: Ծրագրերը շա~տ-շատ են:

Օպերային թատրոնում ժամանակակից ներկայացումները քիչ են:

-Հուսանք, որ ապագայում կլինի: Խոսում էինք, որ տարիներ առաջ խաղացանկը քիչ էր, հիմա կարող եմ հանգիստ գլուխ գովել, որ ներկայիս մեր վիճակն աննկարագրելի լավ է: Դա ակնհայտ է, թե՛ թատրոնի ղեկավարության, մասնավորապես մաեստրո Կարեն Դուրգարյանի արած աշխատանքը, թե՛ թատերախմբի մեծ ծավալի աշխատանքը: Բալետի արտիստները ռիթմին կարողացան շուտ ինտեգրվել, ու մենք կարողացանք արդյունքների հասնել: Եթե առաջ ինձ ասեին, որ բալետային թատերախմբում պետք է ամսվա կտրվածքով ունենանք 20 ներկայացում, կասեի՝ գժվե՞լ եք, դա անհնար է:  Իսկ մենք դեկտեմբերին 20-ից ավելի ներկայացում ունենք: Սա շատ մեծ ձեռքբերում է: Մեր ժամանակակից բալետի խաղացանկն էլ կավելանա: Չնայած արդեն ունենք «Ձգողականություն» ժամանակակից բալետը:

Ռուբեն Մուրադյան-18

Մեր հարցազրույցի սկզբում ես ասացի, որ դու ժամանակակից ամենահայտնի բալետային արտիստն ես Հայաստանում: Ի՞նչ ես կարծում, այդ հայտնիությանը քո հեռուստատեսային նախագծերը նպաստե՞լ են:

-Անպայման, դա չգրված բան է, էկրանը շատ է օգնում ճանաչելիությանը:  

Ինչո՞ւ գնացիր նաև այդ ուղղությամբ:

-Անկեղծորեն ինձ հետաքրքիր էր: Խոսում էինք բալետից, կերպարի խորությունից, հեռուստատեսությունում էլ շատ հետաքրքիր է: Շատ հաճախ իմ դերասան ընկերների հետ զրույցներում նրանց հոգիների հետ խաղում եմ, ասում եմ՝ դե դուք դերասան եք, դուրս եք գալիս բեմ ու ասում դերը, հանդիսատեսը լսում ու հասկանում է՝ ինչի մասին է խոսքը: Բայց, այ, դու դուրս արի բեմ ու երաժշտության տակ մարմնով ու պարով ասա, որ քո զորքը թողեց գնաց, որ դու դուրս ես եկել քո ստրուկների կազմով Հռոմեական մեծ կայսրության արնախում, ագահ Կրասոսի դեմ ու ուզում ես հանուն արդարության ու ազատության նրա դեմ պայքարել՝ հազարավորների դեմ հարյուրներով: Դու գիտես, որ գնում ես մեռնելու հանուն գաղափարի: Դուրս արի բեմ ու այդքանն ասա առանց խոսքի: Բեմում դու ես, քո մարմինն ու երաժշտությունը: Տեսա՞ք, որ դուք դերասան եք, իսկ ես՝ արտիստ (Ծիծաղում է - Հեղ․):  Իհարկե, կատակը՝ կատակ, բայց հեռուստատեսության աշխարհը միշտ գրավիչ է եղել: Նախ, շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվել, աշխատել, շատ բան սովորել: Նոր աշխարհ է, ու էլի արվեստի մեջ ես: Սկզբնական շրջանում անհաջող դեպքեր էլ եղան, բայց մեծամասամբ կարող եմ ասել, որ հաջողել եմ, որովհետև հաջող ռեժիսորների, հաջող կազմի մոտ էի ընկնում: Հետո հասկացա, որ ամեն ինչին պետք չէ ասել «այո»: Սկզբնական շրջանում շատ անփորձ էի: Ինձ հետաքրքիր էին տեսախցիկները, նկարահանվելու ընթացքը: Նկարահանման ընթացքում էլ այնքան նրբություններ կան, որոնք բերել եմ իմ մասնագիտություն:

Օրինա՞կ:

-Բալետը չափազանցություն է սիրում, գրիմից սկսած մինչև դեմքի արտահայտությունը: Դա հասկանալի է, խորություն կա, հեռավորությունը հանդիսատեսից մեծ է, ամեն ինչը պետք է ընդգծվի, որ ամենավերջին շարքում նստած հանդիսատեսն էլ տեսնի: Իսկ ֆիլմերում, երբ չափազանցված բաներ ես անում, տեսախցիկը միանգամից ֆիքսում է: Սկսում ես դետալների վրա աշխատել: Նկարահանման հրապարակից, որ գալիս էի թատրոն ու պետք է պարեի Արմեն, Սպարտակ կամ Դոն Քիշոտ՝ սկսում էի մտածել այս շարժումը, որ այսպես արեցի, գուցե այսպե՞ս անեմ: Ինչպե՞ս է, որ դերասանն իր տեքստն է կրկնում, ես էլ կուլիսներում, մինչ բեմ դուրս գալը, կրկնում էի իմ շարժումները: Մտքում խոսում էի հանդիսատեսի հետ:

Բալետում երբեմն մտածում եմ, որ կուզեի ինձ նոր դերում փորձել, օրինակ՝ Կրասոսի: Իմ ֆիզիանոմիան գուցե ուրիշ է, ավելի լիրիկական, բայց կուզեի  բացասական կերպար փորձել: Գիքո պարել «Գայանե» բալետում, որովհետև հանուն սիրո մասին է․ այդ տղան ամեն ինչի գնում է, անգամ փախցնում Գայանեին:  

Ռուբեն Մուրադյան-19

«Գայանե» բալետ


Ի՞նչ երազանքներ ունես, ինչի՞ մասին ես երազում:

-Երկու պարուհիներ կային՝ Ալեսանդրա Ֆելինի ու Սիլվի Գիլեմ ՝ երազում էի նրանց հետ պարել, բայց տարիքային տարբերությունը շատ մեծ էր: Միշտ մտածում էի՝  կհասցնե՞մ մի բան անել, նրանց հետ պարել, բայց անհնար էր: Եթե անգամ ես սուպեր պարող էլ դառնայի, որ նրանք համաձայնվեին, որ ես նրանց կողքին կանգնեի, միևնույն է՝ տարիքային տարբերությունը հսկայական էր: Մասնագիտական առումով կուզեմ շատ ներկայացումներ լինեն թատրոնում, խաղացանկը շատանա, այն, ինչ մենք չենք ունեցել, ներկայիս սերունդն ունենա: Կուզեմ, որ վերաբերմունքը հանդիսատեսի կողմից դասական արվեստի հանդեպ փոխվի, ազգովի սթափվենք: Շատ կուզեմ, որ վերաիմաստավորվենք ու կրթվենք, կրթվենք:  

Իսկ անձնական կյանքում ի՞նչ երազանք ունես:

-Անձնական կյանքում մեկ երազանք ունեմ՝ սեփական կղզի ունենալ, «Ֆրիգիայիս», երեխաներիս հետ ապրեմ, բերք աճեցնեմ, չմտածեմ ոչ մի բանի մասին, ժամանակի խնդիր չունենամ: Այդպես ինձ համար երջանիկ ապրեմ իմ կղզում:

Ռուբեն Մուրադյան-20

Ռուբեն Մուրադյան-21

Ռուբեն Մուրադյան-22

Ռուբեն Մուրադյան-23

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեցին Աննա Շաշիկյանը և Ագնեսա Կիրակոսյանը

Կարող եք կարդալ նաև՝ 

Նարե Մարկոսյան․ «Պարեցի Մաշայի «պա-դե-դեն» ու ետնաբեմում քրոջս ասացի, որ այս ամենն իր համար եմ անում»

Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ

Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի

Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը

Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ

Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»

Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ

Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ

Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել

Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել