Logo

Այսօր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակի  օրն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 23.06.2022Ռեժիսորներ
Ռուբեն Գևորգյանց

Այսօր կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հիշատակի օրն է:

«Վավերագրող, պոետ ու հրաշալի կազմակերպիչ ռեժիսորն իր կյանքն անմնացորդ նվիրեց հայ կինոյին՝ ստեղծելով տասնյակ տաղանդավոր ֆիլմեր, երկար տարիներ ղեկավարելով «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումը և փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան։ 2005 թվականից նաև Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահն էր։ Իր ստեղծարար որակներով ու կազմակերպչական վարպետությամբ Ռուբեն Գևորգյանցը նշանակալի ավանդ ունեցավ հայ կինոյի զարգացման գործում՝ նվաճելով ազգային կինոյի վաստակաշատ գործիչներից մեկի համբավը»,- գրում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: 

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։

Մահացել է 2017 թվականի հունիսի 23-ին։