Logo

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 13.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Salem witch2 - Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Սալեմի վհուկների դատավարությունը պատմության ամենահայտնի էջերից մեկն է: Դատավարությունը, որի մասին արդեն դարեր շարունակ խոսվում է, տեղի է ունեցել 1692-93թթ.-ին՝ ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում: Ավելի քան 200 մարդ մեղադրվել է կախարդությամբ՝ սատանայական մոգությամբ, զբաղվելու մեջ, որոնցից 20-ը մահապատժի են ենթարկվել՝ կախաղան բարձրացվել, մեկը՝ մահացու քարկոծվել և մոտ 200-ը՝ բանտարկվել:

Սալեմի վհուկների պայքարը

Մի քանի դար առաջ շատ քրիստոնյաներ և այլ կրոններ դավանող բազմաթիվ մարդիկ միանգամայն հավատացած էին՝ Սատանան կարող է ինչ-որ մարդկանց՝ վհուկներին, իրեն հավատարիմ լինելու փոխարեն հնարավորություն տալ վնասել մարդկանց: 1300-ականներից 1600-ականները «կախարդության խելահեղ ալիք» սկսվեց Եվրոպայում: Հազարավոր մարդիկ՝ հիմնականում կանայք, պիտակավորվեցին որպես վհուկներ ու տարբեր աստիճանի պատիժներ կրեցին՝ մինչև անգամ մահապատժի ենթարկվեցին:

1689թ.-ին Անգլիան պատերազմ սկսեց Ամերիկայում բնակվող Ֆրանսիացիների հետ: «Արքայազն Ուիլիամի պատերազմն ընդդեմ գաղութատերերի» անունով հայտնի պատերազմը տարածվեց Նյու Յորքում, Քվեբեքում՝ գաղթականներին ուղարկելով Էսեքսի տարածք՝ հատկապես Մասաչուսեթսի Սալեմ գյուղ:

Այստեղ էլ կյանքը նրանց համար խաղաղ չէր՝ թշնամություն սկսեց Սալեմի հարուստ, ազդեցիկ բնակիչների և գյուղատնտեսության վրա հույսը դնող կողմերի միջև: Տարաձայնություններ ծագեցին նաև, երբ 1689թ.ին Սեմյուել Փերիսը դարձավ Սալեմ գյուղի առաջին ղեկավարը. նրան ատում էին իր խիստ դիրքորոշման ու ագահ բնույթի համար: Պուրիտանները՝ մաքրակրոն գյուղացիները, հավատացած էին, որ դա Սատանայի ձեռքի գործն է: 

1692թ.-ի հունվարին Փերիսի աղջիկը՝ 9-ամյա Էլիզաբեթը, և նրա զարմուհին՝ 11-ամյա Աբիգայիլ Ուիլյամսը, սկսեցին իրենց տարօրինակ պահել: Աղջիկները բղավում էին, իրերը նետում, տարօրինակ ձայներ արձակում ու շարժումներ անում, թաքնվում կահույքի հետևում: Նրանք բողոքում էին նաև, որ թվում է՝ ինչ-որ մեկը ծակում է նրանց քորոցով և դանակով, իսկ երբ Փերրիսը փորձում էր Աստվածաշունչ կարդալ, աղջիկները փակում էին ականջները: Շատ այլ աղջիկներ սկսեցին նույնն անել ու ասել, որոնցից մեկն էր նաև 11-ամյա Էն Փութնամը: Բժիշկ Ուիլյամ Գրիգսը, չկարողանալով հիվանդության պատճառը գտնել, որոշում է, որ հիվանդության պատճառը վհուկներն են:

Այս երեք աաղջիկները որպես մեղավոր մատնացույց են անում 3 կնոջ՝ անվանելով նրանց վհուկներ՝ Տիտուբան, որը Փերիսի սևամորթ ստրուկն էր, Սառա Գուդը՝ անտուն մուրացկան, և Սառա Օսբորնը՝ աղքատ մի կին:

p2h26mu3za6ftkrkao7o4zsmpq 960x764 - Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Վհուկների որսը 

Այս երեք կանանց ձերբակալեցին և 1692թ.-ի մարտի 1-ից օրեր շարունակ հարցաքննեցին՝ փորձելով ինչ-որ ապացույց գտնել նրանց դեմ: Երկու Սառաները չէին խոստովանում, որ մեղավոր են, սակայն Տիտուբան խոստովանել էր՝ ասելով, որ Սատանան եկել էր իր մոտ ու առաջարկել ծառայել իրեն: Նա նկարագրեց, որ Սատանան սև շներ, կարմիր կատուներ, դեղին թռչուններ ուներ և ուզում էր, որ Տիտուբան ստորագրի իր գրքում: Նա խոստովանեց նաև, որ ինքը ստորագրել է այդ գրքում ու որ դեռ մի քանի այլ վհուկներ էլ կային, որոնք ուզում էին ոչնչացնել մաքրակրոններին:

Սա հիմք դարձնելով՝ հաջորդ ամիսներին սկսեցին ավելի շատ կանանց ձերբակալել, որոնց թվում էր նաև Սառա Գուդի 4-ամյա դուստրը, Ռեբեկա Նյորսը, Ռեյչըլ Քլինթոնը և Սալեմի գյուղական եկեղեցու անդամ Մարթա Քորին: Վերջինս՝ չհավատալով, որ ամեն ինչ լուրջ է, այդ ամենին որպես կատակ էր վերաբերվում՝ այդպիսով ավելի շատ ուշադրություն գրավելով: Մարդիկ կարծում էին, եթե վհուկների թվում կա նաև նա, ապա ցանկացած մեկը կարող է լինել նրանց շարքերում: Իսկ Սառա Գուդի 4-ամյա դուստրը՝ Դորոթին, հարցաքննության ժամանակ շփոթվել էր ու ասել այնպիսի բաներ, որոնք չէին համապատասխանում իրականությանը և որոնք հետագայում օգտագործվել են հենց իր մոր դեմ: Մորը մոտ լինելու համար աղջիկը նույնիսկ վերջում խոստովանել է, որ ինքն էլ վհուկ է և բանտարկվել է:

1692թ.-ի մայիսին նահանգապետ Ուիլյամ Ֆիփսի հրամանով ստեղծվեց այդ գործերով զբաղվող հատուկ «դատարան», որի ղեկավարն էր Ուիլյամ Սթաութոնը: Վերջինս նույնիսկ իրավաբանական կրթություն չի ունեցել: Կանանց դեմ փաստերից մեկը եղել է այն, որ նրանք երկար ժամանակ չեն այցելել եկեղեցի: Կանայք չունեին պաշտպաններ, այդ իսկ պատճառով հանրությունը ընդունել է նրանց մեղավոր լինելու վարկածը:

189424 131 F7749CCF - Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Սալեմի վհուկների դատավարությունը

Առաջինը դատարանի առջև կանգնել է մի տարեց կին՝ Բրիջիթ Բիշոփը, որը հայտնի էր շշուկներ տարածելու իր հակումով: Հունիսի 10-ին նա դարձավ առաջին կինը, որին կախաղան բարձրացրին վհուկ լինելու մեղադրանքով:

Դեպքից 5 օր անց նախարար Քոթոն Մաթերը նամակ գրեց հատուկ դատարանին՝ թույլ չտալով, որ երազներն ու տեսիլքները որպես փաստ օգտագործեն կանանց դեմ: Դատարանն անտեսեց հորդորն ու ևս 5 հոգու մահապատժի ենթարկեց՝ հուլիսին 3 կանանց ու աղջիկների հետ կախաղան են բարձրացվել նաև Ռեբեկա Նյորսը և Սառա Գուդը: Վերջինս մահվանից առաջ դիմել է դատավարության մեջ ներգրավված հոգևորական Նիկոլաս Նոյեսին՝ ասելով. «Դու ստախոս ես: Ես այնքանով եմ վհուկ, ինչքանով, որ դու կախարդ ես: Զրկի՛ր ինձ կյանքից, և Աստված կպատի քեզ արյունով»:

Օգոստոսին մահապատժի են ենթարկվել ևս 5 կին, սեպտեմբերին՝ 8: Հոկտեմբերի 3-ին՝ հոր՝ Քոթոն Մաթերի քայլին հետևելով, նրա որդին՝ այն ժամանակ Հարվարդի ղեկավար Ինքրիզ Մաթերը, հայտարարեց, որ նման սպեկտրային ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ դատավարության համար: Նա նշում էր. «Ավելի լավ է 10 կասկածյալ վհուկ բաց թողնվի, քան մեկ անմեղ մարդ մահապատժի ենթարկվի»: 

Bridget Bishop Salem 83931673XC 56aa22b85f9b58b7d000f8c8 - Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Նահանգապետ Ուիլյամ Ֆիփսը Մաթերսների պահանջով ու իր կնոջ՝ կասկածյալների ցանկում լինելու պատճառով, դադարեցրեց հետագա ձերբակալումները՝ շատ կասկածյալ վհուկների ազատելով: Նա փոխեց դատավարման կանոններն այնպիսի փաստեր ու պահանջներ ներկայացնելով, որոնց արդյունքում 56 մեղադրյալից մեղավոր ճանաչվեցին միայն 3-ը: Ֆիփսը մինչև 1693թ.-ի մայիսն աստիճանաբար ներում շնորհեց այն բոլոր մարդկանց, որոնք ձերբակալվել էին վհուկ լինելու մեղադրանքով: Սակայն վնասն արդեն հասցված էր՝ 19 հոգի կախաղան էր բարձրացվել, մի 71-ամյա ծերուկ քարկոծվել էր՝ արդյունքում մահանալով, մի քանի մարդ մահացել էր բանտում և մոտ 200 կին կեղծ մեղադրանքի պատճառով վարկաբեկվել էր:

Հետագայում դատավարության մեջ ներգրավվածներից մի քանիսն ընդունել են, որ տուժածներն անմեղ են եղել: 1992 թ.-ին Սալեմում հուշարձան է կանգնեցվել՝ բոլոր այն զոհերի հիշատակին, որոնք տուժել էին վհուկների որսի ժամանակ, իսկ 2001 թ.-ին Մասաչուսեթսի նահանգապետ Ջեյն Սվիֆթը հաստատել է մեղադրյալների անմեղությունը: 

Սալեմի վհուկների դատավարության դեպքերի մասին բազմաթիվ վարկածներ են պտտվել ու պտտվում, որոնցից և ոչ մեկը հաստատված չէ: Դեպքերը կարող էին լինել երեխաների մանկական վրեժխնդրության, կամ թունավորման, կամ տեղացիների հիվանդ մտածելակերպի ու վառ երևակայության արդյունքը: Հոդվածներ են գրվել, որոնք պնդում էին՝ երեխաները թունավորվել էին չորահացի մեջ եղած թունավոր սնկերից և արդյունքում տեսիլքներ են ունեցել: Մեկ այլ վարկածի համաձայն նրանք հիվանդացել են էնցեֆալիտի հատուկ ձևով՝ լեթարգիական էնցեֆալիտով, որի ախտանշանները նման են Սալեմում աղջիկների հետ կատարված երևույթների հետ: Որոշ պատմաբաններ էլ պնդում են, որ աղջիկները տառապել են Հանթինգթոնի հիվանդությամբ:

Այնուամենայնիվ, գտնել, թե ի՞նչն է եղել պատմության այս էջի դրդապատճառը՝ չենք կարող: Բայց մի բան հաստատ է՝ Սալեմի վհուկների դատավարության մասին գրվել են ու կշարունակեն գրվել, նկարահանվել բազմաթիվ գրքեր ու ֆիլմեր, որոնք հավանաբար երբեք էլ չեն գուշակի, թե ինչ է իսկապես եղել Սալեմում: 

Witch Trial.0.0 960x540 - Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Հավատալ-չհավատալ ամբողջ շարքը՝ այստեղ

Կարդացեք նաև՝