Logo

Սարյանի «հակաթանգարանային» շարքը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.03.2021Արվեստանոց
Բացառիկ
.jpg - Սարյանի «հակաթանգարանային» շարքը

«Հեքիաթներ և երազներ» շարքում Սարյանը մերժել է ավանդական, «թանգարանային» կոլորիտը։ Սակայն նրան խորթ էր նաև գունալուսային անցողիկ տպավորությունների, առարկաների արտաքինի վրա թրթռացող ելևէջների իմպրեսիոնիստական ֆիքսումը։ Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։ Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։ Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ և երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։ Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։

Մարտիրոս Սարյանի «Հեքիաթներ և երազներ» շարքի մասին զրուցել ենք Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի հետ:

IMGP4472 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4412 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքը

«Շատ յուրահատուկ շարք է և լիովին արտահայտում է երիտասարդ նկարչի որոնումների սկզբնական շրջանը: Ապագա վարպետը սովորել էր Մոսկվայի ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, որն ակադեմիական դպրոց էր, և ինքն էլ ավարտելով այդ դպրոցը՝ նշում էր, որ բոլոր ուսանողներն իրար նման էին նկարում, մինչդեռ հենց  այդ շրջանում ողջ աշխարհում նկարչական արվեստի լեզուն փոխվում էր: Սա համաշխարային և շատ բնական երևույթ էր, որի սկիզբը դրել էին ֆրանսիական իմպերսիոնիզմը և համաեվրոպական մոդեռն ու սիմվոլիզմը. դրանք ուղղություններն էին, որ եկել էին բոլորովին վերափոխելու գեղանկարչական լեզուն», –  մեզ հետ զրույցում նշեց Սոֆյա Սարյանը:

«Այսինքն, այն ինչ պատկերում էր ակադեմիական գեղանկարչությունը, ինչ-որ առարկայական աշխարհ էր, ավելի մոտիկ ռեալությանը, իսկ այստեղ՝ Սարյանի այս շարքում, մեկ այլ աշխարհ է, երևակայական, հեքիաթի ու երազի աշխարհ, նկարիչն ազատ պատկերել էր իր հույզներն ու ընկալումները: Այս նոր ոճը առարկաների  մասին չէր, այլ՝ հույզերի, երազների ու մտքերի: Այդ շրջանում գեղանկարչությունը ձգտում էր ազատվել  իր անատոմիկ ձևաչափից, առարկայի նկարագրական արտաքինից: Այս շարքը դրա վառ օրինակ է, այն պատկերում է մի աշխարհ, որ ստեղծել է նկարչի երևակայությունը, այստեղ հետաքրքիր ու նոր գծեր, գույներ, ձևեր են միաձուլվում»:

Տիկին Սոֆյան նշում է, որ այդ ազատությունը երիտասարդ Սարյանին տվեցել էին իր ուսուցիչները՝ Վալենտին Սերովը, Կոնստանտին Կորովինը, որովհետև իրենք էլ կրում էին վերոնշյալ համաեվորապական փոփոխությունների ազդեցությունը, և իրենք էլ զգում էին, որ հասունացել է ինչ-որ բան փոխելու ժամանակը: Այդ պատճառով էլ երիտասարդ ու տաղանդավոր նկարչին ոգեշնչում էին ազատ լինել և ազատություն փնտրել գեղանկարչության մեջ:

«Շատ կարևոր էր նաև վարպետի՝ Հայաստան կատարած այցն այդ շրջանում, – նշում է Սոֆյա Սարյանը: Հյուսիսից գալով Հայաստան՝ նա հանկարծ, ինչպես ինքն էր ասում, վերգտնում է մանկության երազների աշխարհը, մանկություն, որն անցկացրել էր Սամբեկ գետի ափին՝ Սարիևյան ագարակում՝ լայնարձակ ու սիրուն մերձազովյան տափաստանում: Սարյանն այն շրջանում, երբ իր մեջ ինքնագիտակցությունն էր ձևավորվում, ապրում էր բնության մեջ, ամեն օր տեսնում էր բնության փոփոխությունները, հասունացող հասկը, արևը, երկինքը, գետը, և ինքն իրեն ճանաչում ու բացահայտում էր բնության հետ ձուլված, բնության մեջ: Վարպետը բազմիցս ասել է, որ հենց այդ ժամանակ է իր մեջ արթնացել նկարիչը, ու հենց այդ աշխարհը վարպետություն ձեռք բերելուց հետո սկսեց պատկերել»:

«Հեիքաթներ և երազներ» շարքում տեսնում ենք բնության՝ նոր զգացողությամբ պատկերներով, մարդկային հետաքրքիր ֆիգուրներով և գազելներով ստեղծված իսկական հեքիաթ: Տիկին Սոֆյան վստահ է, որ այն լեգենդներն ու հեքիաթները, որ նկարչին մայրն էր պատմել, մեծ հետք են թողել այս շարքի ձևավորման վրա: Օդը, քամին, լճակը, գազելները, թռչունները, մարդիկ այնքան պարզ ձևով են կերտված, որ ակամա հիշեցնում են ժայռապատկերներ, այս ամենի մեջ այնքան պոեզիա կա, որ անհնար է չզգալ ու չվերապրել:

«Սարյանի այս գործերը այնքան հայտնի չեն եղել, շարքն ամբողջապես ցուցադրվել է միայն 1907 թվականին Մոսկվայում՝ «Երկնագույն վարդ» ցուցահանդեսին: Այս ցուցադրությունը ներկայացնում էր սիմվոլիզմ ուղղությունը, որն այդ շրջանում բավական քննադատվում էր ակադեմիական դպրոցի կողմից: Անշուշտ, ընկալման խնդիր կար. ամեն նորը դժվար էր ընդունվում, բացի դա, արվեստից սովետական տարիներին պահանջն այլ էր, և այն գործերը, որ իրենց մեջ սիմվոլիզմ էին պարունակում, լուրջ չէին ընկալվում, համարվում էին երիտասարդական մոլորություններ: 1960-ականներին Սարյանը իր մոտ պահպանված ջրաներկերը նվիրել էր իր թոռներին, ցանկանալով ի պահ տալ իր ժառանգներին, մինչև  գա այդ գործերի ժամանակը»:

Եվ արդեն 1980-ականներից սկսած, թանգարանի այն ժամանակի տնօրինությունը՝ Շահեն Խաչատրյանի գլխավորությամբ,  շատ կարևորեց այդ շրջանը և սկսեց ձեռք բերել այն Կատարինե և Ռուբեն Սարյաններից՝ նկարչի թոռներից: Շարքը հավաքվեց, և 1995-ին կազմակերպվեց ցուցադրություն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ընդհանուր «Երազներ և հեքիաթներ» խորագրով: «Այս շարքն իր փիլիսոփայական ու երևակայական աշխարհի էսթետիկայով կապվեց Սարյանի վերջին տարիների գործերից մի քանիսի հետ: Ուշ շրջանից երեք գործ կա. «Լեռնային բնանկար»-ը, «Երկիր»-ը և վերջինը ՝ «Հեքիաթ»-ը: Ահա այս գործերը և «Հեքիաթներ ու երազներ» շարքը միասին ցուցադրվեցին Մոսկվայում», պատմեց Սոֆյա Սարյանը:

2003 թվականին Անտիբի Պիկասոյի թանգարանում (Շատո Գրիմալդի) ևս ցուցադրվեց այս շարքը՝ բավականին մեծ արձագանք ստանալով:

Այն հարցին, թե կա՞ն գույներ, որ Սարյանին շատ են բնորոշ, տիկին Սոֆյան պատասխանեց. «Դեղինի և կապույտի համադրում կգտնեք Սարյանի գրեթե բոլոր գործերում, և որ ամենաէականն է՝ գույներն իրենց մաքուր հնչողությամբ, իրենց մաքրությամբ, անխառն ձևով: Ակադեմիական դպրոցում հաճախ էին գույները խառնում նորը ստանալու համար: Բայց այն նշանակությունը, որ Սարյանը տվեց գույնին, բացառիկ էր այդ տարիների համար: Գույնն իրենով արդեն կոմպոզիցիա էր Սարյանի մոտ: Գույնն իսկական ու ամբողջական արտահայտչամիջոց ու կառուցողական լեզու էր Սարյանի գեղանկարչության մեջ»:

«Հեքիաթներ ու երազներ» շարքի ամենառոմանտիկ ու սիրառատ նկարը թերևս «Սեր: Հեքիաթն» է, որի մասին տիկին Սոֆյայի հետ նույնպես զրուցեցինք.

tumblr n7xpaoi7PZ1rhtdm6o1 640 - Սարյանի «հակաթանգարանային» շարքը
Համբույր

«Սարյանի «Սեր: Հեքիաթ» նկարը, որ միացնում է իրար սիրող երկու անձերի, և նրանց միաձուլմամբ ասես ամբողջ աշխարհն է ձուլվում իրար: Գիծը կարևոր արտահայտչամիջոց է այստեղ: Համբույրի գիծը միացնում է օդն ու ծովը հորիզոնում, ջուրն ու ցամաքը, սիրահար զույգի մազերի գիծը կրկնվում և զարգանում է նրանց շրջապատող ծառերի ճյուղերի և տերևների մեջ. բոլորը մեկ ամբողջություն են, բոլորը համակված են սիրով և ներդաշնակությամբ»:

Շատ է խոսվում այն մասին, որ այս նկաում երկու կին են պատկերված: Տիկին Սոֆյան ևս շատ է լսել այս կարծիքը. «Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այս երկու ֆիգուրները իրարից շատ են տարբերվում, տարբեր ուրվագիծ, տարբեր գունային բնութագիր ունեն: Օրինակ, եթե պարսկական գեղարվեստն ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդպիսի երիտասարդներ շատ կային՝ երկարամազ ու կրունկ ունեցող մակուպ կոշիկներով: Աջ ֆիգուրում կանացի գծերն ու էությունն ընդգծված են, նրան հառնում է գազելը, որ ավելի է նրբացնում այդ կերպարը, իսկ ահա ձախ ֆիգուրը բավական առնական է: Մանավանդ, եթե ուշադիր նայենք նկարում պատկերված թռչունին, որ գտնվում է ոսկե վանդակի մեջ, կարող ենք հիշել հեքիաթներից հայտնի հազարան բլբուլին, որը սիրո խորհրդանիշ էր և եթե գտնվեր այդ թռչունը, եթե տղան գտներ ու այն բերեր աղջկան, ապա աշխարհը կլցվեր ներդաշնակությամբ ու սիով, չար ուժերը կպարտվեին, սերն ու միաբանությունը կհաղթեր: Հենց ասես այդ պահն է պատկերված այստեղ. Տղան բերել ու աղջկան է տվել հազարան բլբուլը»:

Գեղարվեստը, հատկապես մեծ նկարիչների ստեղծած կտավները մի ամբողջական աշխարհ են՝ բարդ ու բազմաշերտ ենթատեքստերով: Սարյանական այս շարքն էլ դրա վառ վկայությունն է. նուրբ, պարզ, բանաստեղծական և միևնույն ժամանակ անսահման խորը ու բազմաբովանդակ:

 

«Հեքիաթներ և երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարք՝

«Լուսնկա գիշեր»՝ 1904, «Հեքիաթ։ Արարատի ստորոտում»՝ 1904, «Ծաղկած սարեր»՝ 1905, «Փերիների լիճը»՝ 1905, «Լուսնի կախարդանքը»՝ 1906, «Սեր: Հեքիաթ»՝ 1906, «Հովազներ»՝ 1907, «Գիսաստղ»՝ 1907, «Հովազը և կանայք»՝ 1908, «Տապ։ Վազող շուն»՝ 1909։

IMGP4398 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4405 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4407 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4425 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4427 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4453 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4454 960x1444 - Սարյանի «հակաթանգարանային» շարքըIMGP4461 960x638 - Սարյանի «հակաթանգարանային» շարքը