Logo

Սեր են խոստովանում գրողները…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Սեր են խոստովանում գրողները...

Սիրո խոստովանությունը միշտ հուզական ու զգացմունքային երևույթ է, երբեմն չափազանց բարդ է լինում այնպիսի բառեր գտնել, որոնք կդիպչեն անմիջապես սիրելիի սրտին: Ովքե՜ր կարող են այս գործից ավելի լավ գլուխ հանել, քան գրողները…

«Գրողի արած» խոստովանություններ

Էռնեստ Հեմինգուեյ

Մառլեն Դիտրիխին

Գրողն ու դերասանուհին հանդիպել են 1934թ.-ին նավի վրա: Այդ ճակատագրական հանդիպման պահին Հեմինգուեյն ամուսնացած էր, Մառլենի կյանքում ևս տղամարդ կար: Նրանց սերն ընթացել է  բազում զգացմունքային նամակներով, ջերմ հեռախոսազրույցներով, պատահական հանդիպումներով: Ժամանակի ընթացքում նրանց սերը վերաճել ու վերածվել էր իսկական մտերմության, և ահա Էռնեստի խնդրանքով Մառելնն օգնում է գրողին նվաճել Մերի Ուելշի սիրտը, արդյունքում Հեմինգուեյն ու Մերին ամուսնանում են: 1961թ.-ին Էռնեստը ինքնասպանություն է գործում, ինչը մեծ հարված էր Մառլենի համար:

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Ես չեմ կարողանում խոսքերով արտահայտել այն, որ ամեն անգամ Ձեզ գրկելիս, ես ինձ տանն էի զգում»:

կարդա՝

Էռնեստ Հեմինգուեյի մեծ և նուրբ սերը. Մառլեն Դիտրիխ

Շառլոթ Բրոնտե

Կոնստանտին Էժեին

1842 թվականին ապագա վիպասան և բանաստեղծուհի Շառլոթը մեկնում է Բրյուսել, ընդունվում բելգիական պանսիոն, հույս ունենալով տիրապետել ֆրանսերենին: Շառլոթն աղքատ ընտանիքից էր և ուսման վարձը վճարելու հնարավորություն չուներ, փոխարենը անգլերեն էր սովորեցնում պանսիոնի ուսանողուհիներին: Պանսիոնում ուսումնական մասը ղեկավարում էր Կոնստանտին Էժեն՝ պանսիոնի տիրուհու ամուսինը, նա խելացի և զարգացած մարդ էր և անմիջապես նկատեց Շառլոթի գրական պոտենցիալն ու լավ ապագա կանխագուշակեց նրա համար: Շուտով Շառլոթը սիրահարվեց մսյո Էժեին՝ ամուսնացած մարդու։ Դա վեհ սեր էր, նման բարեկամության։ Մադամ Էժեն՝ իմանալով դրա մասին մեծ աղմուկ բարձրացրեց և պահանջեց, որ Շառլոթը հեռանա: Այդ ողբերգական սերը իր արտացոլումն է գտել «Ջեյն Էյր »վեպում, նույնիսկ Ռոչեսթրի արտաքինը՝ քառակուսի, խոշոր ճակատը, շուրթերի և ծնոտի կոպիտ գծագրությունը մի փոքր հիշեցնում են Էժեին։

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Օրեցօր ես նամակի եմ սպասում, և օրեցօր չիրականացված հույսերն ինձ վերադարձնում են անտանելի տառապանքների: Երբ ձեր ձեռագիրն ուսումնասիրելու և ձեր խորհուրդները կարդալու քաղցր հիացմունքը լքում է ինձ, ինչպես դատարկ տեսիլք՝ ես ընկնում եմ տենդի մեջ, ես չեմ կարողանում ոչ ուտել, ոչ քնել, ես ցամաքում եմ»:

Վիկտոր Հյուգո

Ադել Ֆուշեին

Ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, գրող Վիկտոր Հյուգոյի սիրած աղջկա անունը Ադել Ֆուշե էր: Վիկտորի եղբայրը՝ Էժենը նույնպես սիրահարված էր նույն աղջկան, ինչի հողի վրա էլ հետագայում խելագարվեց: Մոր մահից հետո Վիկտոր Հյուգոն ամուսնացավ Ադելի հետ, ամուսնության 10 տարիների ընթացքում նա հինգ զավակ ծնեց գրողի համար, սակայն նրանց ընտանեկան երջանկությունը երկար չտևեց: Հյուգոյի կյանքի կինը Ջուլիետ Դրուեն էր, որին գրողը հանդիպեց 30 տարեկանում:

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Մի քանի բառ քեզնից, իմ սիրելի Ադել, կրկին փոխեցին իմ տրամադրությունը: Այո՛, դու կարող ես անել ինձ հետ՝ ինչ ցանկանաս: Եվ վաղը ես անպայման կմեռնեմ, եթե քո հրաշալի ձայնն ու  շուրթերիդ նուրբ հպումներն իմ մեջ կյանք չներշնչեն»:

Մարինա Ցվետաևա

Կոնստանտին Ռադզևիչին

20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը՝ Մարինա Ցվետաևան մեծ էր Կոնստանտինից 3 տարով: Ավելին Կոնստանտին Ռադզևիչը Մարինայի ամուսնու՝ Սերգեյ Էֆրոնի մտերիմ ընկերն էր: Սերգեյը տեղյակ էր կնոջ և ընկերոջ սիրավեպի մասին: Այդ սիրավեպը կարճատև էր, փոխարենը՝ բուռն, կրքոտ և ոգեշնչող:

коллаж 960x672 - Սեր են խոստովանում գրողները...

«Սիրում եմ ձեր աչքերը…Սիրում եմ Ձեր ձեռքերը՝ բարակ ու մի քիչ սառը ձեռքերը: Ձեր անհանգստության հանկարծակիությունը, ձեր ծիծաղի անկանխատեսելիությունը: Օ՜, որքան խորն-իրական եք դուք: Որքան պարզ՝ Ձեր ողջ բարդությամբ: Խաղացող, ով ինձ մարդկայնություն է սովորեցնում: մենք երկուսս էլ գուցե մարդ չենք եղել մինչ մեր հանդիպումը: Ես Ձեզ ասացի՝ հոգի կա, դուք ինձ ասացիք՝ կյանք կա»:

Ալեքսանդր Պուշկին

Նատալյա Գոնչերովային

Պուշկինը ծանոթացել է Նատալյայի հետ 1828թ.-ին մոսկովյան պարահանդեսներից մեկի ժամանակ: 1832թ.-ի փետրվարի 18-ին Ալեքսանդրն ու քաղաքի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Նատալյա Գոնչերովան ամուսնացել են: Նրանց սերը երկուսի համար էլ վերջինն էր: Պուշկինը կնոջը «Մադոննա» էր անվանում և մի շարք բանաստեղծություններ նվիրում, հենց այդ պատճառով է ընդունված համարել, որ Նատալյայի հետ հանդիպումը մեծ դեր է խաղացել Պուշկինի գրական գործունեության մեջ:

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Որքան երկար եմ ես մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունը չի կարող լինել ձեզնից առանձին. ես ստեղծված եմ այն բանի համար, որ սիրեմ և հետևեմ ձեզ, մնացյալ բոլոր իմ հոգսերը մոլորություն և խելագարություն են: Ձեզնից հեռու ինձ հետապնդում է ափսոսանքն այն երջանկության մասին, որը չեմ հասցրել վայելել»:

Ջոն Քիթս

Ֆաննի Բրաունին

Անգլալեզու պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկի՝ Ջոն Քիթսի կյանքի մեծագույն սերը Ֆաննի Բրաունն էր, ում հետ նա նշանված էր: Ֆաննին թեթևամիտ աղջկա համբավ ուներ և նրանց սերը հաճախ վերածվում էր բուռն խանդի տեսարանների: Փաստերը վկայում են, որ երբ 25 տարեկան հասակում Ջոնը թոքախտից մահանում է, ֆաննին 10 տարի սուգ է պահում և հետո միայն ամուսնանում:

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Անգամ քո մասին չմտածելով ես զգում եմ քո ներկայությունն ու նրբության ալիքը պատում է ինձ: Բոլոր իմ մտքերը, բոլոր իմ անուրախ օրերն ու անքուն գիշերները չբուժեցին ինձ Գեղեցիկի հանդեպ սիրուց: Հակառակը՝ այդ սերն այնքան ուժգին է դարձել, որ ես հուսահատվել եմ, որ դու կողքիս չես և ստիպված եմ ձանձրալի համբերությամբ անցկացնել գոյությունս, որը չի կարելի անվանել կյանք»:

Օնորե դը Բալզակ

Էվելինա Հանսկայային

Բալզակի և Էվելինայի սերը սկսվել է նամակագրությունից, որը տևել է 16 տարի: Բանն այն է, որ այդ տարիներին Էվելինան ամուսնացած էր Օդեսայում: Այս նամակագրական կապի ամբողջ ընթացքում Բալզակը պարբերաբար սիրահարվում էր ուրիշ կանանց, հետո կրկին վերադառնում Էվելինային, արդյունքում՝ 1850թ.-ին Հանսկայայի ամուսինը մահանում է և նրանք վերջապես ամուսնանում են: Երիտասարդության խրախճանքներից և բազմաթիվ սիրավեպերից հոգնած Բալզակն իսկապես երջանիկ էր, սակայն, ցավոք, այդ երջանկությունը երկարատև չէր. ամուսնությունից 5 ամիս անց Բալզակը ծանր հիվանդացավ:

.jpg - Սեր են խոստովանում գրողները...

«Այսօր ես ունակ եմ միայն ասել, որ չափազանց ուժգին եմ Ձեզ սիրում՝ հանգիստ լինելու համար: Օգոստոսից և սեպտեմբերից հետո ես զգում եմ, որ կարող եմ ապրել միայն Ձեր կողքին: Ձեր բացակայությունը մահ է ինձ համար»: