Logo

Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 09.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Saint John the Baptist Church 18th century Shushi Artsakh Republic 1024x683 1 - Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին

Արցախի պատմաճարտարապետական արգելոցում՝ Շուշիում է գտնվում Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (եկեղեցու գմբեթները ժամանակին ներկված են եղել կանաչ, որի պատճառով էլ ստացել է Կանաչ անվանումը)։

Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն, քաղաքի հյուսիսային հատվածում։ Այդ մասին վկայում են շինարարական արձանագրությունները։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները։

Ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ այն տեսանելի է քաղաքի բոլոր հատվածներից։

Սրբավայրը ճարտարապետական նորարարություն է.

Այն ունի արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագիծ, արևելյան ճակատն էլ կցված է մատուռի արևմտյան կողմին: Կանաչ Ժամն աչքի է ընկնում նաև իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝  նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝

«Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ի թիվս մյուս եկեղեցիների, Կանաչ Ժամ եկեղեցու գործունեությունը նույնպես դադարեցվում է։ Եկեղեցու շրջանում գտնվող առողջարաններն ու հանգստյան տները ադրբեջանցիների կողմից վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, ինչի պատճառով այն խիստ տուժել էր. բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի գոգատակի պատը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։

Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին:

2015թ. հուլիսի 4-ին տեղի է ունեցել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։

Ծիսակատարություններից բացի Կանաչ Ժամում հոգևորականները կազմակերպում են հավատացյալների հետ հանդիպումներ, հոգևոր ֆիլմերի դիտումներ: Համայնքի հոգևոր հովիվը և տեղի երիտասարդաց միության անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են խոնարհված եկեղեցիներ, կատարում մաքրման աշխատանքներ և աղոթքի հսկումներ։

 

Հիշեցնենք, որ 2020 թ. Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ռմբակոծության հետևանքով տուժել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որը քաղաքի պաշտամունքային կոթողներից մեկն է։