Logo

Ստի՛ր ինձ. ինչո՞ւ են խաբեբաների մասին ֆիլմերն ու սերիալներն այդքան տարածված

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:00 / 15.03.2022Կինո
Խաբեբաների մասին ֆիլմ

2022-ի սկիզբը կհիշվի խոշոր սթրիմինգներով և, որ ավելի կարևոր է, շատ սիմպտոմատիկ հրապարակումներով: HBO-ն թողարկեց «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակությունը՝ ամրապնդելով իր հաջողությունն անցյալի մեկ այլ հսկայական նախագծի շարունակությամբ՝ Հարի Փոթերի դերասանական կազմով վավերագրական ֆիլմով: Զուգահեռաբար, կինոարդյունաբերության հեգեմոնը՝ Netflix-ը, հիմնվեց խաբեբաների մասին պատմությունների վրա: Ինչո՞ւ է հարթակն ընտրել այս ուղղությունը:

 

 

Առաջին «խարդախ» թողարկումը եղավ «The Tinder Swindler» վավերագրական ֆիլմն իսրայելցի Շիմոն Հայութի մասին, որն առավել հայտնի է Սիմոն Լևիև անունով։ Երեսնամյա խաբեբան մասնավոր ինքնաթիռով թռչում էր աշխարհով մեկ, հանգրվանում հայտնի հյուրանոցներում, վարձում լավագույն մեքենաները և կանանց հաշվին հագնում Gucci և Dolce & Gabbana: Շիմոնը լեգենդ ուներ. նա ներկայանում էր «ադամանդի արքա» Լև Լևիևի որդի՝ որպես ապացույց ներկայացնելով մոնտաժված համատեղ լուսանկարներ և կեղծ փաստաթղթեր։ Հայութի սխեմայի մասին վավերագրական ֆիլմը պատմում են տուժած երեք կանայք, որոնց շնորհիվ պատմությունը սկզբում հայտնվեց նորվեգական VG թերթում, այնուհետև Netflix-ով տարածվեց ամբողջ աշխարհում։

Հետո թողարկվեց Շոնդա Ռայմսի («Բրիջերթոնի» ստեղծողը) «Ձեռք բերելով Աննային» գեղարվեստական ​​սերիալը: Սյուժեն հիմնված է Աննա Սորոկինայի՝ ռուսական արմատներով գերմանացի խարդախի վրա: 2013-ին նա տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ արագ հայտնվում է աշխարհիկ և ազդեցիկ մարդկանց շրջապատում՝ ձևանալով միլիարդատեր ժառանգորդ Աննա Դելվի։ Նրա սխեման բացահայտվում է չորս տարի անց։ 2017-ին Սորոկինան ձերբակալվում է, իսկ երկու տարի անց դատապարտվում ազատազրկման, ինչպես և սպասվում էր, «4-ից 12 տարի» ժամկետով: Նա, սակայն, շատ ավելի շուտ է դուրս գալիս բանտից՝ մեկ տարի անց։ «Ձեռք բերելով Աննային» ֆիլմում Ջուլիա Գարները փայլուն կերպով մարմնավորում է խաբեբային։ Սերիալը շատ արագ դարձավ Netflix-ի հերթական հիթը:

Ինչո՞ւ են մեզ այդքան դուր գալիս խաբեբաների մասին պատմությունները: Նման սյուժեներն ինքնին գրավիչ են, երբեմն դրանք ֆանտաստիկ են թվում. այդ ինչպե՞ս եղավ, որ Լևիևն ու Սորոկինան խաբեցին մարդկանց միլիոնավոր դոլարների դիմաց: Նրանք, այդուհանդերձ, իրական են։ Սովորաբար, խաբեբաների կերպարները շատ մանրամասն են նկարագրվում ֆիլմերում կամ սերիալներում. մենք բառացիորեն ամեն ինչ իմանում ենք նրանց մասին, և նրանց կենսագրության մեջ այնպիսի շրջադարձեր են լինում, որոնցից հետո մենք չենք կարողանում չկարեկցել: Վերջապես, խաբեբաների մասին ֆիլմերն ու սերիալները մի տեսակ ուրույն փորձ են: Խաբեությունն ու խարդախությունը մնում են անօրինական և դժվար թե երբևէ նորմալ ընկալվեն, ինչն, իհարկե, ամենևին չի խանգարում հետաքրքրությամբ հետրել խարդախություններին՝ փորձելով այս կամ այն ​​դերը: