Logo

Տարօրինակ ֆոբիաներ, որոնցով տառապում են իրական մարդիկ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 27.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
min - Տարօրինակ ֆոբիաներ, որոնցով տառապում են իրական մարդիկ

Ինչի՞ց են, սովորաբար, վախենում մարդիկ. բարձրությունի՞ց, մթությունի՞ց, գուցե անդրշիրմյան կյանքի՞ց: Այո՛, սակայն վերոնշյալ, քիչ թե շատ, հիմնավորված ֆոբիաներից զատ, կան այնպիսիք, որոնց հիմքերն, իսկապես, բարդ է գտնել: Երբևէ մտածե՞լ եք, որ մարդիկ կարող են վախենալ դեղին գույնից կամ Հռոմի պապից. պատկերացրեք՝ այդպես լինում է:

Այսօր առանձնացրել ենք ամենատաօրինակ ֆոբիաները…

Օմբրոֆոբիա

Նրանք վախենում են անձրևից: 

Այս ֆոբիայից տառապող մարդկանց համար աշունն իսկական մղձավանջ է: Նրանք վախենում են անձրևից: Օմբրոֆոբիան կարող է հանգեցնել լուրջ խուճապի: Մասնագետները կարծում են, որ անձրևից վախը կարող է առաջանալ տարբեր պատճառներից: Դրանցից մեկը կարող է լինել այն, որ մանուկ հասակում երեխային արգելել են տնից դուրս գալ, երբ դրսում անձրևել է:

Պապաֆոբիա

Նրանք վախենում են Հռոմի պապից: 

Պապաֆոբիան հազվադեպ պատահող երևույթ է, մասնագետներն այն կապում են  իերոֆոբիայի` հոգևորականների և կրոնական նշանակության առարկաների նկատմամբ վախի հետ:

Նոմոֆոբիա

Նրանք վախենում են առանց բջջային կապի մնալուց: 

Իրականում, բոլորս էլ թեթև անհանգստանում ենք, երբ ինչ-ինչ պատճառներով զրկվում ենք բջջային կապից: Սակայն, վերոնշյալ ֆոբիայով տառապող մարդիկ խուճապի են մատնվում, երբ հեռախոսն իրենց տեսադաշտում չէ:

Հիլոֆոբիա

Նրանք վախենում են ծառերից: 

Մինչդեռ մենք վայելում ենք մեր հնագիստը այգիներում և պուրակներում, կան այնպիսիք, որոնց համար դա մեծ շքեղություն է, քանի որ նրանք վախենում են ծառերից: Հիլոֆոբիան հաճախ առաջանում է այն պարագայում, երբ երեխան անտառի մասին մուլտեր կամ հեքիաթ է լսում, որտեղ ծառերը չար են: Հիլոֆոբիայով տառապող շատ մարդկանց չի հաջողվում այն հաղթահարել, և ցանկացած զբոսանք նրանց համար լուրջ փորձություն է դառնում:

Կոուլրոֆոբիա

Նրանք վախենում են ծաղրածուներից:

Ի տարբերություն վերոնշյալ բոլոր ֆոբիաների, այս մեկն առավել հաճախ է հանդիպում: Կոուլրոֆոբիայով, հիմնականում, տառապում են երեխաները, քանի որ վերջիններս հաճախ են հանդիպում սարսափելի ծաղրածուի կերպարին՝ գրքերում կամ մուլտերում:

Սոմնիֆոբիա

Նրանք վախենում են քնել: 

Ասում են՝ այս ֆոբիայով տառապել է ինքը՝ Ստալինը ու քնել է միայն խիստ հոգնածության դեպքում: Մասնագետները պնդում են, որ Սոմնիֆոբիայով տառապող մարդիկ վախենում են քնել, քանի որ քունը նույնացնում են մահվան հետ: Իրականում սոմնիֆոբիան իռացիոնալ և չափազանց ուժեղ վախ է, որը հղի է բազմաթիվ վատ հետևանքներով: Եթե ծաղրածուներից վախենալու պարագայում կարելի է ընդամենը չառնչվել նրանց հետ, ապա այս դեպքում քունը կենսական նշանակություն ունի մարդու համար և նա ստիպված է անընդհատ վերապրել իր վախը:

Տուրոֆոբիա

Նրանք վախենում են պանրից: 

Այ սա իսկական բացահայտում էր իմ՝ մոլի պանրասերի համար: Փաստորեն, պանրի հանդեպ վերաբերմունքը կարող է դուրս գալ սիրել-չսիրելու սահմաններից: Այս հազվադեպ ֆոբիայով տառապող մարդկանց մոտ, որպես կանոն, պանիրը նույնացվում է ինչ-որ տրավմատիկ հիշողության հետ:

Օմֆալոֆոբիա

Նրանք վախենում են դիպչել պորտին: 

Այո, այո, նրանք նույնպես գոյություն ունեն: Ավելին օմֆալոֆոբիայով տառապող մարդիկ նաև վախենում են, որ որևէ մեկը կարող է ձեռք տալ իրենց պորտին:

Գենուֆոբիա

Նրանք վախենում են ծնկներից: 

Շարունակելով մարմնի մասերից վախենալու թեման… Գենուֆոբիայով տառապող մարդիկ պաթոլոգիական վախ ունեն ծնկներից, նրանց երբևէ չես տեսնի կարճ շրջազգեստով կամ շորտով, իսկ երբ դիմացինն է բացում իր ծնկները նրանք տհաճության կպչուն զգացողություն են ունենում:

Մետրաֆոբիա

Նրանք վախենում են գրականությունից: 

Ավարտենք մեր շարքն այս պոետիկ նոտայի վրա: Զգուշացում. եթե ձեր երեխան հրաժարվում է կարդալ, գուցե նա ոչ թե ծույլ է, այլ ուղղակի վախենում է գրականությունից: Հուսով եմ ոչ մի դպրոցահասակ երեխա այս հոդվածը չի կարդա և չի ընդունի վերոնշյալը, որպես լայֆհաք: