Logo

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:08 / 22.04.2022Համերգ
Նարեկ Հախնազարյան

Տևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։ 

«Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին, որպես մենակատար, ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ, սակայն տևական ժամանակ Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել։ Որոշեցինք տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ ներկայանալ նոր ծրագրով, որը, վստահ ենք, դուր կգա երաժշտասեր հանդիսատեսին», - նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։ 

Համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ» («Թաիս» օպերայից), Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն»  ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։ 

2011 թվականին՝ 22 տարեկանում, երաժիշտը փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ: Նարեկը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով:

Նարեկ Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist, ընդգրկվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում՝ արժանանալով «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times) որակավորումների: 

Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակներում, հեղինակավոր համերգասրահներում։ 

Միջազգային մի շարք մրցույթների (Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ) դափնեկիր է: 2017թ.-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում: