Logo

Երջանկություն առանց տարիքի. Վենսան Կասել և Թինա Կունակի

Հեղինակ
Դինա Սամվելյան
21:00 / 11.06.2022Կինո
Վենսան Կասել-Թինա Կունակի

Առաջին հանդիպման ժամանակ Թինա Կունակին ոչինչ չգիտեր ֆրանսիացի արդեն հայտնի դերասան Վենսան Կասելի մասին։ Նա չէր դիտել նրա մասնակցությամբ ֆիլմեր, նույնիսկ չգիտեր, որ տղամարդու նախկին կինն իտալացի գեղեցկուհի Մոնիկա Բելուչին էր։ Կասելը չէր էլ կարող պատկերացնել սիրավեպ մի երիտասարդ աղջկա հետ, որն իր դստեր տարիքին էր։ Նրան միշտ դուր են եկել ավելի տարիքով կանայք, որոնք կարող են զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Սակայն Թինայի հետ հանդիպումը դերասանին ստիպեց վերանայել իր հայացքները։

Ծովափնյա սիրավեպ 

Վենսան Կասել-Թինա Կունակի 1

2015-ի ամռանն անվերջ քասթինգների և ֆոտոսեսիաների արանքում այս երկուսը հանդիպեցին Իբիցայում՝ ոչինչ չիմանալով միմյանց մասին և նույնիսկ չկասկածելով, որ ճակատագիրը երկուսի համար էլ պատրաստել է իրենց կյանքի ամենագլխապտույտ հանդիպումը։

Թինան առաջինն ուշադրություն դարձրեց Վենսանին սերֆինգի ժամանակ: Վենսանը մինչ այդ նկատել էր Թինային բարում։ Բայց նա միակը չէր, որին գրավեց գեղեցկուհու վարակիչ ծիծաղը. աղջկա շուրջը երկրպագուների մեծ բազմություն էր հավաքվել: Եվ, հուրախություն երկուսի, ամբոխի մեջ կար ընդհանուր ընկեր, որը ծանոթ էր և՛ դերասանին, և՛ մոդելին։ Ավելի ուշ Վենսան Կասելը խոստովանել է, որ այն պահին, երբ բարում նկատել է Թինային, աշխարհը կարծես դադարել է գոյություն ունենալ: Այնտեղ էր ինքը, նա ու նրա զնգացող անկեղծ ծիծաղը:

Ընդհանուր ընկերոջ միջոցով ծանոթանալուց հետո Թինան խնդրել է, որ Վենսանն իրեն սերֆինգի դասեր տա: Դերասանը, որը բավականին թերահավատորեն էր վերաբերում երիտասարդ աղջիկների հետ սիրավեպերին, անմիջապես համաձայնել է: 

Որոշ ժամանակ ալեվարելուց հետո գնացել են զբոսնելու։ Վենսանը մեծ հաճույք է ստացել աղջկա անկեղծ ժպիտներից ու, որ ամենակարևորն է, թե ինչպես էր Թինան արձագանքում Վենսանի արտաբերած յուրաքանչյուր խոսքին և նրան սևեռված հայացքից:

Հետո նրանք սկսեցին հանդիպել ամեն օր: Վենսանին չէր անհանգստացնում նրա սեթևեթանքն ու սոցիալական ակտիվ կյանքը՝ մոռանալով իրենց տարիքային տարբերությունը՝ 31 տարի: 

Արձակուրդը, սակայն, շուտով ավարտվեց, և նրանք բաժանվեցին. Վենսանը թռավ Բրազիլիա, Թինան՝ Բիարից՝ իր ծնողների մոտ: ՈՒ մի գեղեցիկ օր Վենսանը որոշեց զանգահարել Թինային՝ մտածելով, որ դա ոչինչ չի նշանակում ու չի պարտավորեցնում: 

Սա սկիզբ էր սիրավեպի՝ հեռավորության վրա 

Վենսան Կասել-Թինա Կունակի 2

Սկսվեցին զանգերն ու նամակագրությունները: Նրանք կապվեցին միմյանց հետ անհավանական ձգողականությամբ: 

Չմտածելով լուրջ հարաբերություններ սկսելու մասին՝ Վենսանն ու Թինան ամեն դեպքում որոշեցին համատեղ արձակուրդ կազմակերպել Փարիզում: Նրանք կանգ առան հյուրանոցի նույն սենյակում: 

Նույնիսկ այն ժամանակ, երբ Թինան Instagram-ում հրապարակեց իրենց առաջին համատեղ լուսանկարը, Վենսանը փիլիսոփայորեն վերաբերվեց դրան ու չկարևորեց: Իսկ Թինային այս հարաբերությունները որոշակի արտոնություններ տվեցին. միջոցառումների ժամանակ հայտնվելով Կասելի հետ՝ նրան սկսեցին նկատել գովազդային ներկայացուցիչները, հետևաբար աղջկա կարիերան վերելք ապրեց: Նա պայմանագիր կնքեց մոդելային խոշոր գործակալությունների հետ, սկսեց մասնակցել հեղինակավոր շոուների։ Յուրաքանչյուր ուղևորությունից նա մեկնում էր ոչ թե ծնողների մոտ, այլ Կասելի:

Վենսան Կասել-Թինա Կունակի 3

Հետագայում նրանք, այնուամենայնիվ, հաստատվեցին Փարիզում, որտեղ հնարավորություն ունեցան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Դերասանը կրկին սիրահարվեց աշխարհի ամենառոմանտիկ քաղաքին, քանի որ այստեղ նրան ուղեկցում էր իր սիրելին՝ նույնիսկ երկար ժամանակ չկարողանալով ինքն իրեն խոստովանել, որ խորը զգացմունքներ ունի ժպտերես Թինայի հանդեպ:

 2018 թվականի Ամանորը միասին դիմավորելուց հետո Վենսանն ամուսնության առաջարկություն արեց Թինային, որն ընդունվեց։ Աղջիկը վաղուց էր հասկացել, որ ցանկանում է ամեն առավոտ արթնանալ այս տղամարդու կողքին։ Բայց նա համբերատար սպասում էր՝ ցույց չտալով իր՝ Վենսանի կինը դառնալու կրքոտ ցանկությունը։

Վենսան Կասել-Թինա Կունակի  4

2018 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիդարտ փոքրիկ քաղաքում նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները: 2019 թվականի ապրիլին ծնվեց նրանց դուստրը՝ Ամազոնին։ Զույգը միասին է արդեն 6 տարի, որից 3-ը՝ որպես ամուսիններ: 

Դերասանը կնոջը համարում է անվախ, խելացի և առատաձեռն, սակայն երբեմն դժգոհում է նրա անզիջում լինելուց։ Թինան, ի պատասխան, հիանում է ամուսնու գեղեցկությամբ, խելքով ու հմայքով՝ չմոռանալով նշել, որ նա այնքան արագաշարժ է, որի հետևից հասնել միշտ չէ որ ստացվում է: Եվ, միևնույն ժամանակ, միմյանց ուղղված նրանց հայացքները լի են քնքշությամբ։

Վենսան Կասել-Թինա Կունակի 6