Logo

«Տունը թողնելով»՝ կտավ, որից հրաժարվել չստացվեց․ մի նկարի պատմություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:01 / 13.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Տունը թողնելով- կտավ

«Տունը թողնելով» (Breaking Home Ties, 1954)․ Նորման Ռոքուելի՝ ամերիկացիների ամենասիրած կտավներից մեկը, հետաքրքիր ճակատագիր է ունեցել։

Նկարիչը պատկերել է այն, երբ ինքն էլ զգացել է «դատարկ բույնի համախտանիշը». նրա երեխաները մեկ առ մեկ սկսել են լքել հայրական տունը, և մոտալուտ բաժանումից կարոտի այդ զգացումն է, որ նա փորձել է փոխանցել հոր պատկերով, որը պատրաստվում է որդուն նստեցնել գնացք՝ ճանապարհելով համալսարան։

Տղան իր ամենալավ կոստյումն է հագել, ճամպրուկի վրա «Նահանգների համալսարան» պիտակն է ամրացված, գրպանից երևում է տոմսը: Հոր կողքին դրոշ ու լապտեր կա. նրանք այնքան փոքր քաղաքից են, որ այնտեղ նույնիսկ կայարան չկա, և հայրը ստիպված է կանգնեցնել գնացքը, որպեսզի նստեցնի որդուն, իսկ առայժմ նրանք սպասում են՝ նստած իրենց ֆերմայի բեռնատարի աստիճանին:

2006 թվականին այս նկարը Sotheby's-ի աճուրդում վաճառվեց 15,4 միլիոն դոլարով․ այն ժամանակ դա ռեկորդային գումար էր Ռոքուելի նկարի համար։ Ոչ պակաս ռեկորդային գին է սահմանվել նաև այս նկարի հետ կապված անսովոր և բավականին հետաքրքիր պատմության պատճառով:

Роквелла

1962-ին՝ ստեղծումից ութ տարի անց, այս նկարը 900 դոլարով անձամբ Ռոքուելից գնել է նրա մտերիմ ընկեր և հարևան՝ կոմիքսների նկարիչ Դոն Թրախտը։ Այդ ժամանակվանից նկարը մնացել էր Թրախտի մոտ՝ մինչև նրա մահը։ Նա հրաժարվում էր վաճառել այն՝ ինչ գին էլ առաջարկեին. երբ յոթանասունականների կեսերին Թրախտը մերժեց 35 000 դոլարի առաջարկը, Ռոքուելը նրան գրություն ուղարկեց. «Դու խենթ ես, որ չես վաճառում այն, բայց ես գնահատում եմ քո նվիրումը»: 

2004 թվականին Թրախտը տեղափոխվեց ծերանոց, և նրա երեխաները որոշեցին թանկարժեք նկարը նվիրել թանգարանին: Բայց, երբ սկսեցին բնօրինակը համեմատել ամսագրի շապիկի հետ, որում այն առաջին անգամ տպագրվել էր, անհամապատասխանություններ նկատեցին։ Գույներն ավելի խամրած էին, տղայի դեմքն ուրիշ էր, առանձնանում էին նաև այլ մանրամասներ։

Փորձագետները տարակուսում էին, քանի որ նկարի պատմությունն անթերի էր. այն վաճառել էր անձամբ Ռոքուելը, բոլոր փաստաթղթերը սեփականատերերի ձեռքում էին, նույնիսկ անդորրագրի բնօրինակն էր պահպանվել։ Նկարն ուղարկվեց փորձաքննության՝ պարզելու՝ արդյոք արվե՞լ են դրա վրա լրացուցիչ մանիպուլյացիաներ, և ռենտգենը ոչ մի երկրորդ շերտ ցույց չտվեց։ Ի վերջո, թանգարանի աշխատակիցները համաձայնության եկան, որ նկարն, ամենայն հավանականությամբ, մաքրելու ժամանակ վնասել է ինչ-որ վատ վերականգնող։

․․․2006-ի մարտին Թրախտի կրտսեր որդին շրջում էր իր հանգուցյալ հոր տանը, որը վաճառքի էր հանվել, և գրապահարանի մոտ պատի վրա տարօրինակ բացվածք նկատեց․ կարծես պատը ծածկող պանելը մի փոքր հեռացած էր: Նա քաշեց այն դեպի իրեն, նայեց ներս ու տեսավ նկարների ուրվագծեր։ Պարզվեց, որ պատը հեշտությամբ կողք է շարժվում, և դրա հետևում կախված են ամերիկացի հայտնի նկարիչների՝ Միդ Շեֆերի, Ջորջ Հյուզի, Ջին Փելհամի ութ նկարներ, իսկ կենտրոնում՝ Նորման Ռոքուելի «Տունը թողնելով»-ը: Թրախտը, սակայն, պետք է, որ ունեցած չլիներ այդ նկարների մեծ մասը։

1973 թվականին նա բաժանվել էր կնոջից՝ Էլիզաբեթից, և ժամանակակից ամերիկացի նկարիչների ութ նկարները բաժանվել էին նրանց միջև. հինգը բաժին էր հասել Էլիզաբեթին, իսկ երեքը, այդ թվում՝ «Տունը թողնելով»-ը, Դոնին: Ավելի ճիշտ՝ այդպես էին կարծում։ Իրականում Դոն Թրախտը, ինքն էլ տաղանդավոր նկարիչ, պարզապես կրկնօրինակել էր բոլոր նկարները՝ չկարողանալով բաժանվել դրանցից։ Այնուհետեւ, ենթարկվելով դատարանի որոշմանը, պատճենները տվել էր նախկին կնոջը, իր պատճենները կախել պատերից, իսկ բնօրինակները թաքցրել թաքստոցում։

Այդ զարմանահրաշ հայտնագործությունից հետո բնօրինակն ուղարկվեց նույն վայր, ուր պատճենն էր՝ թանգարան, որտեղ դրանք որոշ ժամանակ ցուցադրվում էին միասին, իսկ հետո մի ամբողջ ցուցահանդես նվիրվեց զարմանալի գտածոյին՝ «Գաղտնիքներ՝ պատի հետևում. Դոն Թրախտի հավաքածուն»․ ցուցադրվեցին պահոցում հայտնաբերված բոլոր նկարներն իրենց պատճենների հետ միասին։