Logo

Ուրախ նոտաները վերադառնում են. կայացավ Արթուր Գրիգորյանի հանրահայտ մյուզիքլի պրեմիերան (լուսանկարներ)

Հեղինակ
Մարինե Մելիքյան
17:45 / 02.06.2022Համերգ
Բացառիկ
Արթուր Գրիգորյան

Ուրախ նոտաները վերադառնում են։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երգի պետական թատրոնը ներկայացավ գեղեցիկ պրեմիերայով:

Պրեմիերան տեղի ունեցավ երկու ներկայացմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հանրահայտ «Ուրախ նոտաներ» մանկական, ինտերակտիվ մյուզիքլով:

«Որոշեցինք, որ հենց հունիսի 1-ին պետք է վերականգնենք Արթուր Գրիգորյանի «Ուրախ նոտաներ» լեգենդար մյուզիքլը, որով էլ հենց բացվել է Երգի պետական թատրոնը՝ 1994 թվականին: Նրա մահից հետո որոշել ենք, որ պետք է շարունակենք իր գործը: Ես մենակ չեմ, իմ կողքին են Երգի պետական թատրոնի այն բոլոր երգիչ-երգչուհիները, որոնք եղել են Արթուր Գրիգորյանի սաները, աշխատել են իր հետ և հիմա պատրաստ են իրենց ստացած գիտելիքները փոխանցել նոր սերնդին», - մեզ հետ զրույցում ասաց Արթուր Գրիգորյանի դուստր և Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը: 

«Ուրախ նոտաներ» մյուզիքլը ներկայացվեց «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճում, որը, ինչպես պարզեցինք պատահական չէր.

«1990-ականներին (ավագ սերունդը երևի ավելի լավ կհիշի) Արթուր Գրիգորյանի կազմակերպած փառատոներն ու շոուները հենց այս դահլիճում էին անցկացվում: Նա շատ էր սիրում այս դահլիճը», - հավելեց Մանե Գրիգորյանը:

Երգի պետական թատրոնի նախագիծն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում՝ պրեմերիայից հետո ներկայացումը կշրջի ամբողջ Հայաստանով՝ բոլորովին անվճար, կլինի հեռավոր շրջաններում և հազարավոր երեխաների երջանկություն կպարգևի: