Logo

Վահրամ Համբարձումյան․ Շատ կուզեի «Սպարտակ» պարել, բայց Արգենտինայում դա անհնար էր

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:05 / 03.04.2023Արվեստանոց
Բացառիկ
Վահրամ Համբարձումյան

VNews Culture-ի զրուցակիցն է Արգենտինայի «Կոլոն» թատրոնի նախկին առաջատար մենակատար, բալետի արտիստ, փորձավար Վահրամ Համբարձումյանը:

Վահրամի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Վահրամ, շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ձեր բազմաթիվ հարցազրույցներում նշում եք, որ մինչև 14 տարեկանը թեպետ հաճախել եք Պարարվեստի ուսումնարան, սակայն բալետը չեք սիրել, ու հավանականությունը, որ կարող էիք դառնալ ըմբշամարտիկ, մեծ էր:

-Այո, կա նման բան: Ըմբշամարտով զբաղվել եմ մինչև ութ տարեկանը, բայց հետո ծնողներիս ցանկությամբ, չգիտեմ ինչու, հայտնվեցի Պարարվեստի ուսումնարանում: Այո, մինչև 13-14 տարեկան գնացել եմ ուսումնարան` գնալու համար․ ծնողներս էին պահանջում: Բալետի հանդեպ սերն արթնացավ, երբ մեզ դասավանդելու եկավ Սամվել Աբրահամյանը, որը բացի նրանից, որ դաս էր տալիս, նաև խոսում էր, պատմում իր անցած ճանապարհի մասին, թատրոնի, բալետի մասին էր խոսում: Այդ ժամանակ արթնացավ զգացմունքը դեպի բալետը:

Հետո՞։

-Մեր դասարանը վերջացրինք հինգ տղայով, որից երեքը միանգամից անցան թատրոն: Թատրոնում առաջին ներկայացումը չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ Պարարվեստի ուսումնարանում առաջին անգամ բեմ դուրս գալս: «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացումն էր՝ մկան դեր․ շատ մեծ դեր չէր, բայց հիշում եմ, որ առաջինն էր, ու հիշում եմ, թե ինչպես էի կուլիսներում հուզվում:

Վահրամ Համբարձումյան-1

Իսկ թատրոնում ո՞ր կերպարներն են, որ տպավորվել են:

-Ինձ համար բոլոր դերերը նույնն են, քանի որ բեմում լինելն արդեն մեծ երջանկություն է: Իսկ դերերը Երևանում՝ սև հրեշտակ «Օրփեոս», Կարեն՝ «Գայանե» բալետում: Մեր ժամանակ շատ դժվար ստացվեց, քանի որ ամեն ինչ շատ շուտ փլուզվեց: Ես 1990 թվականին ընդունվեցի թատրոն, ու քաոսն արդեն սկսվում էր: Ճիշտ է՝ բախտ եմ ունեցել աշխատելու մեր մեծերի հետ՝ Վիլեն Գալստյան, Մաքսիմ Մարտիրոսյան, Աշոտ Ասատրյան․ բայց կամաց-կամաց ամեն ինչ փլուզվեց: Ես, իհարկե, կցանկանայի ու մինչ օրս կուզեի պարել երկու ներկայացում՝ «Անտունի» բալետում և Կրասոս «Սպարտակ» բալետում, բայց Արգենտինայում դա անհնար էր:

Ինչպե՞ս որոշեցիք գնալ հենց Արգենտինա:

-Այդ տարիներին թատրոնը լավ վիճակում չէր՝ ներկայացումներ չկային, ձմռանն անհնար էր աշխատել, քանի որ չէր ջեռուցվում: Ոչ միայն կյանքի համար գնացի, այլև կարիերայի համար, որովհետև սովորել ես, ջանք ես թափել: Քսան տարեկան ես, ուզում ես դուրս գալ բեմ, բայց ներկայացումներ չկան, մոտիվացիա չկա: Արգենտինայում որևէ ծանոթ չեմ ունեցել: Ուղղակի գնում էի բախտի քմահաճույքով, բայց մտքումս արդեն որոշել էի, որ պետք է ամեն հնարավորն անեմ, որ բալետի արտիստի կարիերան շարունակեմ: Շատ տեղեկություն չունեի այստեղի թատրոններից ու Արգենտինայի բալետի մակարդակից՝ ի՞նչ են պարում, ի՞նչ ձևով են աշխատում․․․ Մեծամասամբ գալիս էի կյանքս դասավորելու, որովհետև երեխաս արդեն երկու տարեկան էր, ու ես՝ որպես ընտանիքի հայր, պետք է կարողանայի նրանց ապագան կառուցել:  Բայց երկու ամիս անց մրցույթի միջոցով ընդունվեցի Լա Պլատայի թատրոն, որը դասական ոճի բալետի երկրորդ թատրոնն է երկրում: Մեկուկես տարի անց մրցույթ հայտարարեցին «Կոլոն» թատրոնում, ու այդտեղ էլ հաջողեցի, ու մինչ օրս աշխատում եմ «Կոլոնում»:

Վահրամ Համբարձումյան-2

Երբևէ կպատկերացնեի՞ք, որ կպարեիք աշխարհի ամենահայտնի թատրոններից մեկում, որի բեմում պարել են ժամանակի ամենահայտնի լեգենդները:

-Իհարկե ոչ: Գիտեք, մարդ, երբ երազում է, միշտ երկու կողմն էլ մտածում է՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց, իհարկե, չես կարող պատկերացնել՝ ինչպե՞ս կգնա, ի՞նչ կանես, ինչպե՞ս կստացվի: «Կոլոնում» առաջին դերս եղել է Լենսկու կերպարը «Եվգենի Օնեգին» ներկայացման մեջ: Շատ հանկարծակի ստացա այդ դերը: Բեմադրիչը մտավ դահլիճ, նայեց շուրջն ու ձեռքով ինձ կանչեց, որ մոտենամ, ու ասաց, որ այդ դերը պետք է պարեմ: Ինձ արքայազն պարող արտիստ չեմ համարում, ու իմ ամբողջ կարիերայում այդպես էլ եղավ, որ հիմնականում ինձ ավեի բնորոշ կերպարներ եմ պարել: Բայց նաև բախտ ունեցա Նուրիևի «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման մեջ արքայազն պարել: Տասը օրում պետք է սովորեի, չափազանց բարդ դեր էր։ «Մարդուկ-Ջարդուկին» ընդհանրապես նման չէ: Նուրիևն այն բեմադրել է հենց իր համար, միայն ինքն է կարողանում լավ պարել ու էլի մի քանի ուժեղ պարողներ: Իմ սիրելի ներկայացումներն են «Դոն Կիխոտ», «Կառմեն»: «Ժիզել»-ում պարել եմ, բայց Հանսի դերը:

Սովորաբար բոլոր արտիստները ցանկանում են Ալբերտ պարել «Ժիզել» բալետում:

-Ինձ հետ այդպես չի պատահել (Ծիծաղում է - Հեղ․): Ես չեմ ցանկացել Ալբերտ պարել:

Մի անգամ նշել եք, որ Ձեր կյանքը նման է կինոյի:

-Այո, իմ Արգենտինա գալն ու ամբողջ կարիերան կինոյի էր նման:

Եթե այսօր հնարավորություն ունենայիք, կինոյի սյուժեում որևէ բան կփոխեի՞ք:

-Չէ, ոչինչ չէի փոխի, քանի որ այն, ինչ պետք է լիներ՝ եղել է, այն ինչ պետք է լինի՝ անպայման կլինի:

Հե՞շտ է մի երկրում, որը գրեթե ամեն ինչով տարբերվում է քո հայրենիքից, հասնել բարձունքի:

-Արգենտինան դրսից եկած մարդկանց շնորհիվ է ստեղծվել: Մեծամասամբ ժողովուրդը բնիկ չէ․ կան իսպանացիներ, իտալացիներ, հրեաներ, ուկրաինացիներ, արաբներ, հայեր: Այստեղ քեզ երբեք օտար չես զգա: Ինչ վերաբերում է բալետային պարախմբին՝ թատրոնները նույն ձևաչափով են աշխատում: Այստեղ թատրոնները սեզոնային են և ոչ թե խաղացանկային: «Կոլոնն» ունի նաև իր խաղացանկը: Սակայն չմոռանանք, որ նույն արվեստն  է՝ լինի խաղացանկային, թե սեզոնային: Բալետը բալետը է, և այդտեղ խնդիր չկա՝ Երևանո՞ւմ ես, թե՞ Բուենոս Այրեսում:

Իսկ ներսում մրցակցությո՞ւնը:

-Մրցակցություն միշտ կա, դա չի կարող չլինել: Եթե մրցակցություն չլինի, անհնար է առաջընթաց ունենալ: Ցանկացած ոլորտում մրցակցություն կա: Մարդուց է կախված՝ մրցակցությունն առողջ է, թե ոչ:

Ձեզ ի՞նչն է օգնել բալետում հասնել հաջողության:

-Առաջին հերթին աշխատանքը, ամենակարևորը աշխատասիրությունն է: Դե, իհարկե, տվյալները նույնպես, բայց ես ավելի կողմնակից եմ աշխատանքին, քանի որ շատ եմ տեսնում տվյալներով մարդկանց, որոնք ոչնչի չեն կարողանում հասնել: Եվ տեսնում եմ շատերին, որոնց տվյալները զիջում են, բայց աշխատասիրության շնորհիվ հասել են փայլուն կարիերայի: Ոչ միայն ֆիզիկական աշխատանք, այլև սովորել, զարգացնել միտքը, հասկանալ՝ որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում: Դա շատ կարևոր է:

Վահրամ Համբարձումյան-3

Երբ մենք խոսում ենք Արգենտինայի ու արգենտինական երաժշտության մասին, մեր մտքում գալիս է տանգոն:

-Այո, ես շատ եմ սիրում տանգո: Սակայն իմ պարած տանգոները ոչ թե զուտ տանգոներ են, որոնք մենք սովորաբար տեսնում ենք, այլ բեմական տանգո: Տանգոն, ինչպես և մնացած բոլոր պարերը, պետք է զգալ: Տանգո պարելը հեշտ չի տրվել, այն իր դժվարություններն ունի, նրբությունները, փայլը: Պետք է հասկանալ տանգոյի աշխարհը: Ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում բոլորը քոչարի են պարում, այնպես էլ այստեղ՝ Արգենտինայում բոլորը տանգո են պարում: Շատ զարգացած է պարի այդ տեսակը: Որպեսզի կարողանաս տանգո պարել, պետք է մտնել պարի մեջ, հասկանալ մարդկանց, զգալ նրանց էությունը, զգացմունքները:

Եթե մեկ բառով նկարագրեք Ձեր բալետային կարիերան, ի՞նչ բառ կընտրեք:

-Մեկ բառով շատ դժվար է նկարագրել իմ ամբողջ անցած ճանապարհը: Երբ քո կարիերայի ընթացքում հանդիպում ես ժամանակի մեծերին, ոլորտի ամենամեծ պարողներին ու խորեոգրաֆներին, նաև աշխատում իրենց հետ, դժվար է մեկ բառով այդ բոլոր զգացմունքները նկարագրել: Համապատասխան բառը չեմ կարողանում գտնել, ու չեմ մտածել, թե ինչպես կկարողանամ նկարագրել իմ կարիերան:

Ինչի՞ համար եք հպարտանում:

-Իմ արածներով չեմ կարող հպարտանալ:

Դա համեստությո՞ւն է, թե՞ ուղղակի չմեծամտանալու վախը:

-Երևի թե երկուսն էլ: Չէ, վախ չկա, ուղղակի երբեք չեմ մտածել, որ պետք է ինչ-որ բանով հպարտանալ: Ես հպարտ եմ, որ հայ եմ:  Հպարտ եմ, որ ծնող եմ, որ ունեմ լավ երեխաներ, լավ ընտանիք: Բայց չեմ կարող հպարտանալ մի բանով, որտեղ ես եղել եմ արդյունավետ: Այո՛, կարող եմ ինձ լավ զգալ, բայց հպարտանալ ինձ համար մի փոքր դժվար է:

Վահրամ Համբարձումյան-4

Ե՞րբ է ավարտվել բալետի արտիստի Ձեր կարիերան:

-Անցյալ տարի: «Կառմեն» ներկայացման մեջ փոքր դեր էր: Իրականում այդ դերը ոչ մի ներկայացման մեջ չկա, խոսվում է այդ կերպարի մասին, երբ Կառմենը և իր ընկերները հավաքվում են այդ կերպարի բարերից մեկում: Սակայն խորեոգրաֆը ուզեց դեր տալ այդ պերսոնաժին: Ես իրեն օգնում էի բեմադրությունների մեջ իբրև օգնական, ու շատ էի ուզում վերջին անգամ զգալ բեմ դուրս գալու հաճույքը իբրև պարող:

Զգացողությունները կարո՞ղ եք նկարագրել:

-Ադրենալինը շատ բարձր է լինում, պատրաստվելու այդ ամբողջ ծիսակատարությունը՝ մկանները տաքացնելը, երբ հագուստներդ բերում են, պատրաստվում ես ներկայացման: Պատրաստվելու ընթացքը շատ հաճելի է: «Կոլոն» թատրոնի բեմը երբեմն վախեցնող էլ է, քանի որ շատ մեծ է: Նույն Պավարոտտին գրել է, որ երբ առաջին անգամ «Կոլոն» թատրոնում պետք է երգեր, դողում էր: Շատ խորհրդավոր բան կա թատրոնում: Զգացմունքներ կան, որ չես կարող նկարագրել, բայց միշտ ունենում ես բեմ դուրս գալուց առաջ:

Իսկ զգացողությունը, որ վերջին բեմելն է:

-Հուզմունք կար, բայց ես շատ թեթև էի մտածում, չէի ծանրացնում, ու այդպես էլ ստացվեց: Քանի որ ես կապված էր թատրոնի հետ իբրև ուսուցիչ, փորձավար: Չէի կտրվելու թատրոնից, ինձ մոտ այդ պահը հեշտ ստացվեց: Հետո արդեն տարիքը հուշում է, որ պետք է հեռանալ: Արդեն ինքդ էլ չես ուզում բեմ դուրս գալ: Ծանր զգացողությունը չկար, որ պետք է այլևս բեմ դուրս չգալ: Դա մի պահ էր, որ ուզում էի ապրել ինքս ինձ համար ու դրանից ոչ ավելի:

Վահրամ Համբարձումյան-5

Դուք Արգենտինայում և Ուրուգվայում նաև հայկական պարախմբեր եք ղեկավարում:

-Այո, մինչև անցյալ տարի Բուենոս Այրեսում կնոջս հետ ղեկավարում էինք հայկական պարախմբերից մեկը: Իսկ Ուրուգվայում, այո, շարունակում ենք ղեկավարել: Հայկական պարախումբ ղեկավարելը եր փոքր Հայաստանի մասն է: Գիտեք, Ձեզ հետ հարցազրույցում Տիգրան Միքայելյանը շատ լավ բան է ասում (Հարցազրույցը՝ այստեղ), որ ինքը կարողացավ կապը պահել Հայաստանի ու Հայաստանի բեմի հետ: Ցավոք, Արգենտինան շատ հեռու է, ու կապը պահելն ամեն առումով շատ դժվար է:  Երբ մեզ մոտ ամառ է, ձեզ մոտ ձմեռ է․ այսինքն՝ արձակուրդներն էլ չեն համընկնում: Ժամային առումով դժվար է: Հենց այդ պատճառով, որպեսզի ինչ-որ բանով կապված լինենք հայության հետ, հենց թեկուզ մեր երեխաներին հայկական արվեստ ու մշակույթ տանք, հայկականությունը պահպանենք, որ մեր երեխաները մեր երաժշտությունը հասկանան, մեր մեծերի բեմադրությունները պարեն, մեզ համար առիթ եղավ, որ փոքր Հայաստան ստեղծենք, ապրենք ու մեր հայկական զգացմունքները որևէ ձևով պահպանենք ու փոխանցենք: 2016 թվականին պարախմբով Երևանում մասնակցեցինք «Հայաստան» փառատոնին:

Իսկ թատրոնի հետ կապեր ունե՞ք:

-Ոչ, կապերը կամաց-կամաց կտրվեցին, քանի որ այն ժամանակ հնարավորություն չկար կապ պահպանելու, միայն հեռախոսով պետք էր կապ հաստատել, այսօրվա պես չէ, երբ ինտերնետով կարող ես ցանկացած պահի կապ հաստատել։ Սերունդները փոխվել են, հիմա ես նայում եմ, հետևում եմ, ու սերնդափոխություն կա: Շատ կուզեի իմ ամբողջ փորձը փոխանցել, բայց կարծում եմ, որ արվեստագետը պետք է գնա նրա հետևից, ում ճանաչում է: Մեր տղաները, որոնք պարել են ինձանից հետո, հիանալի կարիերա են արել Եվրոպայում ու ԱՄՆ-ում ու ավելի կապված են Հայաստանի հետ: Եթե հնարավորություն լինի, իհարկե, մեծ սիրով: Բայց ավելի ճիշտ կլինի, որ իրենք լինեն ու ուղին ցույց տան:

Դուք «Կոլոնում» փորձավա՞ր եք աշխատում:

-Այո, փորձավար, ու նաև դասավանդում եմ դասական տեխնիկա:

Վահրամ Համբարձումյան-6

Ընդհանրապես ոչ բոլոր արտիստներն են, որ կարողանում են դասավանդել ու իրենց գիտելիքները փոխանցել հաջորդ սերնդին: Ձեզ մոտ փորձավարությունը հե՞շտ տրվեց:

-Այո, ես դեռ պարում էի թատրոնում, Մաքսիմիլիանո Գերան, որը համաշխարհային մակարդակի պարող է, նշանակվեց թատրոնի տնօրեն (այստեղ չեն աում բալետմեյստեր, ասում են՝ թատրոնի տնօրեն): Միասին շատ ենք պարել, և նա խնդրեց, որ ներկայացման գլխավոր զույգի հետ փորձ անեմ, հետո, երբ ինքը գնաց հյուրախաղերի, խնդրեց, որ ես մի քանի օր դաս տամ, ու կամաց-կամաց սկսվեց իմ փորձավարական գործունեությունը:

Սովորաբար լինո՞ւմ է մտավախություն, որ գուցե Ձեր աշակերտները գան, հասնեն ու գուցե անցնեն Ձեզ: Ունենո՞ւմ եք նման մտքեր:

-Հակառակը, դա խոսում է միայն լավի մասին, եթե կարողանաս աշակերտիդ հասցնել շատ ավելիին, քան դու ես հասել: Դա ոչ թե վախ է, այլ ուրախություն: Փորձավարը պետք է այնպես մտածի, որ իր աշակերտը պետք է իրենից լավը լինի: Գոնե ես այդ ձևով եմ մտածում, և ուրիշ մտքեր չկան: Մտահոգություններ ու մտավախություններ չես կարող ունենալ, ու թույլ չեմ տա, որ այն սխալները, որ ես եմ արել ժամանակին, իմ աշակերտն անի:

Վահրամ Համբարձումյան-8

 Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:

-Գլխավոր երազանքս իբրև հայ, որ Հայաստանը երբեք խնդիր չունենա, խաղաղություն լինի, ներքին խնդիրներ չունենանք: Իբրև մարդ, որ ընտանիքս, ընկերներս, հարազատներս հաջողակ ու առողջ լինեն: Իբրև դերասան, արտիստ՝  կարողանամ ինչ-որ մեկին օգուտ տալ, ինչ-որ լավ բան անել արվեստի մեջ:

Վահրամ Համբարձումյան-9

Վահրամ Համբարձումյան-9

Վահրամ Համբարձումյան-10

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»

Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյան․ Ինձ զգացել եմ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում  

Ալբինա Ղազարյան․ Բալետում ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել

Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը