Logo

Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 27.03.2019Կինո
տւ - Վերջին ժամանակների 5 լավագույն թուրքական ֆիլմերը

Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին ժամանակների լավագույն թուրքական ֆիլմերից մի քանիսը:

Տիեզերք/Космос/Kosmos, 2009

ռեժ.՝ Ռեհա Էրդեմ
դերերում՝Սերմեթ Եշիլ, Թյուրքյու Թուրան ևն

Գլխավոր հերոսը Տիեզերք անունով մի հրաշագործ է: Ի զարմանս իրեն նա հայտնվում է մի գյուղում, որտեղ ժամանակը կանգ է առել: Հենց ժամանակի կանգ առնելու փաստն էլ օգնում է նրան. Տիեզերքը փրկում է խեխդված տղայի կյանքը և այդ քայլով մատնում ինքն իրեն:
Տիեզերքը մարդու կերպարանք ունի, սակայն ի տարբերություն սովորական մարդկանց, նա չի ուտում և չի քնում: Այս ֆիլմի իրադարձությունները զարգանում են նրա շուրջ և ֆիլմի ընթացքում գնալով ավելի ու ավելի են հետաքրքրանում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեկ անգամ Անատոլիայում/Однажды в Анатолии/Bir Zamanlar Anadolu’da, 2011

ռեժ.`Նուրի Բիլգե Ջեյլան
դերերում՝Մուհամեդ Ուզուներ, Թաներ Բիրսել ևն

Անատոլիայում մահացած մարդու դի է թաքցված, և այդ մասին գիտեն բոլորը, սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի դիակի գտնվելու ճշգրիտ վայրը: Ոստիկանությունը գործի է անցնում և ամեն գնով նպատակ ունի գտնել դին ու պատժել մեղավորին: Ի՞նչ անել, եթե կասկածյալը խոստովանել է իր մեղքը, սակայն անգամ նա չի հիշում, թե որտեղ է սքողել դին: Ֆիլմի իրադարձությունները գնալով ավելի են խճճվում, սակայն դրա հետ մեկտեղ ավելի են հետաքրքրանում և թույլ չեն տալիս հանդիսատեսին ձայնձրանալ:

2011 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Գրան պրի մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սպի/Шрам/The Cut, 2014

ռեժ.՝Ֆատիխ Ակին
դերերում՝Տահար Ռախիմ ևն

Ֆրանսիացի դերասան Տախար Ռախիմը մարմնավորում է Նազարեթ Մանուկյանին (Մանուգիան), որը 1915 թ. կորցրել է իր ընտանիքը:

Տարիներ են անցնում, սակայն անցյալի վերքերը հանգիստ չեն տալիս Նազարեթին: Օրերից մի օր նա իմանում է, որ գուցե նրա երկվորյակ աղջիկները ողջ են: Ինչեր ասես, որ չի անի հուսահատ հայրը, որ գտնի իր զավակներին: Նազարեթն ուղևորվում է Մադրիդ, այնուհետև՝ Հավանա և Հյուսիսային Դակոտա, որ գտնի երեխաներին…

2014 թ. ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Ձմեռային քուն/Зимняя спячка/Kis Uykusu, 2014

ռեժ.`Նուրի Բիլգե Ջեյլան
դերերում՝Հալուկ Բիլգիներ ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Անատոլիայի հյուրանոցներից մեկում: Այդինը զբաղվում է հյուրանոցի գործերով և փորձում է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ: Նրա հետ այստեղ ապրում են կինն ու վերջերս ամուսնալուծվածքույրը, որը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր ամուսնուն և շարունակել ապրել: Նրանք մենակ են հյուրանոցում, շուրջբոլորը ոչ ոք չկա, իսկ եղանակային պայմաններն օր օրի ավելի են վատանում:

Չորս պատերի մեջ փակված նրանք ստիպված կլինեն անցնել տառապանքի միջով:

2014 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մուստանգ/Мустанг/Mustang, 2015

ռեժ.`Դենիզ Գամզե Էրգյուվեն
դերերում՝Գյունեշ Շենսոյ, Դոգա Զեյնեպ Դոգուսլու ևն

Այս ֆիլմը պատմում է թուրքական մի գյուղական ընտանիքի մասին: Ֆիլմի կենտրոնում են 5 քույրեր, որոնք շատ վաղուց կորցրել են ծնողներին և այժմ նրանք իրենց տատիկի խնամակալության տակ են: Աղջիկները մեծացել են շատ դաժան և խիստ կանոններով և յուրաքանչյուր փոքր սխալի համար շատ թանկ են վճարում: Եվ այժմ նրանք չգիտեն՝ ըմբոստանա՞լ, թե՞ համակերպվել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: