Logo

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.02.2020Գրադարան
համբարձումյան - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

«Զանգակ» հրատարակչությունը․․․

․․․արդեն չորրորդ տարին է իրականացնում է «Ոչ մի շաբաթ առանց․․․» ընտրանի-օրագիրը։  Գրքերի կազմության սկզբունքն է՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվան համապատասխան գրական մեկ գործ կամ հատված և նշումների համար նախատեսված էջ։

Նախագծի նպատակն է․․․

․․․գրականությունը դարձնել ընթերցողի տարվա, շաբաթվա, օրվա կարևոր մասը, ժամանակակից մարդուն կտրել տեղեկատվական տարաբնույթ հոսքերից,  սոցիալական, տնտեսական կարևոր ու անկարևոր քննարկումներից, շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ որակյալ գրականություն ընթերցելու հնարավորություն տալ։ Վեհացնել նրան, բացահայտել հոգեմտավոր նոր տարածքներ, ի վերջո ապրեցնել, քանի որ լավ գրականությունը ապրեցնում է:

86174757 1521953314650047 4825234618472988672 n - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Սկզբում

2017-ին նպատակ ունեի ներկայացնել անկախության շրջանի պոեզիան, քանի որ ժամանակակից ընթերցողը շնորհալի շատ անունների ու լավ բանաստեղծությունների ուղղակի ծանոթ չէ։ Հետո ընդգրկվող գրականության շրջանակը լայնացավ և 2018-ին ներկայացրեցինք հայ դասական բանաստեղծությունը։ Հոբելյանական 2019-ին գրքի բնույթը փոքր-ինչ փոխվեց և ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը։ Այս տարվա հատորն էլ արդեն նվիրված է հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին։

86278081 3397313737007477 2733308094728634368 n - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Հրանտ Մաթևոսյանը իմ սիրելի հեղինակն է․․․

․․․նրա գրքերը իմ սեղանի գրքերն են։ Նրա գործերն ընթերցում եմ ամեն օր։ Այս առումով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների թեկուզ հատվածական, բայց ընտրանի կազմելն ինձ համար մեծ հաճույք ու վայելք էր։ Հնարավորություն ևս մեկ անգամ անդրադառնալու իսկապես արդիական ու հրաշալի գրականությանը։ Շնորհակալ եմ գրողի ընտանիքին ու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամին ինձ այդ հնարավորությունը տալու համար։

Մի առիթով․․․

Հրանտ Մաթևոսյանին հարցնում են՝ երջանիկ արդյո՞ք նա։ Գրողը պատասխանում է՝ «Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ»։ Կարծում եմ, որ մենք էլ երջանիկ ենք, որ նաև Մաթևոսյանի միջոցով գրականության Աստծո երեսը տեսնում ենք։

86192063 2468815936691584 6992552601539575808 n - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Գրքում ներառված են․․․

․․․հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ  էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու  հոդվածներից։

Այս նյութերը լրացնելով միմյանց՝ ընդգրկուն պատկերացում են տալիս հեղինակի մասին, միաժամանակ մեծ գրողի միջոցով ներկայացնում են 20-րդ դարի կեսերից մինչև հետանկախության առաջին տասնամյակի հայ հասարակական-քաղաքական ու գրական-մշակութային կյանքը։

 

Ընթերցողն այստեղ կարող է գտնել․․․

․․․հանրածանոթ ու սիրված գործերից՝ «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Օգոստոս», «Կանաչ դաշտը» հատվածներ, նաև պատառիկներ  Մաթևոսյանի՝ ընթերցողական լայն շրջանակին քիչ հայտնի, միայն վերջին տարիներին լույս տեսած գործերից՝ «Տախը» վեպից, «Հաղարծին», «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակներից։

86305354 527361561246304 4431397679481749504 n - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Շատ կարևորում եմ նաև․․․

․․․Մաթևոսյանի հոդվածներն ու հարցազրույցները, որտեղ տեսնում ենք գրողին, քաղաքացուն, մարդուն, որը անտարբեր չէ իր իրականության, ժողովրդի ու երկրի ճակատագրի նկատմամբ։ Հեղինակի դիպուկ ու սթափ գնահատականներն ու վերլուծումները ոչ միայն չեն կորցրել իրենց այժմեականությունը, այլև գնալով ավելի արդիական են դառնում, մարգարեական թվում։

 

Գրքում նաև շատ ու բացառիկ լուսանկարներ կան․․․

․․․որոնք ընթերցողին կարող են նորովի ներկայացնել հեղինակին։ Շնորհակալ եմ  լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանին, Սամվել Սևադային, Գերման Ավագյանին և էլի ուրիշների, իրենց լուսանկարները մեզ տրամադրելու համար։ Գիրքը նաև հետաքրքիր ձևավորում ունի, որն իրականացրել են Մարիամ Կանայանը, Ժագ Թոփալագյանը և Հար Ունուսյանը։

Գրքի հրատարակությունից հետո շատ խոսակցություններ եղան շապիկի նկարի հետ կապված։ Շատերին այս նկարում հեղինակը խեղճ թվաց, բայց իմ կարծիքով լրիվ հակառակն է։ Հրանտ Մաթևոսյանն այստեղ ներկայանում է պահի մեջ քարացած իր ամբողջ գրողական ու մարդկային ուժով, ցավը հաղթահարելու կամքով, չափազանց արտահայտիչ ու խորը հայացքով, հանդարտ վեհությամբ, առինքնող մարդկայնությամբ։ Իմ և գրքի ձևավորող Մարիամ Կանայանի կարծիքով հենց այդպիսին է Մաթևոսյանի գրականությունը։

86415469 190329242031059 5481609937467473920 n - Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Հուսով եմ․․․

․․․որ այս ընտրանին հեղինակի այլ գրքերի հետ միասին կփարատի  մեր կարոտը առ մեծ գրողի ստեղծագործությունը, ընդհանրապես, առ բարձր ու մեծ գրականություն, իսկ գրականության միջոցով գուցե նաև մեր կարոտը կյանքին։ Մի առիթով  Մաթևոսյանն այսպես է սահամանել գրականությունը․ «Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ»։

Հայկ Համբարձումյան

 

Փետրվարի 13-ին, ժամը 19.oo-ին գրքի շնորհանդեսն ու հեղինակին նվիրված քննարկում կլինի «Զանգակ» գրատների Աբովյան մասնաճյուղում։