Logo

Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Friday 13 black pressUSA 1463103196454 2251555 ver1.0 - Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞...

Ցանկացած ամսվա 13-րդ օրը եթե համընկնում է շաբաթվա օրերից ուրբաթի հետ, շատ երկրներում է համարվում «վատ ու անհաջող օր», որի ընթացքում պետք է լինել մաքսիմում զգուշավոր՝ անհաջողություններից և փորձանքներից խուսափելու համար: Բժշկության մեջ սա համարվում է ֆոբիա և հաճախ անվանվում «պարասկևիդեկատրիաֆոբիա»՝ հունարեն «պարասկևի»-ուրբաթ, «դեկատրիա»-13 և «Ֆոբիա»-վախ բառերից:

Ըստ Աշևիլի Սթրեսի կառավարման կենտրոնի և ֆոբիայի ինստիտուտի, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ-ում այս օրից վախենում է մոտ 17-21 միլիոն մարդ: Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը ԱՄՆ-ի բիզնես աշխարհն ընդհանուր հաշվով կորցնում է 800-900 միլիոն դոլար:

ԱՄՆ-ում և Եվրոպական շատ երկրներում տարածված սնահավատություն կա, որ եթե սեղանի շուրջ 12 հոգի կա, ապա 13-րդը պետք է չնստի, այլապես մոտակա մեկ տարում կմահանա:

Վարկած 1

Հին ժամանակներում տարածված մտայնություն կար, որ հենց ուրբաթ, ամսի 13-ին է Եվան արգելված պտուղը ճաշակել, և որ Կայենը եղբայր Աբելին սպանել է այդ ամսաթվին՝ ուրբաթ օրը: Այս տեսակետներն իրականում եղել են, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել, քանի որ ոչ մի գրավոր աղբյուրում նման հաստատում չկա: Որքան կապ ունի այս սնահավատությունը եկեղեցական, քրիստոնեական հավատքի հետ նույնպես հայտնի չէ:

RubensCA - Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞...

Վարկած 2

«Ուրբաթ 13»-ից վախենալու հավանական սկզբնաղբյուներից մեկն է մի պատմական փաստ. 1307 թ. հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը ձերբակալել է հարյուրավոր տաճարական ասպետների՝ հերետիկոսության մեղադրանքով: Տաճարական ասպետները դարեր շարունակ փորձում էին պաշտպանել Երուսաղեմյան ուխտագնացներին: Այսպիսով բազմաթիվ անմեղ մարդիկ սպանվեցին և բատարկվեցին:

opamuk2007a 1 - Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞...

Վարկած 3

13 թվի հանդեպ մեղմ ասած վատ վերաբերմունքը բացատրվում է նաև նրանով, որ Քրիստոսին մատնած Հուդան 13-րդ առաքյալն էր: Սակայն իրականում Հուդան 13-րդ առաքյալը չէր: 13-րդը Պողոսն էր:

Սնահավատության «քարոզ-հակաքարոզ» 1

18-րդ դարում Անգլիայում այնքան մեծ թվերի էր հասել ուրբաթ 13-ից վախեցողների քանակը, որ կառավարությունը որոշեց դրա աբսուրդությունը ապացուցող միջոցառում ձեռնարկել: Մի նավ կառուցվեց «Ուրբաթ» անունով, որի վրա աշխատանքները սկսվեցին ուրբաթ օրը 13-րդ ամսաթվին: Առաջին նավարկությունը տեղի ունեցավ նույնպես ուրբաթ 13-ին: Սակայն կառավարության հակաքարոզը դարձավ իսկական քարոզ, քանի որ «Ուրբաթ» անունով նավը անհայտացավ ողջ անձնակազմի հետ միասին:

Սնահավատության «քարոզ-հակաքարոզ» 2

Ուրբաթ-13-ին է տեղի ունեցել նաև 20-րդ դարի խոշորագույն նավաբեկություններից մեկը: 1907 թ. դեկտեմբերի 13-ին ուրբաթ օրը «Թոմաս Լաուրսոն» նավը խորտակվեց:

01 Thomas W Lawson 02 - Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞...

Սնահավատության «քարոզ-հակաքարոզ» 3

1980 թ. էկրաններ է բարձրանում ամերիկյան սարսափ մի ֆիլմ «Ուրբաթ 13» վերնագրով: Ֆիլմը պատմում էր մի մարդասպանի մասին, որն անխնա սպանում էր և վերացնում հետքերը: Այս ֆիլմն ավելի քանի 10 շարունակություն և էկրանավորումներ ունեցավ, որոնցից վերջինը 2009 թվականինն է: Այս ֆիլմի «շնորհիվ» ուրբաթ-13-ից վախն ավելի տարածվեց և ամրացավ:

1431367540 pyatnica 13 e 2009 2 - Ուրբաթ 13. մի՞ֆ, սնահավատությո՞ւն, թե՞...

Սնահավատության «քարոզ-հակաքարոզ» 4

Ֆոբիայի տարածմանը նպաստեցին նաև շատ հաքերներ, որոնք իրենց «չար» գործերն անում էին հենց ուրբաթն ու 13 ամսաթիվը համընկնում էին:

Եզրահանգում

Դեռևս անտիկ ժամանակներից 13 թիվն անհաջողակ էր համարվում: Հռոմեացիներն այն անվանում էին մահվան, ավերումի, դժբախտության թիվ: Իսկ ուրբաթ օրը քրիստոնեական աշխարհում սգո օր է, քանի որ հենց ուրբաթ օրն է խաչվել Քրիստոսը: Եվ երբ համընկնում են անհաջողակ թիվն ու սգո օրը, մարդիկ ստեղծում և զարգացնում են ամենատարբեր առեղծվածային և սարսափազդու պատմություններ՝ միստիկ շունչ հաղորդելով չեղած բաներին:

«Ուրբաթ-13»՝ անհաջողակ օր

Հավատալ, թե ոչ, որոշեք ինքներդ, և թող ոչինչ չփչացնի ուրբաթ երեկոների ուրախ ու խաղաղ ընթացքին՝ նույնիսկ 13 ամսաթիվը: