Logo

Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 20.10.2020Արվեստանոց
վռեյյյ min - Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Երգիծանկարչությունը միջազգային լեզու է։

Սա մշակույթների պատերազմ է, որտեղ մշակութային գործոնն էլ է զենք։ Իմ գործը կարևոր է անվանել «երգիծանկար» և ոչ «ծաղրանկար», կարող ենք թեկուզ «կարիկատուրա» կոչել, որի բաժինը կամ երևույթի պատասխանատուն ունենում է իրեն հարգող յուրաքանչյուր մամուլ՝ լինի ներքին թե արտաքին քաղաքականություն լուսաբանող մեդիահարթակ։ Երգիծանկարչությունը, ինչպես բազմաթիվ այլ արվեստի ոլորտներ, իր հիմքն է առնում գրականությունից՝ երգիծական գրականությունից, որով այդքան էլ հարուստ չէ մեր պատմությունը։ Մեր մոտ այդ ժանրը ակտիվացել է խորհրդային տարիներին, և մինչ օրս շատ պաստառային է, ռուսներն ավելի շուտ ազատվեցին դրանից, մենք մինչ վերջերս որոշ չափով «խոսում էնք» սովետական պրոպագանդայի լեզվով, սակայն վերջին տասը տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է,

երգիծանկարի ոլորտը թափ է առել։

120325735 10164237509630367 2532386871304531082 o 960x910 - Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Դեռևս 17-18-րդ դարերում, երբ հեռուստացույց չկար, կարիկատուրան ամենակարևոր մեդիատեխնիկաներից էր, իսկ այսօր, երբ շատերը ժամանակ չունեն թերթ բացելու, ծայրիծ ծայր մեծ հոդվածներ կարդալու՝ կարող են ընդամենը մեկ երգիծանկարի նմուշով տեղեկանալ աշխարհում տիրող խնդիրների մասին։

Այս օրերին աշխատելը ծանր է՝ տհաճ մարդկանց նկարելը ոչ մի նկարչի սրտով չէ։

Ես ինքս երբեք չեմ ծիծաղում կամ ժպտում Ալիևին կամ Էրդողանին պատկերելուց, որովհետև մեծ ցավ եմ ապրում. ինքս Հալեպից եմ, ընտանիքս Ցեղասպանություն է տեսել, այժմ գտնվում եմ ամենախաղաղ երկրներից մեկում՝ իմ հայրենիքում, իմ հողի վրա, բայց պան-թուրքիզմը չի վերացել, ինչն, իհարկե, սպասելի էր։

121619946 10164310651425367 6401644541611609027 o 960x959 - Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Իմանալով, որ ես այս պահին ճակատում չեմ կարող լինել, բայց գիտեմ, որ իմ մասնագիտական զենքն էլ է կարևոր՝ թիրախավորում եմ պատմական և փաստավավերագրական նյութերը։ Սեփական մաշկի վրա այս պրոցեսը շատ ծանր եմ տանում՝ հոգեբանական բարդ աշխատանք է՝ մի նկարի վրա կարող եմ երեք օր աշխատել, քանի որ շատ զգույշ եմ։ Ունենալով մեջս այդ ոխն ու բարկությունը Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ՝ ես, թերևս, անհատների չեմ կպնում, իշխանություններին և կառավարություններին եմ կպնում, այնինչ տեսել եմ ադրբեջանական կարիկատուրաներ, որոնք զուտ քմծիծաղ են առաջացնում, բայց պատկերում են հային՝ հայ զինվորին և ոչ թե երևույթները։

120846578 10164272253700367 5496899238971238686 o 960x1023 - Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Յուրաքանչյուր երգիծանկար գեղարվեստականորեն ինչքան որ ճիշտ ստեղծվի՝ այդքան բարոյական ու մակարդակի առումով ճիշտ կլինի՝ չէ որ դրա ստեղծող նկարիչը որևէ մշակույթի կրող է, արվեստագետ է։ Ուղղակի հայհոյանքներ կամ մեջտեղի մատ պատկերելը երգիծանկար չէ.

աշխատանքը գեղարվեստական է, երբ գեղարվեստական մոտեցում է ունենում։

Հայերեն ու անգլերեն որքան էլ սիրուն գրեմ՝ երկար տեքստ կարդալուց նա (հակառակորդը) կհոգնի, բայց նկարչությունը և երգիծանկարչությունը միջազգային լեզու է՝ բոլորի համար ընկալելի է, որովհետև վիզուալ արվեստ է, մեդիա է, և Հայաստանն այս զենքը պետք է պաշտոնապես ընդգրկի իր ռազմավարության մեջ։ Բացի այդ՝ պետք է նաև շրջանառել այն երգիծանկարչական ձևաչափով հայերի կողմից արված փաստաթղթերը, որոնք ստեղծվել են հարյուր և ավելի տարի առաջ. Պոլսում առաջինը հայերն էին երգիծանկարչությամբ զբաղվում, հետո արդեն Լիբանանում, Եգիպտոսում և այլ տեղեր երևույթը տարածում ստացավ։ Այդ ժամանակ ամենը բարդ էր տարածվում, և այդ նույն միջազգային հանրությունից մեզ շատ բաներ չեն հասել, սակայն հիմա՝ Facebook-ի, Instagram-ի ու Twitter-ի ժամանակներում ունենք միջազգային հանրությանը մեր ասելիքը հասցնելու հարյուրապատիկ հնարավորությունը, թեև ադրբեջանցիներն ինձ շատ են «րիփորթում» սոցցանցերում, բազմաթիվ հայհոյանքներ ու վիրավորանքներ են գրում, բայց դրա հետ մեկտեղ ընդունում են, որ լավ նկարիչ եմ՝ ափսոս հայ եմ… իրենց թվում է, որ այդպես ասեն՝ իրենց կողմը կառնեմ ու կնկարեմ իրենց համար։

121539409 10164318667415367 7355912290005415356 o 960x960 - Վրեժ Քասունի. զրույց երգիծանկարչության ու քաղաքականության շուրջ

Եվ որպես վերջաբան ասեմ, որ երգիծանկարչությունը իմ Su-25-ն է, F-16-ն է, իմ «Կալաշնիկովն է»՝ իմ զենքը սա է այս պահին։

Թող ներող լինել հայ զինվորները, որ այս պահին իմ «խրամատից» ես այսպիսի հարվածներ եմ հասցնում թշնամուն՝ ֆիզիկապես չէ, բայց հոգով ու մտքով իրենց հետ ենք։