Վոլոդյա Բաբայանին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում շատերն են ճանաչում։ Նրա մասնագիտությունը կանխորոշված էր դեռ մանկուց, արհեստագործ ծնողների լուռ համաձայնությամբ։
Ծնվել է 1937 թ, հայրը Կարսից է, մայրը՝ Մուշից։ Ավարտել է Երևանի Շինարարական տեխնիկումը, ավելի ուշ մասնակցել է Երևանի խոշոր կառույցների շինարարությանը՝ Երևանյան մայրուղի, Եղեռնի հուշահամալիր, Հրազդան մարզադաշտ, Մայր Հայաստան հուշակոթող, 1970-1975 թթ Գառնիի տաճարի վերանորոգում։ Նա մեկն էր այն երիտասարդներից, ովքեր մասնակցել են Երևանի կառուցմանը։
1981 թ․ Հոկտեմբերի 26-ին ճարտարապետը առաջին անգամ գնացել է Շուշի և ինքն իրեն խոստացել, որ ամեն գնով պետք է վերականգնի Ղազանչեցոցը։ Բաքվից անդնադար փորձել են խանգարել եկեղեցու վերակառուցման աշխատանքներին։ Տարբեր ճարտարապետներ չեն դիմացել ճնշումներին և հեռացել, Վոլոդյան, սակայն, չնայած տարբեր սպառնալիքների, հաստատ որոշել է, որ պետք է ավարտին հասցնի եկեղեցու վերակառուցումը։ Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ինչու տեղացիները չեն վերականգնում եկեղեցին, ճարտարապետը դարձել է Ստեփանակերտի քաղաքացի և մշտական բնակություն է հաստատել Արցախում։
Եկեղեցու վերականգնումը տևել է մոտ 2 տասնամյակ, այդ ընթացքում նա մասնակել է նաև Արցախի շատ այլ եկեղեցիների վերակառուցմանը։
Վարպետը իր տեսածն, ապրածն ու զգացածը բանաստեղծության միջոցով է փոխանցում․
Երբ առաջին անգամ տեսա
Ղազանչեչոց ժամն ավեր,
Ողջ էությամբ ես վշտացա,
Հալածված էր, որբ, անտեր։
Թառամել էր վարդի նման սուրբ օջախը անցյալի,
Սև շղարշ էր իջել վրան, մնացել էր ամայի։
Սևազգեստ երկինքն էլ էր, ողբում ցավը ավերի
Լուռ դառնությամբ մղկտում էր,
Սրբում փոշին պատերի։
Գրող Վահունի Հովակիմյանը իր ֆեյսբուքայն էջում գրել է․
Այսօր Հ1-ով Շուշվա Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ վերականգնած ճարտարապետ Վոլոդյա Բաբայանին տեսա, ծերացել էր:
Նրա հետ ծանոթացել եմ Գևորգ Էմինի տանը՝ կոմպոզիտորների միության շենքի երրորդ հարկում,1984թ: Սովետական Ադրբեջանը պրոբլեմներ էր ստեղծել և խանգարում էր շինարարությանը, նա էլ եկել էր Էմինից աջակցություն ստանալու: Գևորգ Էմինը սովետի անվանի գրողներից էր և նրա խոսքը կարող էր շատ դռներ բացել:
-Ծանոթացիր, Վահունի, Վոլոդյան Շուշիի եկեղեցին վերանորոգող ճարտարապետն է:
-Ծանոթացիր, Վոլոդյա, բանաստեղծ Վահունու հետ:
Առաջին անգամ լսեցի, որ ինձ բանաստեղծ են ասում, մի քիչ շփոթվեցի, որովհետև այդ բառը չէի սիրում, բայց դե ասողը Գևորգ Էմինն էր, ամենաճշգրիտ խմբագրողը, որին երբևէ հանդիպել եմ:
Վոլոդյան երկու անգամ՝ մեկ 80-ականներին, մյուս անգամ էլ 90-ականներին է վերականգնել եկեղեցին:
Նա ծերացել է: Այդ օրվանից հետո չէի տեսել նրան: Ծերացել է բայց պինդ ու համառ տեսք ուներ և որոշել է երրորդ անգամ վերականգնել Շուշիի խոցված եկեղեցին:
Ես չեմ կասկածում, որ լեգենդար ճարտարապետ Վոլոդյա Բաբայանը անպայման վերականգնելու է հայոց լեգենդար Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարը:
Զորություն բազկիդ, վարպետ: