Logo

Երախտագիտության զգացումը ստիպեց միանալ «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարին․ ռեժիսոր Արա Մնացականյանի հարցազրույցը [լուսանկարներ]

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
19:19 / 25.03.2022Ռեժիսորներ
Բացառիկ
Արա Մնացականյան-Ամերիկացի բարի սամարացիներ

Վերջերս հայաստանյան հանդիսատեսին ներկայացվեց Հայոց ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած մարդկանց փրկած և հսկայական օգնություն ցուցաբերած ԱՄՆ-ի քաղաքացիների մասին պատմող՝ «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմը։ Այն ընդգրկված է «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարում, որը ցեղասպանություն ապրած ժողովուրդների երախտագիտությունն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին։ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի ռեժիսոր Արա Մնացականյանը VNews.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց ֆիլմի ստեղծման, աշխարհի տարբեր երկրների արխիվներում Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի և մարդասիրական առաքելությունների մասին։ 

-Մեր անհանգիստ մոլորակում մարդկության ուշադրությունն անընդհատ Հայոց ցեղասպանությանն ուղղելը համարձակ քայլ է, քանի որ ոչ միայն հիշեցման, այլև խնդրի մատուցման նոր մեթոդների անհրաժեշտություն կա․ ի՞նչը գրավեց Ձեզ «Երախտագիտության քարտեզ»-ում, որ սկսեցիք գործակցել այն ստեղծողների հետ։

-Ես համոզված եմ, որ Հայոց ցեղասպանությունը, որպես պատմական երևույթ, այսօր աքսիոմատիկ է և ապացույցի կարիք չունի։ Եթե մի քանի տասնամյակ առաջ այդ փաստն աշխարհին այնքան էլ հայտնի չէր, ապա այսօր մոլորակի առաջավոր երկրներն այն ընդունում են տարբեր ձևաչափերով։ Այնպես, որ ես վաղուց արդեն Հայոց ցեղասպանության պատմական իրողության հաստատման կամ ապացույցի կարիք չեմ տեսնում։

Հիշեցման և մատուցման նոր մեթոդների անհրաժեշտության առումով բերեմ մի օրինակ։ Տարիներ առաջ կինոփառատոներից մեկում ես դիտեցի իսրայելական վավերագրական մի ֆիլմ։ Այն ռոք խմբի մասին էր։ Հարցին, թե ինչի՞ մասին եք երգում, խմբի ղեկավարն ու մենակատարը պատասխանեց. «Ինչի՞ մասին ես կարող եմ երգել, եթե ոչ այն արհավիրքի և անմարդկային տանջանքների, որոնցով անցել է իմ ժողովուրդը»։ Հրաշալի ձևակերպում է։ 

Ուսումնասիրություններ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

 Արա Մնացականյան 1

Մեծ Եղեռնից անցել է մեկ դարից ավելի։ Շատ բան է փոխվել, սակայն ցեղասպանության ուրվականը չի վերացել երկրագնդի վրայից։ Մենք իրավունք չունենք մոռանալու և պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհում ոչ մի տեղ այն չկրկնվի։

Ինչ վերաբերում է «Երախտագիտության քարտեզ» նախագծին իմ մասնակցությանը, ապա պատասխանը նախագծի վերնագրի մեջ է՝ երախտագիտությունը։ Երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որոնք անտարբեր չմնացին ոչնչացման եզրին կանգնած մի ժողովրդի նկատմամբ, որին երբեք չէին տեսել և որի գոյության մասին շատ շատերը մինչև այդ նույնիսկ չգիտեին։

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմում փաստեր ներկայացնող ցեղասպանագետ Փոլ Լևինը

 Արա Մնացականյան 2

-Դուք ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրամայի ռեժիսորն եք, առաջինի՝ եվրոպացի կանանց մարդասիրական առաքելության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմի շարունակությո՞ւնն եք ներկայացրել, թե՞ ուղղակի պահել եք թեմայի տրամաբանությունը։

-«Փրկության քարտեզ» և «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմերը «Երախտագիտության քարտեզ» նախագծի ինքնուրույն մասեր են։ Նրանց միավորում է ընդհանուր գաղափարը, սակայն, որպես ֆիլմ, նրանք խիստ տարբերվում են միմյանցից։ Դա գալիս է յուրաքանչյուր ֆիլմի ներքին դրամատուրգիայից, որն, իր հերթին, ձևավորում է նյութի էկրանային մարմնավորման խնդիրը երկու ֆիլմերի համար էլ։ 

«Փրկության քարտեզ»-ում էկրանին գերակայում է հուզականությունը, որի հիմքում վառ անհատականության, խորը հավատի և անսահման կամքի տեր եվրոպացի միսիոներուհիների նամակներն ու գրառումներն են։ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հիմքում ընկած է հայ ժողովրդի տանջանքների հանդեպ ամերիկացիների ցուցաբերած անսահման կարեկցանքի փաստագրությունը։

Փոլ Լևինը՝ Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտում

 Արա Մնացականյան 3

-Ձեր ֆիլմում գլխավոր դերակատարն ամերիկացի ցեղասպանագետն է, որը պատմում է փրկվածների և նրանց օգնողների, ինչպես վերնագրում է նշվում՝ բարի սամարացիների մասին՝ հաղորդելով հետաքրքիր տեղեկություններ։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ձևաչափը։ 

-Այդ ձևաչափն ընտրել է նախագծի գաղափարի հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը։ «Փրկության քարտեզ»-ի և «Ամերիկացի բարի սամարացիներ»-ի կառուցվածքային առանցքը, որի վրա, այսպես ասած, հավաքվում է ֆիլմը, հետազոտող պատմաբաններն են։ Նրա՛նք են ֆիլմում հանդիսանում այն ուղեկիցները, որոնց առաջնորդմամբ հանդիսատեսը քայլ առ քայլ շարժվում է ֆիլմի միջով։

Դե, այժմ պատկերացրեք, թե ինչպիսի խնդրի առաջ կանգնեցինք, երբ ամերիկյան նկարահանումների ավարտից հետո հանկարծամահ եղավ ֆիլմի առաջատար դեմքը՝ հետազոտողը, հրեա պատմաբան, հոլոքոսթի մասնագետ Փոլ Լևինը… Իսկ առջևում մեզ սպասում էին նկարահանումներ Լիբանանում, Իրանում, Հունաստանում, Թուրքիայում և Հայաստանում։ 

Աշխարհի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին փաստեր ուսումնասիրող Փոլ Լևինը

 Արա Մնացականյան 4

-Նկարահանումների ընթացքում գործ եք ունեցել տարատեսակ արխիվների, այլազգիների հետ․ ինչպե՞ս էին վերաբերվում Ձեր նախաձեռնությանն օտարները, կա՞ր աջակցելու պատրաստակամություն։

-Ընդհանուր առմամբ՝ վերաբերմունքը բարյացակամ էր։ Խոսքս ԱՄՆ-ի, Հունաստանի և Լիբանանի մասին է։ Բնական է, որ թուրքական արխիվներից չենք օգտվել։ Մեր պարագայում դա անիմաստ էր։ Թույլտվություն ստանալու մեր դիմումը կընկներ բյուրոկրատական շրջապտույտի մեջ, կանցնեին ամիսներ, իսկ արդյունքը կլիներ զրո։ 

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում նկարահանման մի դրվագ անջնջելի հետք թողեց իմ մեջ։ Այնտեղ պահվող փաստաթղթերը թվայնացված են և սիստեմավորված։ Հայոց ցեղասպանությանն առնչվող 200 000-ից ավելի փաստաթուղթ կա․ նամակներ, հաշվետվություններ, գրառումներ՝ սկսած սուլթան Համիդի ժամանակներից մինչև Աթաթուրք։ 

Մեզ ցույց տվեցին մի կարճ նամակ, որը գրել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթն ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին։ Դա ավելի շուտ ոչ թե նամակ էր, այլ ընթրիքի հրավեր։ Ի՞նչ արտառոց բան կա այդտեղ՝ պարզաբանեմ․ ընթրիքը պետք է տեղի ունենար 1915թ. ապրիլի 24-ին։ Պատկերացնո՞ւմ եք, այդ արնախում մարդասպանը պատրաստվում էր ընթրիք կազմակերպել և հյուրընկալություն անել այն օրը, երբ իր իսկ հրամանով նույն գիշեր պետք է վերացվեր հայ ժողովրդի սերուցքը…

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը

 Արա Մնացականյան 5

-Ի՞նչ խոչընդոտների եք բախվել տարբեր երկրների արխիվներից, գրադարաններից և թանգարաններից փաստագրական նյութեր հավաքելիս և մի շարք երկրներում նկարահանումներ իրականացնելիս, հատկապես՝ Թուրքիայում, որտեղ այս թեման զգայուն է։

-Թուրքիայում նկարահանումների շարքը ձգվում էր Վանից մինչև Ստամբուլ։ Բնականաբար, որոշ վայրերում մեզ մոտենում էին ոստիկաններ, նույնիսկ փորձում էին խոչընդոտել։ Նրանք տեսնում էին, որ նկարահանումը սիրողական չէ և հասկանում էին, որ մենք տուրիստներ չենք։

-Ֆիլմը ցուցադրելուց հետո ի՞նչ արձագանքներ եք ստանում հանդիսատեսից։

-Առ այսօր մենք ունեցել ենք երկու ցուցադրություն։ Ավելի շուտ՝ երկու պրեմիերա։ Ե՛վ Լոս Անջելեսում, և՛ Երևանում ցուցադրության ընթացքում ոչ մի հանդիսատես չլքեց դահլիճը։ Դա ինձ համար լավագույն գնահատականն է։ Ֆիլմը ծանր է և հագեցած՝ իր ձևով ու բովանդակությամբ ճնշող ինֆորմացիայով։ Դա վերաբերում է թե՛ ֆիլմում հնչող խոսքին, թե՛ պատկերին։ Եթե հանդիսատեսը դիտել է ֆիլմը մինչև վերջ, նշանակում է՝ այն հետաքրքիր է եղել։

Փոլ Լևինն ուսումնասիրում է Գերմանիայի Պոստդամ քաղաքի արխիվային նյութերը

 Արա Մնացականյան 6

Ի դեպ, հանդիսատեսների զգալի մասի համար հայտնություն էր ամերիկացիների օգնության մասշտաբը։ Ե՛վ հայ, և՛ նամանավանդ ամերիկացի հանդիսատեսն ուղղակի ապշած էր այդ փաստերից։ Լոսանջելեսյան պրեմիերային ներկա Գլենդելի քաղաքապետ Փաուլ Դեվինն իր ելույթում նշեց, որ շատ հաճելի զարմանք և հպարտություն է ապրում ամերիկացիների ցուցաբերած գթասրտությունից։ 

Այստեղ ես կուզենայի մեջբերել ԱՄՆ Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի խոսքը, որը նա գրել է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած իր հաշվետվության մեջ, Թուրքիայից վերադառնալուց հետո, ուր մեկնել էր հայերին օգնություն բաժանելու նպատակով․ 

«Մենք՝ օտար մի ժողովուրդ, որը կտրելով հազարավոր մղոններ եկել էր օգնելու հայերին, իր ներկայությամբ հույսի շող արթնացրեց նրանց մեջ և խթանեց, որպեսզի նրանք կարողանան փրկել իրենք իրենց։ Ամերիկան երբևէ այնքան հպարտ  և երախտապարտ չի լինում, որքան այն ժամանակ, երբ իր զավակներն օտար երկրներում կատարում են նման արժանապատիվ գործեր»։

Կլարա Բարտոն

Կլարա Բարտոն

-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը, քանի որ ենթադրվում է՝ նկարահանումների ընթացքում կուտակած ահռելի տեղեկատվական պաշարը կիսատ ներկայացված չի կարող մնալ։

-Ես շատ կուզենայի, որ գտնվեին ֆինանսական միջոցներ, որոնք կնպաստեն մեր ունեցած նյութերի հիման վրա պատրաստել 25 – 26 րոպե տևողությամբ 5-7-սերիալանոց ֆիլմ։ Այդպես մենք կկարողանանք օգտագործել շատ նյութեր, որոնք ժամանակի սղության պատճառով դուրս մնացին ֆիլմից, և այդ կարճ սերիաներն ավելի դյուրամարս կլինեն հանդիսատեսի համար։