Logo

Երկու տաղանդավոր անհատներ, որոնց հռչակի հիմքում հայ կանայք են

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:50 / 07.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
հայ կանայք

Մոլորակի տարբեր անկյուններում ապրող աշխարհահռչակ երկու անհատ՝ Պիեր Գարուն և Սթիվ Ջոբսը, մեկը՝ տաղանդավոր երգիչ, մյուսը՝ տեխնոլոգիաների հանճար, իրենց ստեղծագործական զարգացման հիմքում պարտական են կանանց, ընդ որում՝ հա՛յ կանանց․ Գարուն՝ տատիկին, Ջոբսը՝ մայրիկին։ Նրանք տեսել են իրենց զավակների յուրահատկությունն ու օգնել, որ կայանան։ Երկուսն էլ անսահման երախտագիտությամբ ու սիրով են խոսել այս կանանց մասին։

«Իմ հայ տատիկն է ինձ երգել սովորեցրել»

Garou

Այսօր աշխարհին հայտնի ու սիրելի ֆրանսախոս կանադացի երգիչ Պիեր Գարուի՝ «Notre Dame De Paris» մյուզիքլում Քվազիմոդոյի անզուգական դերակատարի ձայնը մարդիկ ճանաչում են անմիջապես, առաջին իսկ բառից, նրան շփոթել հնարավոր չէ։ 

Գարու

․․․Իսկ ամեն ինչ սկսվել է մանկության տարիներից, տաղանդը նրա մեջ նկատել է հայ տատիկը։ Գարուն (իսկական անունը՝ Պիեր Գարանյան), ծնվել է 1972-ին՝ Կանադայի Շերբուրք քաղաքում, հայի ընտանիքում։

Երբ Գարուն ընդամենը 3 տարեկան է եղել, ծնողները նրան կիթառ են նվիրել, իսկ երկու տարի անց սկսել է դաշնամուրի նոտաները սովորել։

«Իմ հայ տատիկն է ինձ երգել սովորեցրել, նա ինձ նաև հայերեն էր սովորեցնում, ասում էր՝ փոքրի՛կ, իմ հետևից կրկնի՛ր․ «Բարև ձեզ, ինչպե՞ս եք»: Նա հորդորում էր՝ «մեծերին պետք է հարգալից բարևել»»։

Պիեր Գարանյան

Մի անգամ էլ տատիկը փոքրիկ Պիերին գրկում է և կամաց ասում. «Մի օր այս ձայնը կանացի բազմաթիվ սրտեր կհուզի»: Ճակատագրական կանխազգացում։

«Notre Dame De Paris» մյուզիքլն արդեն փակվել է, սակայն Գարուն շարունակում է միլիոնավոր սրտեր գերել իր երգերով: Նա թողարկում է սոլո ձայնասկավառակներ և ելույթներ ունենում ամբողջ աշխարհում: Գարուն ամենուր սպասված արտիստ է։

 

«Դու յուրահատուկ երեխա ես, դրա համար էլ մենք քեզ վերցրինք» 

Սթիվ Ջոբս

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում հեղափոխություն կատարած Սթիվ Ջոբսը՝ Apple-ի ու NeXT-ի հիմնադիրը, IPad պլանշետները, iPod փլեյերները, iPhone հեռախոսներն ու Mac համակարգիչները ստեղծողը մեծացել է հայի ընտանիքում։ Նրան որդեգրել են Կլարա Հակոբյանը և Փոլ Ջոբսը, որոնք անսահման սիրով և հոգածությամբ են վերաբերվել Սթիվին ու աջակցել նրան բոլոր նախաձեռնություններում։ 

Տեխնոլոգիաների հանդեպ սերն առաջացել է Փոլի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունից․ հայրն աշխատում էր այդ ոլորտում, իսկ մայրը քնքշորեն սատարում էր որդուն․ Կլարայի մասին Սթիվն ամենուր արտահայտվել է անսահման երախտագիտությամբ։

Սթիվ Ջոբս 1

ԱՄՆ-ում հրատարակված «Սթիվ Ջոբս» գրքում հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը պատմում է, որ Կլարա Հակոբյանը ծնվել է Նյու Ջերսիում, նրա ծնողներն այնտեղ ապաստան են գտել Մալաթիայից, «Հայաստանի տարածքում Օսմանյան կայսրության և Թուրքական Հանրապետության իրականացրած դաժանություններից փրկվելու համար»։ 

Այզեքսոնը գրում է, որ արտարգանդային հղիությունից հետո Կլարան այլևս ի վիճակի չէր երեխա ունենալ, և «1955-ին, 9 տարի համատեղ կյանքից հետո, նրանք որոշեցին զավակ որդեգրել»։ 

Սթիվ Ջոբս 3

Վաղ տարիներից Սթիվ Ջոբսը գիտեր, որ իրեն որդեգրել են: 

«Ծնողներս երբեք չեն թաքցրել դա ինձնից»,- հիշում էր Սթիվը:

Նա պատմել է՝ երբ 6 տարեկան էր, իրենց տան բացատում նստած` հարևանի աղջկան ասել է իր որդեգրության մասին: 

«Նշանակում է, որ քո ծնողները չէ՞ին ցանկացել պահել քեզ»,- հարցրել է աղջիկը: 

 Steve Jobs

«Դա նման էր էլեկտրական հարվածի»,- պատմել է Սթիվը:- «Արցունքների մեջ ես վազեցի տուն: Երբ հայրս ու մայրս իմացան այդ մասին, մայրս աչքերիս մեջ նայելով և շեշտելով ամեն մի բառ` ասաց. «Ամենևին, դու յուրահատուկ երեխա ես, դրա համար էլ մենք քեզ վերցրինք»»։

Հայ մոր սիրտը տեսնում էր որդու յուրահատկությունը։ Սթիվ Ջոբսը Կլարային և Փոլին համարում էր իր իրական ծնողները: 

Steve Jobs 1
«Steve Jobs» գրքի պահանջարկը մեկ օրում աճել է 40․900 տոկոսով: