Logo

«Եվրատեսիլ 2022»-ին ռուսները քվեարկելու հնարավորություն չեն ունենա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:10 / 04.05.2022Համերգ
Եվրատեսիլ 2022

Ռուսները չեն կարողանա քվեարկել 2022 թվականի մայիսի 10-ին Թուրինում մեկնարկող «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների օգտին։ Այդ մասին հայտարարել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Կլաուդիո Ֆազուլոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆազուլոն բացատրել է, որ քվեարկությունը հնարավոր է միայն այն երկրներից, որոնք մասնակցում են մրցույթին. Ռուսաստանի ներկայացուցիչը Թուրինում ելույթ չի ունենա, ուստի ռուսաստանցիները չեն կարողանա քվեարկել իրենց տարածքից։

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ չեղարկվել է 2022-ին կայանալիք «Եվրատեսիլին» Ռուսաստանի մասնակցությունը։ Կազմակերպիչներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «Ուկրաինայում աննախադեպ ճգնաժամի ֆոնին այս տարվա ռուս թեկնածուների ընդգրկումը կվնասի մրցույթի հեղինակությանը»։

Այդ հայտարարության ֆոնին ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դենիս Մայդանովն առաջարկել է «Եվրատեսիլը» փոխարինել ժողովրդական կատարողների «Միր» մրցույթով։

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: