Logo

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 18.06.2020Գրադարան
FB cover 1 copy 2 - «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը նպատակ ունի զարգացնելու երեխաների հայերեն գեղարվեստական եւ վերլուծական խոսքը:

Ունենք ուրախ նորություն․․․

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը միացել է մեր ծրագրին եւ թատրոնի դերասանները ակտիվ երեխաների հետ վարպետության դասեր կանեն՝ նրանց գեղարվեստական խոսքի զարգացման ուղղությամբ:

Մեզ համար միշտ կարեւոր է եղել․․․

․․․որ երեխան կարողանա արտահայտվել իր ընթերցածի շուրջ, զարգացնել իր գեղարվեստական խոսքը, վերլուծական միտքը:  Եվ Ամառային ընթերցանություն ծրագիրը երեխաների հայերեն խոսքը զարգացնելու հրաշալի առիթ է ընձեռում:

Չմոռանանք ասել, որ ծրագրի մասնակցությունն անվճար է:

Նախորդ տարիներին մենք ունեինք գրքերի անվճար փոխանակման համակարգ եւ գրական միջոցառումներ ողջ ամռան ընթացքում: Կազմակերպում էինք միջոցառումներ ոչ միայն Երևանում:

Սակայն համավարակի պայմաններում․․․․

․․․․ անվտանգ չէր ո՛չ գրքերի փոխանակումը, ո՛չ գրական միջոցառումների կազմակերպումը: Մենք որոշեցինք ոչ թե հանձնվել այս իրողությանը, այլ՝ ընդունել մարտահրավերը: Այս տարի, առանց կտրվելու ընթերցանությունից, որոշեցինք երեխաներին գիտելիքներ տրամադրել՝ հմտանալու առցանց խոսքի կազմակերպման մեջ, տանը կատարելու ձեռքի ստեղծագործ աշխատանքներ, զարգացնելու միտքն ու երեւակայությունը:

Մեր այս տարվա ամենամեծ առավելությունն այն է․․․

․․․որ Ամառային ընթերցանությանը կարող են մասնակցել բառացիորեն բոլոր դպրոցահասակները՝ լինեն նրանք Հայաստանից, Արցախից, թե Սփյուռքից: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի:

Ուստի կոչ ենք անում․․․

․․․նաեւ Սփյուռքի ընթերցասեր երեխաներին ակտիվորեն մասնակցել մեր ծրագրին եւ եթե անգամ նրանք Զանգակի մանկապատանեկան գրքերից որեւէ մեկը կարդացել են հայերեն կամ բնօրինակ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ շվեդերեն լեզուներով, ապա կարող են փորձել այդ գրքի մասին խոսել հայերեն: Եթե նրանք կդժվարանան, ապա կարող են փորձել իրենց մտածողությանը հարազատ լեզվով:

Այս տարի ծրագրին մասնակցելու համար բավական է․․․

․․․որ երեխայի գրապահարանում լինի Զանգակի մանկապատանեկան գրքերից որեւէ մեկը:

Այդ գրքի շուրջ մենք առաջարկում ենք երեխային միասին պատրաստել գրքահոլովակ: Հոլովակին պատրաստվելիս նա պետք է իր ընթերցած գրքի վերաբերյալ կարողանա կառուցել նկարագրողական եւ վերլուծական խոսք, պատասխանի որոշակի հարցերի:

Գիտեք, ոչ այնքան հեռու անցյալում խցիկի առջեւ աշխատում էին միայն հեռուստահաղորդավարները: Այսօր խցիկի առջեւ են հայտնվել մեր երեխաները առանց բացառության: Որքան էլ մերժենք այս իրողությունը, նրանք վաղ թե ուշ սովորելու են խցիկի հետ վարվելու մշակույթը: Թող նրանք սովորեն մեր օգնությամբ եւ իրենց գիտելիքների լիարժեք կիրառությամբ, առանց կտրվելու ընթերցանությունից եւ գրքերից:

Մենք ունենք երեխաներ․․․

․․․որոնք ամռան ընթացքում 30-ից ավելի գիրք են ընթերցում: Լավ կլինի, որ նրանք կարողանան նաեւ աշխատել խցիկի հետ, քանի որ իրենց կրթական ապագան մեծապես կախված է լինելու առցանց հարթակներից:

Նաեւ առաջարկում ենք երեխաներին մասնակցել տարբեր ստեղծագործական ակտիվությունների, որ տեղադրում ենք յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 13.00-ին, ծրագրի ֆեյսբուքյան էջում: Այդ ակտիվությունները զարգացնում են նրանց ձեռքի եւ մտքի աշխատանքը միաժամանակ:

Ակտիվ մասնակիցների հետ․․․

․․․մենք կկազմակերպենք վեբինարներ եւ կաշխատենք անհատապես՝ զարգացնելու նրանց հմտությունները առցանց հանդիպումների եւ քննարկումների կազմակերպման, վարման եւ մասնակցության վերաբերյալ:

Քանի որ վեբինարը հաճախ ենթադրում է միակողմանի մասնակցություն, այսինքն՝ կան բանախոսներ և ունկնդիրներ, որոնք վերջում գուցե հարցեր ուղղեն բանախոսներին, մենք որոշեցիք, որ այդ ձևաչափը կխախտի մեր միջոցառումների ամենակարևոր սկզբունքը. այն, որ բոլոր երեխաները ակտիվ մասնակիցներ են: Ուստի կոչեցինք մեր վեբինարները վեբինար-աշխատարաններ, որոնց ժամանակ յուրաքանչյուր մասնակից կունենա իր դերը, կկարողանա ակտիվ մասնակցել, քննարկել և նոր բան սովորել:

Վեբինարները կվարի եւ երեխաների հետ կաշխատի մեր սիրելի Սոնա Հովհաննիսյանը, ով նախորդ տարիներին համակարգում էր գրական միջոցառումները:

 

Պատմեց Կարին Գրիգորյանը՝ «Զանգակ» հրատարակչության հանրային կապերի համակարգող

 

Գրքահոլովակները կարող եք տեսնել յութուբյան էջում

https://www.youtube.com/channel/UCqlATo4ZbrFUuhkLuuw-Qzw

 

Թե ինչպես պատրաստել հոլովակը, կարող եք իմանալ այս էջում

http://zangak.am/amar/tsragri_masin

 

Հոլովակը կարող եք ուղարկել այս ուղեցույցի համաձայն

https://www.youtube.com/watch?v=UqAvQhKvaRI