Logo

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Զելենսկու անունից զանգահարել են Ջոան Ռոուլինգին (տեսանյութ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 17.06.2022Հեղինակներ
Վովան-Լեքսուս-Վլադիմիր Զելենսկի

Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից զանգահարել են գրող Ջոան Ռոուլինգին։ Ինչպես բացատրել է Լեքսուսը (իսկական անունը՝ Ալեքսեյ Ստոլյարով), Ուկրաինայի նախագահն «անդադար զանգում է բոլորին», ուստի նրա զանգերը ոչ մեկին չեն զարմացնում, և հեշտ է հավատալ նման կատակին։ Բլոգերները կատակի տեսաձայնագրությունը ցուցադրել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, իսկ զրույցի ամբողջական ձայնագրությունը հրապարակել իրենց Rutube-ալիքում։

Վովանն ու Լեքսուսը Ռոուլինգի հետ քննարկել են արտասահմանում Ռուսաստանի «չեղարկումը» (զրույցի ձայնագրությունն ալիքի հեղինակները թարգմանել են ռուսերեն)։ «Հարի Փոթերի» հեղինակը համաձայնել է, որ այժմ չարժե ռուսական մշակույթի հանրահռչակումը, և հավելել, որ Մոսկվայի վրա պետք է ճնշում գործադրել մշակութային և տնտեսական առումով։ 

Հարցին, թե արդյո՞ք գրողի «Lumos» հիմնադրամի հավաքած միջոցները կարող են օգտագործվել ոչ թե ուկրաինացի երեխաներին օգնելու, այլ զենքի համար, նա պատասխանել է. «Այո՛, ես դա լիովին հասկանում եմ»։ Երբ «Զելենսկին» Ռոուլինգին ասել է, որ կարգադրել է «Ավադա Կեդավրա» գրել (Հարի Փոթերի գրքերից հայտնի սպանող կախարդանք) հրթիռների վրա, գրողը հավանություն է տվել։

Վովանը և Լեքսուսը նաև գրողին հարցրել են, թե արդյոք նա կարո՞ղ է փոխել Հարի Փոթերի սպիի ձևը կայծականմանից ուկրաինական եռաժանիի, իսկ հերոսի սանրվածքը՝ Զապորոժյեի ոճով՝ Ռոուլինգը խոստացել է մտածել։

Տեսանյութի վերջում բլոգերները Ռոուլինգին խնդրել են բարևել Զելենսկու «սիրելի գրողներին»՝ Վովանին և Լեքսուսին, և նա բարևել է։