Logo
ՄՇԱԿՈՒՅԹ / Նկարիչներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

18:00 / 24.06.2022Նկարիչներ
null

Ժամանակը վավերագրողը. զրույց Անտուան Ագուջյանի հետ

Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը. Հայ հիշողության հետքերը 1915-2022» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը հայրենիքում է: Ցեղասպանությունից փրկված ծնողների ժառանգությունն ուղեկցում է Անտուանին ամբողջ կյանքի ընթացքում. նրա ֆոտոպատումները դրա վկան են, որոնցում ներկան ու անցյալը միաձուլվել են:

30 տարի շարունակ Անտուան Ագուջյանը տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել իր ծննդավայր Ֆրանսիայում և այլ երկրներում, եղել իրարից տարբեր, բայց ինչպես ինքն է ասում՝ շատ նման արմատներ ունեցող պատերազմների վկան: Այնուհանդերձ, մշտապես հոգով իր արմատների հետ է, և իր ֆոտոխցիկի օբյեկտիվի կենտրոնում հենց տանջված հայրենիքն է:

Ծնողներից ստացած ժառանգությունը հետք է թողել լուսանկարչի հոգում, և նա հասկացավ, որ լուսանկարչության միջոցով կկարողանա ցույց տալ իրականությունն ու ներկայացնել այդ ժառանգությունը՝ վերհիշելով հայի պատմությունը, հիշողությունը, արմատները: 

Անտուան Ագուջյանը 30 տարի շարունակ շրջել է Մերձավոր Արևելքում ու Կովկասում, ֆոտոպատումներ ունեցել տասնյակ պատերազմներից: Իր աշխատանքները լույս են տեսել հեղինակավոր «Le Monde» և «Le Figaro» պարբերականներում: Իսկ 2011 թվականին նա դարձավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը Թուրքիայում:

«Լռության ճիչը․ հայ հիշողության հետքերը» խորագիրը կրող ցուցահանդեսով նա առաջին անգամ ներկայանում է նաև հայրենիքում: Այն ներկայացնում է հեղինակի մոտ 30 տարվա աշխատանքը։ Այդ ընթացքում Ագուջյանը լուսաբանել է Իրաքի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, նաև վերջին՝ 44-օրյա պատերազմը: Ֆոտոլրագրողն Արցախում էր 44-օրյա պատերազմի օրերին, համագործակցում էր «Le Figaro»-ի հետ և իր լուսանկարներով պատմում իրականությունը։

Անտուան Ագուջյանի խոսքով՝ իր նկարները դրամատիկ չեն, նրանք լույս են պարունակում դժոխքից հետո՝ այնպես, ինչպես հայի ճակատագիրն է. դժվար պատմության ու ժառանգության մեջ նույնիսկ հայն ամեն կերպ փորձում է կառուցել, ժպտալ, արարել․․․Պատերազմի ընթացքում Արցախը նման էր ուրվականի: Պատերազմի ավարտից հետո քաղաքն աստիճանաբար սկսեց ապրել, լույսեր վառվեցին քաղաքում: Հեղինակն իր նկարներում ցույց է տալիս հայի դիմացկունությունը:

Ցուցահանդեսը ներկայացնում են Բեռնար Գանիմյանը և «Ազնավուր» հիմնադրամը՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրների աջակցությամբ։ Ցուցահանդեսի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գասկոնի թատրոնը, «Երազ» պարային համույթը, MyOuai ընկերությունը, «Մուսկարի» ընկերությունը և «Արմենիա» հիմնադրամը։ 

Լուսանկարչի աշխատանքները կցուցադրվեն ՆՓԱԿ-ում մինչև հուլիսի 3-ը:

Զրույցն ամբողջությամբ՝

Զրուցեց Դինա Սամվելյանը

Լրահոս