Logo

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 13.03.2019Արվեստանոց
383A9685 min - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Այս նյութի հերոսուհին նորաձևության էքսպերտ և իրավաբան Մարինա Բարիկինան է:

Մարինա, դու ավարտել ես Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան, բայց նորաձևությամբ ես զբաղվում: Ինչպե՞ս ստացվեց, որ ուղղությունդ փոխեցիր:

Իրականում այժմ ես զբաղվում եմ և՛ իրավագիտությամբ, և՛ նորաձևությամբ, իսկ ինչ վերաբերում է վերջինիս հանդեպ ունեցած իմ անծայրածիր սիրուն, ասեմ, որ այն իմ մեջ բացահայտել եմ 1998 թ., երբ Ռուսաստանում լույս տեսավ Vogue ամսագիրը: 15-ամյա աղջնակ էի, բայց հետաքրքրվում էի նորաձևությամբ, և այդ օրվանից սկսած նորաձևության հանդեպ սերս տարեցտարի ուժգնանում է: Այնուամենայնիվ ընդունվեցի Իրավագիտության ակադեմիա, բայց վստահ էի, որ վաղ թե ուշ նորաձևության մասին եմ գրելու և խոսքս մարդկանց եմ հասցնելու: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կոնտինգենտն ինձ այնքան էլ դուր չեկավ, և քանի որ ես ընտրության երկու հնարավոր տարբերակ ունեի, այն է՝ գնալ իրավագիտոթյան ակադեմիա կամ էլ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ընտրեցի առաջին տարբերակը (ժպտում է): Ես ոչ մի բանի համար այսօր չեմ ափսոսում, քանի որ մասնագիտությունս շատ պետքական և մարդկանց միայն օգուտ է բերում: Ես համատեղում եմ գործս և սիրելի զբաղմունքս, գրում եմ, դասախոսություններ կարդում և մտածում, թե ինչպես կարող եմ կատարելագործվել:

 

Եթե հագնվել ես, դուրս ես եկել, քեզ թագուհի ես զգում, ապա գտել ես քոնը:

 

Մարինա,  կպատմե՞ս  Հայաստանի և քո միջև ինչ կապ կա:

Նախևառաջ ազգակցական կապն է: Ես ծնվել եմ Բաքվում, բայց շատ փոքր էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք ապրելու Հայաստան, ի դեպ մայրս հայ է: Պապիկս Բաքվում էր ապրում, բայց ավելի ուշ Երևան ուղևորվեց: Նշեմ, որ նա հայտնի ճարտարապետ-քաղաքաշինարար էր, և նրա շնորհիվ էլ ես խելակորույս սիրահարվեցի Հայաստանին: Այսօր ես Հայաստանն իմ փոքր տունն եմ համարում, ջերմություն և սեր եմ զգում վերջինիս հանդեպ:
Բացի ազգակցական կապերից, Հայաստանի հետ մշակութային կապերով եմ կապված, այստեղ ինձ ամեն ինչն էլ դուր է գալիս (ժպտում է): Ես փորձում եմ ընկերներիս էլ պատմել տանս մասին, նրանց Հայաստան եմ հրավիրում, պատմում մեր մշակույթի մասին, քանի որ քչերն են ծանոթ հայոց պատմությանն ու քչերը գիտեն, թե ինչքան հին և հարուստ պատմություն ունենք: Գիտես աղջիկս էլ է շատ սիրում Հայաստանը, և թեպետ ինձ հետ  համեմատած նրա երակներով ավելի քիչ հայի արյուն է հոսում, ամեն անգամ, երբ նրան հարցնում են ազգային պատկանելիության մասին, ասում է. «Ես ռուս հայուհի եմ» (ծիծաղում է):

383A9753 min 960x1440 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Լրագրության մեջ ի՞նչ դժվարությունների ես բախվել:

Դժվարություններ միշտ էլ եղել են ու կլինեն: Նորաձևության ոլորտում ամենամեծ դժվարությունն այն է, որ բոլորն իրենց ընկերներին ու բարեկամներին իրենց հետ ոլորտ են մտցնում, այսինքն՝ նկատի ունեմ, որ եթե Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից ես, իսկ որպես կանոն նորաձևության աշխարհն այնտեղից է, ապա ընկերներիդ էլ անշուշտ հետևիցդ ես տանելու, այսինքն՝ ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործում՝ սա ամենամեծ խնդիրն է:
Եթե խոսենք Հայաստանի նորաձևության ոլորտի խնդիրներից, ապա այստեղ ամենամեծ պրոբլեմն այն է, որ ոլորտի մասին գրեթե չգիտեն, որոշ մարդիկ էլ կարծում են, որ Հայաստանում նորաձևություն պարզապես գոյություն չունի, իսկ ոլորտի լրագրողների գերխնդիրը, ավելի ճիշտ կլինի ասել՝ առաքելությունը պետք է լինի մարդկանց այդ մասին տեղեկացնելը: Ընդհանրապես խնդիր է նաև այն, որ շատերը կարծում են, թե հասկանում են նորաձևությունից, մինչդեռ ոչինչ էլ չեն հասկանում: Ոլորտում գործունեություն ծավալելու համար բավարար չէ իմանալ Dior և Chanel բրենդները, կարևոր է իմանալ, թե դրանց մշակութային կոդերը որոնք են: Պետք է հստակ իմանալ, թե այս կամ այն բրենդն ինչ ծագում ունի:

 

Երբ մարդիկ նոր սկսեցին ապրել այս մոլորակի վրա, նրանք կենդանիների կաշվից հագուստ էին կարում և կրում, ես դա հասկանում եմ, բայց այսօր նրանք ընտրության հնարավորություն ունեն և պետք է հրաժարվեն այդ բարբարոսությունից:

 

Օրինակ վերջերս Margiela-ի մասին հոդված էի գրում: Գուցե գիտես, որ բրենդի հիմնադիրները բելգիացիներ են, իսկ նրանք էլ ծագումով՝ ֆլամանդացիներ, որոնք շատ հետաքրքիր ավանդույթներ ունեն նույն գեղանկարչության մեջ: Օրինակ Վան Դեյքը, Վան Էյքը, Ռեմբրանդը և մյուս նկարիչները հստակ հասկանում էին գույներից, խորասուզվում դրանց մեջ, քանի որ առանց դրա չես կարող հասկանալ անտվերպենյան դպրոցը: Նույն տրամաբանությամբ էլ գոյություն չունի ռուսական նորաձևությունը, թեպետ շատերը հակառակն են պնդում, բայց այն չկա, քանի որ ավանդույթներ չկան: Օրինակ, ի՞նչ է ռուսական կոստյումը: Անհիշելի ժամանակներից ռուսական կոստյումը հասարակ, ոչ մի բանով աչքի չընկնող և չտարբերվող կոկոշնիկներով, սարաֆաններով հանդերձանքն էր: Պետրոս առաջինից հետո ռուսները սկսեցին եվրոպական կոստյումներ կրել՝ դրանք էտալոն էին համարվում: Եվրոպայում պատկերն այլ էր՝ կոստյումը տարիների ընթացքում շատ է փոփոխվել,  իսկ ավելի ուշ այն լայն տարածում է ստացել նաև Ռուսաստանում: Ասածս գուցե մի փոքր տարօրինակ հնչի, բայց ես կարծում եմ, որ պետք է անգիր անել որոշ մշակութային առանձնահատկություններ, այլապես գլուխ չես հանի նորաձևությունից:

 

Պետք չէ ձգտել “well done” լինել, միշտ պետք է կերպարումդ որևէ անհամապատասխանություն լինի:

 

Ոլորտի մեկ այլ լուրջ խնդիրն է ինքդ քեզ ցույց տալը, այսինքն՝ անել այնպես, որ քո մասին լսեն, քեզ լուրջ ընդունեն: Երբ պետք է ինչ-որ ամսագրում աշխատեի, ինձ ասացին, որ առաջին կես տարին սուրճ եմ եփելու (ժպտում է), իսկ ես այն ժամանակ արդեն իրավաբան էի, և հասկացա, որ պատրաստ չեմ դրան: 16 տարեկանում գուցե համաձայնվեի, բայց 24-ում, երբ մասնագիտությամբ ես աշխատում, դժվար թե գնաս այդ քայլին: Այսօր չեմ զղջում որոշմանս համար, քանի որ ամեն օր փորձում եմ կատարելագործվել և ձգտել ավելիին: Ուզում եմ նշել, որ միշտ եմ գրել, անգամ երբ Իրավագիտության ակադեմիայում էի սովորում: Այն ժամանակ աշխատում էի “Gracia” ամսագրում, ավելի ուշ՝ “Look at Me” օնլայն հարթակում: Այսօր էջ ունեմ Ինստագրամում և բավականին ակտիվ եմ, բացի այդ “7sisters” օնլայն ամսագրի համար եմ գրում և մեծ բավականություն եմ ստանում գործիցս (ժպտում է):

383A9716 min 960x640 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Մարինա, ինչ ես կարծում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այսօրվա նորաձևությունը?

Ասեմ (մտածում է), այսօր շատ պոպուլյար է Մարի Կոնդոյի «Մաքրության արվեստը» գիրքը, որն այն մասին է, թե մարդիկ ինչպես պետք է ազատվեն ավելորդ իրերից, իսկ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն, թե այսօր ինչ զարգացվածության փուլում է ոլորտը, մարդը պետք է միշտ խելամիտ որոշումներ կայացնի, այսինքն՝ ընտրի այն, ինչն իրականում կրելու է: Անշուշտ շատ ֆիլմեր ես դիտել այն մասին, թե արտադրամասերում մարդիկ որքան են աշխատում, թունավորում իրենց օրգանիզմը, դրանից տուժում և դրա դիմաց գրոշներ ստանում ու մահանում վաղ տարիքում: Այդ խնդրին բախվում է Հնդկաստանը և մի շարք այլ զարգացող երկրներ: Հենց դրանով էլ պայմանավորված պետք է խելամիտ լինել և այս հարցում Margiela-ն հաջողություն է գրանցել: Նա ասում է, որ եթե ինչ-որ իր ունես, վերամշակիր այն, կամ գնիր այն, ինչ դու կկրես ոչ թե մեկ օր, այլ շատ երկար տարիներ: Ես կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է, քանի որ նորաձևությունը չպետք է սեզոնային բնույթ կր և այսօր շատ ու շատ դիզայներներ հրաժարվում են այդ մտքից:

 

Հետաքրքրություն կա, իսկ մենք էլ մեր հերթին պետք է նպաստենք ոլորտի զարգացմանը:

 

Օրինակ Azzadine Alaïa բրենդի դիզայներներից մեկը, որը կտրականապես դեմ էր սեզոնային հավաքածուներին, ասում էր. «Իմ հագուստը սեզոնի մասին չէ» :Գարնանը  ներկա գտնվեցի նրա՝ Փարիզում կայանալիք ցուցադրությանը, և ասեմ, որ ցնցված էի. հագուստն այնքան գեղեցիկ էր, ասես ցուցադրվում էին ոչ թե զգեստներ, այլ՝ քանդակներ: Ես կարծում եմ, որ չի կարելի այդքան սպառել, չի կարելի այդքան արտադրել, չի կարելի այդքան շատ իր դեն նետել, որովհետև դա ազդում է շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, իսկ դա էլ իր հերթին շատ բացասական հետևանքների է հանգեցնում: Ես գիտեմ, որ Հայաստանում էլ են այսօր դրա դեմ պայքարում, քանի որ դա էլ է մշակույթի մի մաս, այսինքն՝ պետք է ճիշտ վարվես այն ամենի հետ, ինչից ձերբազատվում ես. չէ որ անկախ նրանից, թե ինչից է պատրաստված հագուստը, քայքայվելու համար երկար ժամանակ է պահանջում:

Ճի՞շտ է, որ նախկին նորաձևության թրենդները վերադառնում են:

Գիտես, վերջին տարիների  տենդենցը “hype”-ն է, բայց նույն Balenciaga, Off-White, այսինքն՝ սպորտային հագուստը և “street style” նորաձևությունը, որը լայն կիրառություն ուներ, այսօր իր դիրքը զիջում է, քանի որ անգամ նույն հայտնի և ժամանակին մեծ աղմուկ հանած Balenciaga Triple S սպորտային կոշիկներն իրականում տգեղ են, իսկ երբ ամբողջ նորաձևությունն է դառնում այդպիսին, դա հոգնեցնում է: Այսօր, երբ հետևում ես նորաձևության շաբաթներին, տեսնում ես, որ մոդան մի քիչ հանդարտվել է, այսինքն՝ դեկոնստրուկտիվիզմը մնացել է, այն առկա է նաև  Margiela-ի մոտ, որի մասին միշտ շատ մեծ ակնածանքով եմ խոսում, քանի որ շատ եմ սիրում: Ամբողջ “hype”-ը նրանից դուրս է եկել, Գվասալիան էլ Margelia-ի տանն էր աշխատում նախքան Balenciaga-ի դիզայներ դառնալը, իսկ Գալյանոն այսօր շարունակում է վերջինիս ճիշտ ավանդույթը: Այսօր հիմնական տենդենցը ոչ սեզոնային, դասական իրերն են, որոնք կարող ես շատ երկար կրել, և ի դեպ շատ բրենդներ այսօր դրա վրա են կենտրոնանում:

 

Մոսկվայում կարող ես ցանկացած գումարով լավ հագուստ ձեռք բերել, քանի որ ասորտիմենտն է մեծ, բայց մի խնդիր կա, որի մասին չեմ կարող լռել՝  կանայք այստեղ սիրում են կրկնօրինակել մեկը մյուսին:

 

Կան իհարկե նորաձև սեզոնային իրեր, որոնք հետ են վերադառնում, բայց իմ ասածն այն է, որ պետք է հիշել, որ յուրաքանչյուր նորաձևության տուն իր ԴՆԹ-ն ունի և փորձում է միշտ վարվել այնպես, ինչպես հատուկ է իրեն: Օրինակ վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել Celine-ի շուրջ:  Celine-ը ԴՆԹ ուներ, իսկ ասում են իբր նա հին ֆրանսիական նորաձևության տուն է, որը 70-ականներին կանանց համար առօրյա հագուստ էր կարում, սակայն մեր մենք լավ գիտենք, որ Celine-ը ավելի երկար պատմություն ունի:
Մեր օրերում յուրաքանչյուր նորաձևության տուն փորձում է հավատարիմ լինել իր սպառողներին և ստեղծել ոչ սեզոնային հագուստ:

383A9734 min 1 960x1440 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Այս տարի ի՞նչ միտումներ կան:

Գույներից դեղձի գույնն է շատ բնորոշում այս տարվա նորաձևությունը, ինչպես նաև նորաձև է խակի գույնը: Մի քիչ խոսեմ այն ամենի մասին, ինչն ինձ է հոգեհարազատ:Ես շատ եմ սիրում աշխատանքային հագուստը, որն այնքան ունիվերսալ է, որ կարող ես նույնիսկ երեկույթի գնալուց  կրել:Խոսքը կոմբինեզոնի մասին է, ջինսե տաբատի, որը շատ մոդայիկ էր 80-ականներին և այսօր Alberta Feretti-ի, Balmain-ի նման նորաձևության տները նորից վերադառնում են դրան: Ամռանը խորհուրդ կտամ լայն շորտեր կրել, շապիկներ, կամ high waisted ջինսեր: Կհիշես, նախկինում մոդայիկ էին համարվում skinny ջինսերը, բայց այն կրելու համար պետք է շատ նիհար լինեիր, որոշ ստանդարտների համապատասխանեիր, իսկ ազատ ջինսը տաբատը կսազի և՛ լայն, և՛ նեղ ազդրերով կանանց և այն կքողարկի մարմնի բոլոր թերությունները:

Խորհուրդ կտամ կրել լայն տաբատ, կարճ 90-ականների ջինսե տաբատ: Ինչ վերաբերում է գույներին մոդայիկ են նաև երկնագույնը, բեժը, ընդհանրապես այսօր  բլոգերները, հայտնի մարդիկ, անգամ նորաձևության շաբաթները ձգտում են total beige look-ին: Ինձ շատ է դուր գալիս Դրիս վան Նոթենի հավաքածուն, որում գերակշռում են սպիկ, վառ կապույտ և վառ դեղին գույները: Այս սեզոնի համար խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել Isabel Marant-ի հավաքածուներում առկա ջինսերի տեսականուն:

 

Մարդիկ պետք է կրեն այն, ինչը կարող են իրենց թույլ տալ:

 

Այսօր մոդայիկ է նաև կաշվե հագուստը, թեպետ կաշվի հանդեպ վերաբերմունքն օրեցօր փոխվում է և շատ բրենդներ ամբողջովին հրաժարվում են բնական կաշվից, մորթուց, օրինակ նույն Cucci-ն էլ վերջերս հրաժարվեց դրանից և շատերը կհետևեն նրա օրինակին: Ես կարծում եմ, որ հագուստ պատրաստելու համար կենդանիներին սպանելը սխալ է, մենք ինչ է՝ վայրենի՞ ենք: Երբ մարդիկ նոր սկսեցին ապրել այս մոլորակի վրա, նրանք կենդանիների կաշվից հագուստ էին կարում և կրում, ես դա հասկանում եմ, բայց այսօր նրանք ընտրության հնարավորություն ունեն և պետք է հրաժարվեն այդ բարբարոսությունից:

Ինչ վերաբերում է զգեստներին, ասեմ, որ ես Prada եմ շատ սիրում: Prada-ն սեղանաձև զգեստներ է կարում, որոնք շատ հասարակն են ու գեղեցիկ, 90-ականներին էլ լայն կիրառություն ունեին, և ասեմ, որ հասարակ սև զգեստը միշտ էլ մոդայիկ է նայվելու և ըստ իսկ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում գոնե մեկ այդպիսի զգեստ պետք է լինի: Ընդհանրապես կարելի է Prada-ն որպես կողմնորոշից ընդունել: Ինչպես ասում էր Comme des Garcons-ի Ռեյ Կավակուբոն. «Կանոններն իմ գլխում են»: Այս խոսքերը կիրառելի են նաև Prada-ի դեպքում, քանի որ Prada-ն բոլորից մի քայլ առաջ է:

383A9654 min 960x1440 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Մարինա, իսկ ամենամեծ սխալը, որ կանայք գործում են, ո՞րն է:

Մոսկվայի կենտրոնում կանայք գրեթե սխալներ չեն գործում, նրանք հագնված են այնպես, ասես նոր են պոդիումից իջել: Ես իհարկե հասկանում եմ, որ այս հարցում մեծ է կյանքի բարձր մակարդակի, ինչպես նաև բազմաթիվ խանութների հասանելիության դերը, այսինքն Մոսկվայում կարող ես ամեն ինչ ընտրել, հասկանո՞ւմ ես: ZARA, Mango, Gucci, Chanel և այլ բրենդներ հասանելի են և այնպիսի մեծ քանակությամբ, որ ընտրությունդ միայն գրպանիդ պարունակությունից է կախված: Մոսկվայում կարող ես ցանկացած գումարով լավ հագուստ ձեռք բերել, քանի որ ասորտիմենտն է մեծ, բայց մի խնդիր կա, որի մասին չեմ կարող լռել՝  կանայք այստեղ սիրում են կրկնօրինակել մեկը մյուսին: Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ պետք է փնտրել ու գտնել այն, ինչ քոնն է, այն, ինչ մաքսիմալ լավ է քեզ բնորոշում և խոսում ներքնաշխարհիդ հետ, այսինքն՝ միշտ պետք է մտածես այս կամ այն իրը քեզ սազում է, թե ոչ:

 

Իհարկե զգեստներ էլ եմ սիրում, բայց պիջակը և տաբատն ըստ իս լավագույն համադրությունն է:

 

Օրինակ, եթե կարճ տաբատը մոդայիկ է, բայց դու ցածրահասակ ես, պետք է հրաժարվես դրանից: Հերիք է Մոսկվայում ինչ որ բան մոդայիկ համարվի, բոլորը գնում և կրում են այն, առանց մտածելու (ծիծաղում է):
Ինչ վերաբերում է հայ կանանց, նշեմ, որ այստեղ հնարավորություններն են սահմանափակ, լավ խանութների դեֆիցիտ էլ կա: Հայ աղջիկներն իհարկե շատ վառ են, բայց շատ են շպարվում, իսկ ես սիրում եմ, երբ քիչ են շպարվում, այսինքն՝ շեշտը դնում են կամ աչքերի, կամ շուրթերի վրա: Մեղավոր կզգամ, եթե չընդգծեմ, որ պատկերն իրականում դեպի լավն է փոխվում, բայց ես խորհուրդ կտամ ավելի շատ ամսագրեր գնել, կարդալ, ուսումնասիրել  հայտնի բլոգերների, նորաձևության էքսպերտների, լսել նրանց խորհուրդները, հետևել ինստագրամի ակտիվ և նորաոճ օգտատերերին: Պարտադիր չէ կրկնօրինակել նրանց՝ պարզապես նոր մտքեր կունենաս: Ախր գեղեցիկ է չէ՞ կոմբինեզոնը հագնել սպիտակ շապիկի հետ և երեկույթի գնալ, իսկ կերպարդ էլ համադրել օրինակ թեթև հասարակ կոշիկներով: Պետք է մոռանալ պլատֆորմայի մասին, թեպետ այս սեզոնի համար Prada-ն այդ տեսակ կոշիկ է պատրաստել և այն շատ գեղեցիկ է, բայց խորհուրդ կտայի ավելի հասարակ հագնվել:

 

Պետք է անգիր անել որոշ մշակութային առանձնահատկություններ, այլապես գլուխ չես հանի նորաձևությունից:

 

Այսօր հետևում եմ այն բոլոր փոփոխություններին, որոնք տեղի են ունենում այստեղ՝ Հայաստանում և ուրախանում եմ: Կարծում եմ՝ մեր աղջիկները շատ լավ տեսք ունեն թե՛ շպարված, և թե՛ առանց, բայց դե ես Երևանի մասին միայն կարող եմ խոսել, քանի որ Երևանից դուրս քիչ եմ եղել, բայց ընդհանուր առմամդ այն, ինչ տեսնում եմ, դուրս շատ է գալիս է: Սիրում եմ նաև մեր հայ դիզայներների աշխատանքը, օրինակ “Loom Weaving”-ը ինձ շատ է դուր գալիս և վստահաբար կարող եմ ասել, որ շատ ճաշակով, շատ որակով հագուստ է ստեղծում: Խորհուրդ կտամ նաև զգեստապահարանում ավելացնեք Loom-ի հայտնի մեծ հաստ սվիտերներից որևէ մեկը: Այն ոչ միայն ճաշակով է և տարբերվող, այլև դուք կխթանեք հայրենական արտադրությունը և կնպաստեք երկրի զարգացմանը: Այս տեսանկյունից շատ եմ հարգում վրացիներին, նրանք պարծենում են իրենց դիզայներներով, և մենք էլ պետք է իրենցից օրինակ վերցնենք (ժպտում է):

383A9603 min 960x640 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Մարին, իսկ ոճ ասելով, ի՞նչ ենք հասկանում:

Ես ոճը բնորոշում եմ որպես հոգեվիճակ, այն, թե քեզ ինչպես ես զգում, այն, թե ինչում ես քեզ լավ զգում: Ինձնից էլ երկար ժամանակ պահանջվեց, որ գտնեմ իմ ոճը: Նայում եմ 15 տարվա վաղեմության լուսանկարներս և զարմանում, թե ինչպես կարող էի այս կամ այն իրը կրել, թեպետ նշեմ, որ կան նաև իրեր, որոնք մինչ օրս էլ կրում եմ հաճույքով: Գիտես, իրականում մոդան միշտ էլ փոխվում է, իսկ ոճը այն է, ինչին դու տարիների ընթացքում գալիս հանգում ես, այսինքն՝ գտնում ես քոնը, այն հագուստը որում դու քեզ լավ և հարմարավետ ես զգում: Եթե հագնվել ես, դուրս ես եկել, քեզ թագուհի ես զգում, ապա գտել ես քոնը: Դրա համար էլ միշտ ասում եմ, որ չես կարող վազել նորաձևության ետևից և գնել այն, ինչ բոլորն են գնում, պետք էլ չէ (ժպտում է): Եթե օրինակ մոդայիկ է high waisted հագուստը, իսկ քեզ այն այնքան էլ չի սազում, ապա դասական հագուստ գնիր, քանի որ ամենից առաջ դու պետք է քեզ լավ զգաս այդ հագուստի մեջ:Ես մի քանի իր կարող եմ նշել, որոնք լավ կլինի, որ յուրաքանչյուր կին ունենա իր զգետապահարանում: Օրինակ պարտադիր պիջակ կամ ժակետ է պետք գնել, թեպետ շատերը պնդում են, որ պիջակը տղամարդու համար է, բայց ես կասեմ՝ ո՛չ, հենց պիջակ էլ գնեք, տղամարդու պիջակ, երկար պիջակ, որը կարգին oversize է, այսինքն՝ չափից շատ մեծ չէ, ոչ էլ շատ փոքր է: Այնուհետև գնեք high waisted ջինսեր, ցածրակրունկ կամ բարձրակրունկ կոշիկ, կարելի է ընտրել սպիտակ կամ սև կոշիկ, քանի որ այս գույները ցանկացած իրավիճակում կփրկեն քեզ:

 

Չի կարելի այդքան սպառել, չի կարելի այդքան արտադրել, չի կարելի այդքան շատ իր դեն նետել, որովհետև դա ազդում է շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, իսկ դա էլ իր հերթին շատ բացասական հետևանքների է հանգեցնում:

 

Նաև խորհուրդ կտամ թիկնոց գնել, ի դեպ Mango խանութում շատ գեղեցիկ թիկնոցներ կան, պարզապես պետք է ընտրել այնպիսին, որ այն լինի երկար, բայց ոչ մինչև կրունկը, ոչ էլ ծնկից ցածր, որ կարողանաս դրա հետ ցանկացած տեսակի շրջազգեստ կրել: Առհասարակ հագուստը մարդուն ինքնավստահություն է ներշնչում և այստեղ անգամ գինը էական չէ, պարզապես պետք է այն ճիշտ կրել և հաճույք ստանալ այդ պրոցեսից: Օրինակ ես ունեմ իրեր, որոնք շատ երկար ժամանակ է, ինչ զգեստապահարանումս են, բայց ամեն անգամ դրանք կրելիս, ես ինձ  շատ երջանիկ եմ զգում, քանի որ դրանք լավ էներգետիկա ունեն (ժպտում է):

Մարին, իսկ մազերի մասին ի՞նչ կասես:

Ե՛վ հայ, և՛ ռուս կանայք շատ են սիրում չափազանց կոկիկ մազեր: Եթե դու էլեգանտ հագուստ ես կրում, իսկ դրա հետ մեկտեղ մազերդ էլ չափիչ շատ լավ տեսք ունեն, շատ ձանձրալի պատկեր է ստացվում, դրա համար էլ միշտ խորհուրդ եմ տալիս միայն մեկ բանի վրա շեշտը դնել: Պետք է ֆրանսուհիներից այս հարցում օրինակ վերցնենք: Ֆրանսուհին հագնում է բարձրակրունկ կոշիկ, սեքսուալ շոր և անփութորեն կապում է մազերը և այնքան գրավիչ է, որ բառերով չեմ կարող նկարագրել: Նայում եմ այստեղի աղջիկները և կանայք սիրում են շատ կոկիկ մազեր, բայց այդ մոտեցումն ընդունելի է տարեց կանանց դեպքում՝ երիտասարդներն ավելի հասարակ պետք է լինեն:
Ես միշտ բերում եմ “well done” սթեյքի օրինակը: Ասում եմ, որ պետք չէ ձգտել “well done” լինել, միշտ պետք է կերպարումդ որևէ անհամապատասխանություն լինի: Օրինակ անկրկնելի Ջեյն Բիրկինն էր երիտասարդ տարիքում այդպիսին: Ջեյնը ծղոտե պայուսակով էր շրջում փողոցներով:

 

Այսօր մոդայիկ է նաև կաշվե հագուստը, թեպետ կաշվի հանդեպ վերաբերմունքն օրեցօր փոխվում է և շատ բրենդներ ամբողջովին հրաժարվում են բնական կաշվից, մորթուց:

 

Այսօր այդ տեսակ պայուսակը բոլոր երիտասարդ մոդայիկ աղջիկների պաշտամունքի առարկան է և աղջիկները կրկնօրինակում են Ջեյնին, բայց չէ որ այդ պայուսակով մարդիկ գնում էին շուկայից միրգ ու բանջարեղեն գնելու, իսկ այսօր այն թրենդային է: Գիտես, սա է  իսկական ֆրանսիական ոճը: Երբ խոսում ենք դրա մասին, բոլորը չգիտես թե ինչու պատկերացնում են Շանելի կերպարը, բայց ֆրանսիական ոճը դա չէ՝ ֆրանսիական ոճը երբ ինչ-որ մի բան պակասում է կերպարիցդ, բայց այնքան էլեգանտ ես, այնքան հետաքրքիր և գրավիչ, որ երբ փողոցով քայլում ես, մարդիկ շրջվում նայում են քեզ: Պետք է ձգտել դրան և ես կարծում եմ, որ հայ աղջիկները դրա համար ունեն բոլոր տվյալները, ամեն դեպքում նրանք շատ գեղեցիկ են: Պետք է հասկանալ, որ առանց մեկ տոննա շպարի էլ ես գեղեցիկ, առանց կոկիկ մազերի էլ ես գրավիչ, առանց արհեստական հոնքերի և թարթիչների էլ ես լավը: Ի դեպ ատում եմ արհեստական թարթիչները: Ես իհարկե հասկանում եմ, երբ սլավոնական արտաքին ունեցող աղջիկներն են ներկում հոնքերը, բայց երբ մերոնք են նման բան անում, նյարդայնանում եմ (ծիծաղում է): Ախր բնությունն արդեն իսկ բարի է գտնվել և օժտել է գեղեցիկ հոնքերով, էլ ինչո՞ւ դրանք փչացնել (ժպտում է):

383A9679 min 960x640 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Մարինա, իսկ ո՞ր դիզայներներն են քեզ վրա ամենամեծ ազդեցությունը գործել:

Ես շատ եմ սիրում Ժան Պոլ Գոտյեին, խենթանում եմ Prada-ի համար, ինձ համար նա առաջինն է, ես չեմ դադարում հիանալ նրանով՝ ի դեպ նա հզոր նկարիչ է: Շատ եմ սիրում Դրիս վան Նոթենին, Margiela-ին: Եթե ինձ հարցնեին, թե որ դիզայների հագուստն եմ պատրաստ ամբողջ կյանքում կրել, ես կնշեի Margiela-ին, քանի որ վերջինիս ոճն ինձ այսօր ամենահոգեհարազատն է: Ես ցանկանում եմ կրել լայն պիջակներ, շապիկներ, վերնաշապիկներ: Իհարկե զգեստներ էլ եմ սիրում, բայց պիջակը և տաբատն ըստ իս լավագույն համադրությունն է: Կոմբինեզոններ էլ եմ սիրում, շատ եմ սիրում և բոլորին եմ խորհուրդ տալիս գնել և կրել (ժպտում է):

Այսօր կանայք ամեն ինչ անում են, որ «վերադառնան» այն ժամանակներ, երբ “Sex and The City” սերիալը թելադրում էր՝ ինչպես հագնվել,ինչպես ճիշտ մատուցել ինքդ քեզ: Այդ մասին ի՞նչ կասես:

Այո, իրականում պետք է խոստովանենք, որ այդ սերիալը մեծ, շատ մեծ ներդրում ունեցավ նորաձևության զարգացման հարցում: Դու նայում ես թե ինչ հագուստներ են կրում հերոսուհիները և հասկանում, որ այն այսօր էլ է մոդայիկ: Օրինակ Dior-ի թամբ հիշեցնող պայուսակը, որը, թեպետ ընդունում եմ, որ արդեն ձանձրացրել է, հենց սերիալի շնորհիվ է հայտնի դարձել: Ի դեպ այն Գալյանոն է հորինել: Այսօր թրենդային է նաև Fendi-ի Baguette պայուսակը, որը 90-ականների ամենամոդայիկ իրերից մեկն է:

 

Դրա համար էլ միշտ ասում եմ, որ չես կարող վազել նորաձևության ետևից և գնել այն, ինչ բոլորն են գնում, պետք էլ չէ:

 

Եթե ավելի ծավալվենք 90-ականների մոդայից, պետք է նորից կրկնվեն և հիշեմ այդ թվերի ջինսերը, Adidas սպորտային կոշիկները, Vans, Converse կեդերը: Այսօր մոդայիկ է նաև փոքր ակնոցը, որը 90-ականներին ցանկացած կին իրեն մոդայիկ զգալու համար կրում էր:
Գլխարկներից խորհուրդ կտամ պանաման (panama hat), որը կարելի է ձեռք բերել օրինակ նույն Mango-ից դառնալ քաղաքում ամենամոդայիկը (ժպտում է): Ինձ թվում է՝ ես գրեթե գովազդեցի Mango և ZARA խանութները, բայց դրանք այսօրվա դրությամբ ամենահասանելին են և միևնույն ժամանակ շատ նորաոճ են (ժպտում է): 

Իսկ ներքնազգեստի մասին ի՞նչ կասես:

Այդ հարցում ես ամենալավ խորհրդատուն չեմ, անկեղծ ասած, ես մինիմալիստ եմ և կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ ներքնազգեստը հագուստի տակից չերևա: Ուղղակի խորհուրդ եմ տալիս ընտրել սպիտակ, սև կամ բեժ գույնի ներքնազգեստ:

383A9672 min 960x640 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Այսօր շատերն են կեղծ բրենդային հագուստ կրում: Հետաքրքիր է իմանալ քո կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Շատ վատ են անում (ծիծաղում է), ես դեմ եմ: Կարծում եմ, որ մարդիկ պետք է կրեն այն, ինչը կարող են իրենց թույլ տալ, հասկանո՞ւմ ես՝ ինչ նկատի ունեմ: Գնիր այն, ինչի համար գումար ունես, այլապես ծիծաղելի տեսք կունենաս: Բրենդային հագուստի պատճենը չի կարող շատ որակյալ լինել, մեկ է այն քեզ վաղ թե ուշ մատնելու է: Ես կարծում եմ, որ ավելի լավ է պայուսակդ նույն Mango-ից կամ ZARA-ից գնես, քան Gucci-ի պատճեն ձեռք բերես: Իհարկե դու կարող ես, ոգեշնչվաց Balenciaga-ի հավաքածուներից, զգեստ կարես, սակայն սա ուրիշ հարց է՝ դու չես կրկնօրինակում, դու ոգեշնչվում ես: Սարսափելի է, երբ կեղծ՝ պիտակն էլ վրան փակցված հագուստ են կրում և ես հույս ունեմ, որ այդ տեսակ խանութները Երևանից կվերանան:

LOOM Weaving -ի հետ համագործակցությունիցդ կպատմե՞ս:

Ինգայի հետ վաղուց ենք ընկերություն անում, և ինձ միշտ դուր է եկել բրենդը, ես այն հաճույքով եմ գնում և կրում: Անցած տարի էլ համագործակցեցինք, նկարահանվեցի նրանց համար և գուցե նորից համագործակցենք, հնարավոր է անգամ մայիսին:
Ես կողմ եմ, որ բոլորով նպաստենք հայկական նորաձևության ոլորտի զարգացմանը և հիշում եմ, երբ անցած տարի նկարներս հրապարակեցի, աշխարհի տարբեր կետերից ընկերներս գրում և հետաքրքրվում էին, թե այդ ինչ բրենդ է, և որտեղից կարող են ձեռք բերել:
Գիտես, հետաքրքրություն կա, իսկ մենք էլ մեր հերթին պետք է նպաստենք ոլորտի զարգացմանը:

 

Այստեղ ամենամեծ պրոբլեմն այն է, որ ոլորտի մասին գրեթե չգիտեն, որոշ մարդիկ էլ կարծում են, որ Հայաստանում նորաձևություն պարզապես գոյություն չունի, իսկ ոլորտի լրագրողների գերխնդիրը, ավելի ճիշտ կլինի ասել՝ առաքելությունը պետք է լինի մարդկանց այդ մասին տեղեկացնելը:

 

Այսինքն՝ հեռանկար կա:

Միանշանակ, պարզապես պետք է գտնես քեզ, քո տեղը այնպես ինչպես արեց դա LOOM-ը: Վերջինիս տրիկոտաժից կարված հագուստը և՛ գեղեցիկ է, և՛ հարմարավետ, և՛ տարբերվող, այսինքն՝ այն վառ արտահայտված ձեռագիր ունի: Պետք է գտնես ինքդ քեզ, մրցակցային առավելություն ունենաս, ցուցադրություններ կազմակերպես, և միայն այդ դեպքում կարող ես հրավիրել նաև հայտնի ամսագրերի ներկայացուցիչների, որ վերջիններս խոսեն և աշխարհին պատմեն բրենդիդ մասին, այսինքն՝ այս ոլորտում շատ կարևոր է, որ քեզ նկատեն, քո մասին խոսեն:
Այստեղ, Հայաստանում զարդերն են շատ հեռանկարային, քանի որ մենք լավ վարպետներ ունենք, շատ տաղանդավոր և գործից լավ հասկացող: Վերնիսաժում տասնյակ լավ վարպետներ կան, ուղղակի նրանք իրենց ճիշտ չեն մատուցում: Օրինակ, ես մի ծանոթ ոսկերիչ ունեմ, որին երկար ժամանակ է, ինչ համոզում էի, որ ինստագրամում էջ ունենա և իր աշխատանքները ցուցադրի, քանի որ շատերն էին ինձ նրա մասին հարցնում, իսկ ես չէի կարողանում մարդկանց ցույց տալ վերջինիս աշխատանքները: Ինձ հաջողվեց նրան համոզել… (ժպտում է):

Պետք է աջակցենք մեր հայրենակիցներին: Անցած տարի fashion forum կազմակերպվեց և ես կարծում եմ, որ հիասքանչ գաղափար էր: Դրա շրջանակներում պետք էր ցուցադրություններ էլ կազմակերպել և անել անգամ անհնարին, որ լուսանկարները Vogue ամսագրում հայտնվեին: Ասեմ, որ անհնարին ոչինչ չկա և ճիշտ կապեր հաստատելու դեպքում կարող ես ռուսական Vogue-ում էլ քեզ համար տեղ գտնել: Խորհուրդս սա է՝ ֆորումները համատեղել ցուցադրությունների հետ, քանի որ նորից եմ կրկնում՝ հագուստը պետք է տեսանելի լինի, մոդելները պետք է դրանք ճիշտ մատուցեն: Հայկական նորաձևության մասին պետք է անդադար խոսել: Կարևոր է նաև ճիշտ “product placement” կազմակերպել, այսինքն՝ պետք է անվճար օրինակներ տրամադրել արտասահմանում ապրող հայտնի մարդկանց, հատկապես հայերի, որ վերջիններս դրանք գովազդեն:

383A9656 min 960x640 - Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Մարին, սկսնակներին ի՞նչ խորհուրդ կտաս:

Հ՜մ (մտածում է), շատ նայել, ուսումնասիրել, չկրկնվել, կերպարներ գտնել, Mood board-ներ ստեղծել Pinterest կայքի օգնությամբ, ինստագրամում անպայման էջ ունենալ, ակտիվ լինել և պահպանել բոլոր այն էջերը, որոնք կարող են ավելի ուշ օգտակար լինել: Փնտրել, գտնել հետաքրքիր մարդկանց, ոգեշնչվել նրանցով, ուսումնասիրել նորաձևության ողջ պատմությունը: Պետք է միշտ աշխատես ինքդ քո վրա, միայն այդ դեպքում կհասնես ցանկալի արդյունքի:

 

Հայաստանն իմ փոքր տունն եմ համարում, ջերմություն և սեր եմ զգում վերջինիս հանդեպ:

 

Եվ վերջում, ի՞նչ պլաններ ունես:

Այս պահին չեմ կարող միանշանակ պատասխանել հարցիդ, քանի որ վստահ չեմ, բայց ցանկանում եմ դասախոսություններ կարդալ, փոխանակվել գիտելիքներով և փորձով բոլոր նրանց հետ, որոնք ցանկանում և դրա կարիքն ունեն, գուցե ինձ նաև ոճաբանի դերում փորձեմ (ժպտում է): Ժամանակը ցույց կտա, մտքեր իհարկե ունեմ, բայց դրանք դեռ պետք է կյանքի կոչել: Այս տարի կարծում եմ նաև ներկա կգտնվեմ նորաձևության ֆորումին (ժպտում է):

 

Զրուցեց՝ Մարիամ Սուքիասյանը
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Հատուկ շնորհակալություն Mamoor սրճարանին 

 

տես նաև՝ 

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ