Պրոդուկտիվ նևրոզ [էսսե Կիրովական-Թիֆլիս գնացքից] - VNews

Պրոդուկտիվ նևրոզ [էսսե Կիրովական-Թիֆլիս գնացքից]

Ընկերներիս երբևէ արած բոլոր գրառումները գնացքների մասին ինչ-որ ռոմանտիկ սենտիմենտներ էին խոստանում: Երբևէ լսածս բոլոր պատմությունները գնացքում գիշերելու մասին պարտադրում էին հետաքրքիր ծանոթություններ, ակնկալել էին տալիս ճանապարհի երկարությունից չսրտնեղող, ուրեմն և անշտապ ապրող մարդիկ: Ինձ ճանապարհ դնելիս Գոհարն ասել էր, որ գնացքի պարբերական չքչքոցը ամեն տեսակ քնաբերից լավ է խոր քուն բերում: Մայրս սպանախով կարկանդակներ էր թխել ու շարել ծղոտե զամբյուղի մեջ: Լիլիթը գտել էր պապիկի կաշվե, սովետական ճամպրուկն ու կարածս լողազգեստները դասավորել ըստ գունային հաջորդականության:

Ուրեմն, գնացքով ճամփորդելը խոստանում էր սիրուն ստացվել:

Երեկոյան 7-ն անց 45-ին գնանցքը Կիրովականի կայարանում էր, ես կանգնել էի հենց այնտեղ, ուր պիտի իր դուռը բացեր թիվ 3 վագոնը: Բարձրացա՝ մտքումս ունենալով բոլոր սիրուն ու արկածային թվացող պատկերացումները գալիք տասներեք ժամերի մասին: Հագուստս հարմար էր զրուցելու ու քնելու համար. մարմնագույն լայն թավշյա տաբատ, որը ժամանակին գնել էի իբրև գիշերազգեստ, ծաղկանկար բլուզ, որը կարելի էր կրել առանց ներքնազգեստի: Ուղեկցորդը տեղավորեց ճամպրուկս. նրա հաճելի սլավոնական արտաքինը ինձ հուշեց շնորհակալություն հայտնել ռուսերենով, իսկ նրանից հայերեն պատասխան լսելն, ինչ խոսք, ավելի հաճելի էր: Տեղավորվելուն պես ինձ հասանելիք սեղան աթոռը շրջեցի, դարձրի մահճակալ: Դիմացիս հարևանները երկու տարեց մանկաբարձուհիներ էին, ովքեր հավանաբար գնացքում էին դեռ Երևանի կայարանից: Նրանցից մեկը խաղաքարտերով գուշակում էր մյուսի դստեր ճակատագիրը: Ինձնից ձախ տեղավորվեց տեղացի մի քահանա, որին հազիվ ճանաչեցի քաղաքացիական հագուստով: Ինձնից աջ գյումրեցի մի աղջիկ պարբերաբար մոր ճարպակալած մեջքին նեխած սեխի հոտով քսուք էր քսում: Աղջիկն ինձ յուրահատուկ սիրուն էր թվում մինչև այն պահը, երբ սկսեց անդադար խոսել մոր հետ Բաթումիի հյուրատների գներից, հյուրատների տերերի խորամանկություններից, ու իր սեփական խորամանկությունից՝ չխաբվելու ու էժան տարբերակ գտնելու.

այդ գավառական տգետ աշխուժությամբ աղջիկն իմ առաջին տհաճությունն էր գնացքում, երկրորդը՝ նրա մոր անզուսպ հիացմունքն էր աղջկա շուստրիությանը:

Ուղեկցորդը 2 անգամ անցավ վագոնի մի ծայրից մյուսը, ստուգեց տոմսերն ու հաշվեց ուղևորներին: Քահանայի մոտ մի պահ կանգ առավ, խնդրեց ճամպրուկները տեղավորել մահճակալների տակ: Վերջինիս 3 մեծ ճամպրուկն ու մի սև ուսապարկը իմ ուշադրությունն էլ գրավեցին. քահանան, որը սովոր է սքեմ կրել, դժվար թե շատ հագուստի կարիք ունենար, մտածեցի ես։ Քահանան ում առաքինի ու ժուժկալ կյանքի մասին մեր քաղաքում շատ է խոսվում, նաև դժվար թե իր հետ ճամպրուկներով սնունդ տաներ: Ուղեկցորդն անցավ առաջ, իսկ իմ հետաքրքրությունը մնաց քահանայի կուպեում: Նա տեղավորեց բոլոր ճամպրուկները, բացի սև ուսապարկից, որի վրայից ձեռքը չէր քաշում: Ես սկսեցի հետևել նրա ամեն մի շարժմանը, բայց շուտով նա անշարժ պառկեց իր մահճակալին ու ինձ մնում էր հետևել միայն նրա շնչառությանը, որի ռիթմը տեղ-տեղ կորցնում էի լեննականցի կնոջ հիստերիկ հռհռոցի պատճառով: Մթնում էր: Պատուհանից սևի տարբեր երանգներով թեթև ուրվագծվում էր տեղի վայրի բնությունը:

Չէ՛, գնացքի չքչքոցը ոչ միայն չէր հանգստացնում, այլև իմ երբևէ ունեցած բոլոր կպչուն մտքերից ավելի կպչուն էր, ավելի ականջ ծակող քան գիշերվա լռության մեջ տատիս տան մեծ ժամացույցի պարբերական թիք-թաքը:

Մանկաբարձուհիները ճպճպացնելով ուտում էին արդեն ոչ թե սովածությունից այլ պարապությունից, ուղեկցորդը ընկերակցություն էր գտել լեննականցի մայր ու աղջկա մոտ ու կարծես թքած ուներ քահանայի ճամպրուկների պարունակության վրա: Արդեն կերած-խմած մարդիկ հերթով ու առանց իրար հերթ տալու անդադար գալիս-գնում էին, մարդիկ, ովքեր զուրկ էին համակեցության տարրական կանոններից իծնե: Տղամարդիկ, ովքեր վագոնից վագոն էին գնում միայն մի կիսատաբատով: Կանայք, ովքեր հռհռում էին առաջին պատահած տղամարդու տափակ կատակներից: Հեռվում ինչ-որ կուպեից լսում էր վերջին օրերի հեղափոխության ամենա հակահեղափոխական երգը, ուղևորները ոգևորվում ու ամեն մեկը կրկներգից մի բառ էր բղավում՝ «հայեր ջան», «քայլ արա» «դուխով». այդ անտանելի երգը երբեք այդքան անտանելի չէր եղել:
Հակահեղափոխությունը հենց նրանք են, մտածեցի ես, գնացքում ոտաբոբիկ քայլող, իրենց հետևից զուգարանի դուռը չփակող, անցնելիս ծնկներիս դիպչող այս մարդիկ: Մարդիկ, ովքեր հեղափոխությունն ընկալում են իբրև թրենդային երգ, իբրև բռենդ դարձած լոզունգ, որը, վստահ եմ, շատ շուտով բացի գլխարկներից իր կիրառությունը կգտնի նաև վարտիքների վրա… Բայց այս բոլորն ինչ-որ հպանցիկ մտքեր էին, որոնք դեռ կարողանում էին մերթ ընդ մերթ շեղել ինձ՝ դեռ անշարժ պառկած քահանայից: Կարծում եմ՝ պահն է նաև նշել, որ չնայած Գոհարի հորդորներին, վերջին պահին դեղատնից 3 հաբ մելակսին էի գնել, ու արդեն հասցրել էի 3-ն էլ կուլ տալ,

ու թեև քունս չէր տանում, գիտակցությունս կամաց իր տեղը զիջում էր սննդի, էժանագին օծանելիքի ու ծխախոտի հոտերի բոհեմական համադրությանը:

12-ն անց էր, երբ հասանք վրացական անցակետ: Երկու տղամարդ ու մի կին մտան մեր վագոն, ուղեկցորդը նրանց ողջունեց ու մի քանի նախադասություն փոխանակեց վարժ վրացերենով: Հմմ, հաճելի սլավոնական արտաքինով տղա, որը հիանալի տիրապետում է նաև հարևանների ոչ միջազգային լեզվին, որը դեռ ժամեր առաջ բարեկամաբար խորհուրդ տվեց քահանային տեղավորել ճամպրուկները մակճակալի տակ և որի մոտ որևէ հարց չառաջացավ, թե ինչ կա դրանցում: Մտքերիս ընթացքն ինձ տարան դեպի հաջորդ կասկածելի փաստը. ամբողջ վագոնը լեփ-լեցուն էր ու միայն քահանայի կուպեում մնացած 3 տեղերն ազատ էին. մի՞թե զուտ ինչ-որ հասարակ պատահականությամբ հենց այդ տոմսերը չէին վաճառվել: Վրացիները սկսեցին հավաքել անձնագրերը: Նրանցից մեկը՝ խիստ հայացքով մի կին, սովորականից երկար կանգնեց քահանայի մոտ, ես նրան տեսնում էի մեջքից, բայց վստահ էի, որ հայացքը քահանայի ճամպրուկներին է: Ես նաև վստահ էի, որ ուր որ է կինը կհրամայի բացել ճամպրուկները: Կինը 2 դանդաղ քայլերով մոտեցավ քահանային: Ես վստահ էի, որ մի քանի վայրկյան էլ… ես վստահ էի, որ հենց հիմա…

Կինը գնաց:

…Իսկ եթե նա ակնկալում էր քահանային այդտեղ տեսնել, իսկ եթե նա գիտեր, իսկ եթե դանդաղեց, որպեսզի համոզվի, որ թիվ 3 վագոնի 4-րդ կուպեյում հենց նա է, ուրի մասին գուցե իրազեկված էր բայց երբևէ չէր տեսել: Կամ գուցե դանդաղելը կապված էր ոչ թե քահանային ճանաչելու հետ, այլ համոզվելու, որ ամեն ինչ ընթանում է պլանավորված հունով: Իմ ենթադրյալ հանցախմբում արդեն երեքն էին՝ քահանան, ուղեկցորդն ու վրացուհին: Գուցե նաև տոմսավաճառը, որը թափուր էր թողել քահանային շրջապատող նստատեղերը:

Գնացքը շարժվեց:

Ուղևորներից ամեն մեկը տեղավորվեց իր քնելու դիրքին հարմար: Իմ՝ րոպե առ րոպե մթագնող գիտակցությունը փորձում էր ինչ-որ եզրահանգում գտնել, բայց ամեն անգամ որևէ տրամաբանական կապ գտնելիս, մտքիս ընթացքն ընդհատվում էր գնացքի չքչքոցով, ինչ-որ մեկի բարձր հոգոցով, մեկ ուրիշի խռմփոցող, հեռվում չքնած մեկի հռհռոցով: Լռության մեջ եղած սակավ ձայներն անհամեմատ ավելի շատ են թվում, որովհետև դու կարողանում ես դրանք տարանջատել, ընկալել՝ առանձին-առանձին: Վերջին ամիսների անքնության ֆոնին, ես առաջին անգամ կռիվ էի տալիս կոպերիս իջնող ծանրության դեմ. մի՞թե մի քիչ չարաշահած քնաբերի դոզան ավելի ազդեցիկ կգտնվի քան մոտալուտ վտանգի վախը, քան ինքնապահպանման մարդկային բնազդը: Ցանկացած աննշան շարժ, չպլանավորված շշուկ կարողանում էին շեղել իմ ուշադրությունը: Իրենց մահճակալների սահմաններից դուրս եկող մարդկային մերկ ոտքերը հիվանդագին ասոցիացիաներ էին առաջցնում ֆիլմերում երբևէ տեսած հոլոքոստի տեսարանների հետ: Պատկերները կամաց լղոզվում էին, ու կենդանության վրջին նշաններ ցույց տվող մահամերձի պես, միայն մեկ-մեկ կարողանում էի տեսնել շրջակայքս հստակությամբ:

Չքչքոցը, ոմանց խռմփոցը, լեննականցի կնոջ հռհռոցը, մնացածի բարձր շնչառությունը գնալով դառնում էին միալար, խուլ աղմուկ…

Եթե հիմա ռեժիսորական սցենար գրելիս լինեի, ճիշտ պահն էր գրելու՝ սև դադար, և հետագայում՝ ֆիլմում այդ դադարը կձգվեր մի քանի ժամ, մինչև ուղեկցորդը կարթնացներ ինձ Թիֆլիսի կայարանում, ու ես՝ դեռ աչքերս լրիվ չբացած կկարդայի նրա բեյջի վրա գրված հայկական անուն ազգանունը: Նույն սիրալիրությամբ, ինչպես դիմավորելիս, նա կօգներ ինձ իջեցնել ճամպրուկս: Ինձ ընդառաջ կգային տեղացի տաքսիստներ, և ճիշտ իրենց հայ կոլեգաների պես ճմռթված ռուսերենով կառաջարկեյին տեղ հասցնել: Ինձ տաքսիից բաժանող մի քանի մետրի վրա ես հերթով կնկատեյի գիշերվա ծանոթ դեմքերը: Առավոտվա պարզ լույսի տակ նրանք այլևս այդքան կասկածելի չէին: Ուղեկցորդը նույնքան գեղեցիկ չէր, ինչպես երեկ: Իսկ քահանան… «քահանան» ուղղակի շարքային մորուքով տղամարդ էր, ում՝ իմ կարճատեսության, ընդունածս հաբերի ու ասոցիատիվ մտածողության արդյունքում նմանեցրել էի կիրովականցի մի քահանյաի: Միակ մխիթարանքը մնում է՝ կարծել, որ իմ հիվանդ վախերն ու ֆանտազիաները պրոդուկտիվ են գոնե ստեծագործական առումով, հակառակ դեպքում կարելի է պարբերաբար գնալ հոգեբանի մոտ, ազատվել դրանցից ու հանգիստ ապրել՝ գնացքում նայելով ոչ թե հարևաններին, այլ՝ պատուհանից:
Հ.Գ. Հոգեբանները բարոյական մարմնավաճառներ են, ում վճարում ես, որ քեզ հավատացնեն, թե ամեն ինչ լավ է: Դերասանները, ինչպես ասում էր կուրսղեկս, մարմնավաճառներ ու կամակոր երեխաների խառնուրդ, ովքեր վաճառում են իրենց ունակություններն ու պահանջում, որ հիանաս իրենցով: Դե իսկ մենք՝ դեռ չդարձած ռեժիսորներս, հոգեբանների ու դերասանների խառնուրդ, ովքեր նաև պարբերաբար իրենց աստծո տեղն են դնում:


Քաղաքներում երջանկություն չկա. [ներանձնային/նեղ անձնական էսսեներ]

Այսօր հարմար օր է մեռնելու համար. [էսսե]

Գրողի տարած քաղաքը [էսսե]

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել…

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ… [էսսե]

Ժենիկ

Մենք 21֊րդ դարի ջահելներն ենք՝ հեռանկարային ու պայքարող [էսսե]

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Ամփոփվեց էսսեների մրցույթը