fbpx

Վլադիմիր Պուտինը կարդում է [9 գիրք]

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ներկայացնում է իր ամենասիրելի գրքերը:

1. Իմաստության գինին/The Wine of Wisdom
Հեղ.՝ Օմար Խայյամ

«Կինս ինձ մի հիանալի նվեր է մատուցել՝ Օմար Խայյամի բանաստեղծությունները: Ծանր իրավիճակներում այն ինձ շատ է օգնում: Ես խորհուրդ եմ տալիս գնել այս գիրքը»:       
Վ. Պուտին

Այս գրքում զետեղված են պարսից միջնադարյան փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ և բանաստեղծ Օմար Խայյամի քառյակները, նրա կյանքը և փիլիսոփայությունը: Ընթերցողը կծանոթանա Արևելքի ամենից մեծ մտածողներից մեկին, նրա այլաբանական, ինչ-որ տեղ միստիկ պոեզիային: Խայյամը խոսում է կյանքի անցողիկությունից, գեղեցիկ ու անհոգ ապրելուց:

2. Երեք հրացանակիրները/ The Three Musketeers
Հեղ.՝ Ալեքսանդր Դյումա

«Ես հաճույք եմ ստանում՝ ընթերցելով Դյումայի գրքերը»:
 Վ. Պուտին

Ալ. Դյումայի այս հանրահայտ գիրքը ներկայացնում է հրացանակիր դառնալու մտադրությամբ տնից հեռացած դ’Արտանյանի և և իր երեք ընկերների՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածները:

3.Կարամազով եղբայրները/ The Brothers Karamasov
Հեղ.՝ Ֆեոդոր Դոստոևսկի

Վ. Պուտինն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իր ամենասիրելի հեղինակները Տոլստոյը և Դոստոևսկին են:

«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆ. Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որն ամփոփում է հեղինակի ստեղծագործական բոլոր ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում:

 

4. Ոճիր և պատիժ/ Crime and Punishment
Հեղ.՝ Ֆեոդոր Դոստոևսկի

Սա Դոստոևսկու ամենանշանավոր ստեղծագործություններից է, գրողի մտահղացումները, նրան հուզող խնդիրները հանրագումարի բերող վեպ:
Վեպի գլխավոր հերոսի՝ Ռասկոլնիկովի կերպարի միջոցով հեղինակը բացահայտում է մարդու հոգեբանության բազմաթիվ նուրբ և երբեմն չշոշափված գծեր:

5. Աննա Կարենինա/ Anna Karenina
Հեղ.՝ Լև Տոլստոյ

Այս վեպը Լև Տոլստոյի գլխավոր երկերից է: Գրքում զուգահեռաբար զարգանում է երեք ընտանիքների՝ Կարենինների, Օբլոնսկիների և Լևինների պատմությունը: Այնուհետև այդ երեք գծերը, զարգանալով իրարից անկախ և ուրույն հետաքրքրություններով, միահյուսվում, դառնում են մի ամբողջություն՝ արտահայտելով հեղինակի խոհերը ընտանիքի ճակատագրի մասին:

6. Երգող սիրտը. գիրք՝ մեղմիկ հայեցողությունների/ The Singing Heart: A Book of Quiet Reflections
Հեղ.՝ Իվան Իլյին

Գիրքը պատմում է մարդկային էության ու բարոյականության, բնության գեղեցկության, Մարդ-Աստված կապի մասին:  Հեղինակը շատ հարցերի մոտենում է փիլիսոփայության տեսանկյունից:

7. Մարդու ճակատագիրը/ The Destiny of Man
Հեղ.՝ Նիկոլայ Բերդյաև


Նշանավոր սոցիոլոգ Բերդյաևն այս գրքում ներկայացնում է էթիկայի մի նոր տեսակ, որը ոչ միայն բարու և չարի, այլ նաև ողբերգության ճանաչումն է, որը, ըստ նրա, անընդհատ ներկա է մարդու կյանքում՝ բարդացնելով այն:

8. Ում մահն է գուժում զանգը/ For Whom the Bell Tolls
Հեղ.՝ Էռնեստ Հեմինգուեյ

«Հեմինգուեյից խորհուրդ կտամ «Հրաժեշտ զենքին», «Ում մահն է գուժում զանգը» և «Ծերունին և ծովը» երկերը»:

Վ. Պուտին   

Հեմինգուեյի այս վեպի գլխավոր հերոսը Ջորդանն է՝ մի ուսոցիչ, որն իր սերն է գտնում Իսպանիայի քաղաքացիական պատերազմում: Հեղինակը գրել է՝ այն գիտելիքները, որ ունի պատերազմներից, ձեռք է բերել Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ վիրավորվել է շտապօգնության մեքենա վարելիս:

9.Որսորդի հիշատակարանը/ Sketches from a Hunter’s Album
Հեղ.՝ Իվան Տուրգենև

Սա 25 իրական պատմություններից բաղկացած ժողովածու է, որի հիմնական առանցքը որսորդական թեմատիկան է: Այս գրքի շնորհիվ ավելի խորությամբ կարելի է ճանաչել Ռուսաստանն ու ռուս մարդուն: