fbpx

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

ԾՆՈՂԱԿԱՆ ՉԱԹ

ԿԱՄ ՊԻԵՍ ԱՆՎԵՐՋ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ծնողական չատը ծանր, դրամատիկ, բարդ հանգուցալուծումներով, ասեմ ավելին՝ պսիխոդելիկային հասնող ժանր է:

Երկար կիրառելուց հետո ամուր նյարդերով մարդու մոտ նկատվում են հոգեկան շեղումներ, անհանգիստ հազ, առիթմիա և վահանաձև գեղձի ինքնահրկիզում:

Այն ոչ միայն քայքայում  է քեզ ներսից, այլ սպառնում է վտանգի տակ դնել ընտանիքիդ խաղաղությունը, բարոյահոգեբանական կերպարդ, արժեքներիդ տեսլականը (յա՜խք, զզվում եմ էս բառից) և իհարկե, հեռախոսիդ մարտկոցը:

Եվ ահա թե ինչու.

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա Գայանե անունով մեկը, որը համաձայն է ամեն առաջարկի հետ, մենակ թե` «ասեք տեղը, ժամն ու ինչքան»:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում  կա մեկը, որը հայոց փափկասուն տիկնանց հայատառ գրելու առաջարկություն կանի՝ նախատինքի շրիֆտով, այն դեպքում, երբ վերջինս, ասենք օրինակ, պարսկահայ, կամ սուրիահայ, կամ, որ ավելի վատ է, շուռ տված, ռսացած հայ լինելով հանդերձ` օգտագործում է այնպիսի բառեր, դարձվածքներ, որոնց բացատրության համար Աղայանն էլ չի փրկի հերիք չի, դեռ մի հատ էլ խեղճ մարդը շուռ կգա գերեզմանում:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը միշտ գրում է մեծատառ՝ խոսքը կամ առաջարկությունն ավելի լրջացնելու ու ծանրակշիռ դարձնելու  համար:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը, վերջին մենթի պես, բոլոր նամակները  լուռ կկարդա, ստիկերներն ու գիֆերը կտեսնի՝ առանց մի ծպտուն իսկ հանելու: Նա գիտի ամեն ինչ բոլորի մասին. ով որտեղ է ապրում, քանի երեխա ունի, կեսուրը հաց ուտելուց ջուր խմում է, թե չէ, և ի՞նչ է ուզում վերջապես կինը: Բայց չի կիսվում այս հույժ կարևոր տեղեկատվությամբ՝ հաշվի առնելով մասնագիտական պարտավորվածությունները:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, ով մի՜շտ-մի՜շտ համաձայն չի ցանկացած առաջարկի ու նախագծի հետ: Նույնիսկ համաձայն չի օրվա տևողության, ձմեռային ժամային գոտի հասկացության և եկեղեցում խորանի մոտ ամուսնուն հնազանդ լինելու հետ:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա «ուսուցչի մարդ» առաջին կարգի մասնագետն ու դերակատարը, որին կուլիսներում կոչում են «սուֆլյոր» կամ «ֆրոնտավիկ»:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը համարվում է դասարանի բուժակը: Նա, իհարկե, մասնագիտությամբ լադշաֆտային դիզայներ է, ուղղակի տարերքը բժշկությունն է: Մեկը հիավանդացավ թե չէ, միանգամից գրում է դժվար արտաբերելի դեղերի անունները, որը ինչի հետ օգտագործեն, երբ ու ինչ չափաբաժնով: Ու վերջում բանը հասնում ա նրան, որ բժիշկ- դիզայները առաջարկում է դպրոցը մի շաբաթով փակել ու կարանտին հայտարարել:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որի հարցերը ծլում են գիշերվա միլիոնին: Ասենք` «Գայանե՛ աղջիկ, քնա՞ծ ես, քեզ մի հարց ունեմ»:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը գումար է   հավաքում գրքերի, տետրերի, գրիչների, երկշերտ անձեռոցիկի և դասվարի քեռու կնոջ հորեղբոր աղջկա սատկած կատվի պանիխիդայի ծաղիկների  համար՝ այս ամենը արդարացնելով շատ սրտառուչ – մեծատառ, լատնատառ տողերով՝ INCH ANUM ENQ, EREXEQI HAMAR ENQ ANUM:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մամա զարթուցիչ, որը բարլուսախառը օդային պաչիկով սրտիկի ստիկեր կուղարկի՝ բոլորին մաղթելով  բարի լույս, քաջ առողջություն, նպատակների իրականացում, երջանկություն նորապսակներին և իհարկե, շութափույթ առողջություն Պողոսյան Պետրոսիկի Հակինթ տատիկին, ում ճնշումը էս վերջերս տատանվում էր:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կան մայրիկներ, որոնք «Ընկեր Պտղունցիկ, կամ ԸՆԿԵՐ ՂԱՍԱԲՅԱՆ, այսօր ՅՈՒՂԱԲԵՐ ԹԻԹԻԶՅԱՆԸ կբացակայի. թեթև հարբուխ ունի և լուծ է» նամակին պարտաճանաչ կպատասխանեն.

-Առողջություն:

-ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ!!!

-Ա-ՌՈՂՋ-ՈՒԹ-ՅՈՒՆ՜՜՜

-Aroxjutyun😊

-առօխչուցյուն🥀

-Երեխեք, ՅՈՒՂԱԲԵՐ ԹԻԹԻԶՅԱՆԸ ո՞ր մեկն ա??

-Էն կարմիր պայուսակով, սև երկար մազերով ու Բախտիյար ՉԻՉԱԿՅԱՆԻ կողքը նստող աղջիկը:

-Բա ԲԱՂՏԻՅԱՐ ՉԻՉԱԿՅԱՆԸ ո՞վ ա:

-Անանուխով թեյ տվեք:

-Կոֆեն էլ ա օգնում:

-👍👍👍👍👍👍👍👍

-Հանկարծ տատիկին չլսեք,  երեխուն կլիզմա չանեք:🤐

-😡😡😡😡😡 (Յուղաբերի տատիկ)…

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում  կա մեկը, որը Սուրբ ՎԱԶԵԼԻՆԻ տոնը սրտանց կշնորհավորի` ուղարկելով իրար գրկած տղամարդկանց ստիկերներ:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը կարմիր մեծատառերով կհիշեցնի, որ այսօր բարության օրն է, եթե բարի ես համարում  ընկերուհուդ, ապա ուղարկիր նրան այս նամակը, իմ մասին էլ չմոռանաս: ՈՒ այս ամենը լցոնած սրտիկներով, թիթեռներ գզզող ծաղիկներով և հոգեմետ դեղերով:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը կկասկածի ծախսած գումարի վրա և կկարծի, թե թռցրած գումարով, որպես ձմեռվա պաշար, քեզ մի մեշոկ կարտոֆիլ և կարմիր սոխ ես առել:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում կա մեկը, որը գործից հոգնած կգա տուն ու կտեսնի, որ 258 չկարդացած նամակ ունի: Ու ամենասարսափելին էն է, որ կնստի ու կկարդա:

 

  • Յուրաքանչյուր ծնողական չատում բոլորը հոգատար մայրեր են:

Ահա թերևս այսքանը՝ սեղմ:

գրեց Աննա Հարությունյանը

 


ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Զրույց Անուշ Սարգսյանի հետ

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

ԿԱՆԱՅՔ ՄԱՐԶԱՍՐԱՀՈՒՄ. քաղաքային քրոնիկոն

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…