ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

ՀՀ գործող ընտանեկան օրենսդրությունը ճանաչում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունները. սա փաստ է: Սակայն մեր իրականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ զույգը բավարարվում է եկեղեցու օրհնությամբ կամ առհասարակ ապրում է համակեցության սկզբունքով և որևէ օրինական ուժ չի տալիս իր հարաբերություններին: Մենք փորձել ենք անդրադառնալ ամուսնական ինստիտուտի նախապատմությանը, դիտարկել ենք փաստական ու օրինական ամուսնությունների տարբերությունները և մասնավորապես փորփրել հարաբերությունները չօրինականացնելու հոգեբանական պատճառները:

Փաստական ամուսնություն կամ «անձնագրի կնիքը կարևոր չէ»

Շատերը պնդում են՝ «անձնագրի կնիքը» կարևոր չէ, մասնավորապես մեր՝ հայաստանյան իրականության մեջ հաճախ շատ ավելի կարևորվում է եկեղեցական արարողությունն ու, որքան էլ զարմանլի է, հարսանեկան խնջույքը: Եկեղեցու օրհնությունը ստացած և տեղը-տեղին, բարող-խերով հարսանիք նշած զույգը պարզերես ներկայանում է հասարակությանը, որպես ձևավորված և լիարժեք հաստատված ընտանիք: Զույգերը ՔԿԱԳ-ում ամուսնության գրանցումը հաճախ հետաձգում են մինչև երեխայի ծնունդը, և այդ քայլին էլ դիմում են միայն փաստաթղթային խնդիրներից խուսափելու համար: Շատերը այստեղ որոշակի անպատասխանատվություն են տեսնում օրենքի և պետության առաջ, շատերը՝ ոչ, սակայն մի բան հստակ է. վերոնշյալ պարագայում ՔԿԱԳ-ից խուսափելը չի մատնանշում զույգի միջանձնային խնդիրներին ու սիրո բացակայությունը: Կան զույգեր, որոնք խուսափում են թե՛ ՔԿԱԳ-ից, թե՛ եկեղեցական օրհնությունից և նախընտրում են ուղղակի ապրել միևնույն հարկի տակ. հենց այս իրավիճակն էլ կքննարկենք ստորև:

Մենք այժմ կդիտարկենք այն համատեղ ապրող զույգերին, որոնցից շատերն առաջ են քաշում «փաստական ամուսնություն» եզրույթը, շատերը պնդում, որ սիրուց զատ ամեն բան ձևականություն է: Որքանո՞վ են նրանք անկեղծ, և արդյո՞ք լիարժեք ընտանիքը և անկեղծ սերը կարող է ամրագրված չլինել ո՛չ օրենքի, ո՛չ եկեղեցու առաջ: Եկեք հասկանանք: Հոգեբանները համակեցության մեջ բազմաթիվ խնդիրներ են տեսնում, նրանք պնդում են՝ ՔԿԱԳ-ից խուսափելն իր հոգեբանական պատճառներն ունի: Ընդ որում, առավել հաճախ համակեցության սկզբունքով ապրող զույգերից միայն մեկն է հոգով-սրտով դեմ անձնագրում կնիք ունենալուն, մյուս կողմը հարմարվում է իրավիճակին, դիմում ինքնախաբեությունների ու ուղղակի կրկնում սիրելիի պատճառաբանություն-արդարացումները: Ի՞նչ հոգեբանական նախադրյալների է վկայակոչում համակեցությունն առանց ՔԿԱԳ-ի՝ ստորև:

Հոգեբանական նախադրյալներ

Վիճակագրությունն անողոք բան է. ըստ բրիտանական «The Daily Telegraph» ամսագրի այն զույգերը, որոնք նախկինում ունեցել են համակեցության սկզբունքով կառուցած հարաբերություններ, շատ ավելի հեշտ ու հաճախ են բաժանվում, քան նրանք, ովքեր նախընտրել են օրինական ամուսնությունը: Եկեք համաձայնեք՝ շատ ավելի հեշտ է բաժանվել նրանից, ում հետ ուղղակի ապրում ես նույն հարկի տակ, քան նրանից, ում հետ օրինական ամուսնության մեջ ես գտնվում, թեկուզ միայն փաստաթղթային ու դատական քաշքշուկներից զերծ մնալու պատճառով: Սակայն բանը միայն այն չէ,որ այդ կերպ արժեզրկվում է ամուսնական ինստիտուտը. չէ՞ որ դու արդեն ինչ-որ մեկի հետ կիսել ես անկողին ու կենցաղային իրեր, համատեղ կատուներ ու երեխաներ ես ունեցել, պատուհանից դուրս ես նետել նրա հագուստը, և այս ամենից հետո, այնուամենայնիվ, շարունակել ես ապրել, ուրեմն՝ «կարելի է և կրկնել»:

Վախի ախտանշան

Սերը կարևոր նախապայման է, սակայն ոչ բավարար: Եթե հարաբերությունները զարգանում են ու հասնում մի կետի, երբ միասին լինելը երկուսի անբեկանելի ցանկությունն է, ապա հարաբերությունների օրինականացումը դրա տրամաբանական շարունակությունն է: Եթե հարաբերությունները ձգձգվում են համակեցության փուլի վրա, դա մատնում է զույգի, կամ նրանցից մեկի վախը, վախը՝ պարտավորություններից, միմյանց առաջ պատասխանատու լիենելու հեռանկարից: Այդ վախի արմատները կարելի է փնտրել որտեղ ասես՝ ամուսնալուծված ծնողներ, ծնողներ, որոնք չեն սիրել իրար, նախկին սիրելիներ ու նախորդող չստացված հարաբերություններ… պատճառները շատ են, փաստը մեկն է. դուք վախենում եք:

Դուք չեք վստահում

Հարկ է փաստել, որ հարաբերություններն օրինականացնելը  յուրաքանչյուր զույգի անձնական ընտրությունն է: Սակայն, բացի բարոյական պատասխանատվությունից, օրինական ամուսնությունն իրենից ենթադրում է նաև պատասխանատվություն օրենքի առջև: Մինչդեռ բարոյական պատասխանատվությունը սյուբեկտիվ է. այն ուղիղ համեմատական է ձեր սյուբեկտիվ պատկերացումներին բարոյականության մասին, ապա օրենքը մեկն է ու միակը բոլորի համար. այդուհանդերձ, համամիտ լինես, թե ոչ, դու ստիպված կլինես կիսել համատեղ ձեռք բերված ունեցվածքը: Հետևաբար հարաբերությունների օրինականացումը առաջին հերթին պահանջում է մեծ վստահություն դիմացինի հանդեպ, վստահություն՝ քո և սիրելիիդ զգացմունքների վրա, իսկ անձնագրում կնիք չունենալու փաստը ակնարկում է, որ ձեր հարաբերություններում տեղ ունի փոխադարձ անվստահությունը:

Պատկերավոր ասած՝ «մենք հաստատվեցինք մի հարկի տակ, սակայն ապահովության համար ես դուռը կիսաբաց թողեցի, որպեսզի բարդությունների պարագայում դուրս փախչեմ այդ դռնից՝ հնարավորինս քիչ կորուստներ ունենալով»:

Հարկ է խոտովանել. համակեցությունը առավել նախընտրելի է տղամարդկանց կողմից: Ովքե՞ր են երազում առանց պարտավորությունների հարաբերությունների մասին, ովքե՞ր են ամուսնությունն ընկալում իբրև սեփական ազատության խիստ սահմանափակում և ովքե՞ր են սարսափում այդ սահմանափակումներից. մեծամասամբ, տղամարդիկ:

Պատմական ակնարկ

Փաստական ամուսնության ամենահին դրսևորումը փնտրելու ճանապարհին պետք է հասնել մինչև Տոհմական կարգերի գոյության վերջին փուլ, երբ խմբային ամուսնությունը փոխարինվում է զուգամունությամբ, այդ կերպ հիմնաքար դառնում ընտանեկան հարաբերությունների ձևավորման համար: Այդչափ հին ժամանակներում, իհարկե, ամուսնությունը չէր կարող իրավական ձև ստանալ, ուստի այն կարելի է համարել փաստական ամուսնության ամենահին ու մաքուր ձևը: Ժամանակային և տարածաշրջանային մի շարք պատճառներով ամուսնություններն ու դրանց ձևերը բազմաթիվ փոփոխությունների էին ենթարկվում: Արդեն 9-րդ դարում Բյուզանդիայի Լևոն Իմաստուն կայսեր կողմից սահմանվում է մի օրենք, ըստ որի քաղաքացիները կարող են ամուսնանալ միայն եկեղեցական պսակադրությամբ, և միայն այդ տեսակ ամուսնությունն է իրավական հետևանքներ թելադրում: Հայաստանյան իրականության մեջ, նույնպես, քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո ճանաչվում էին միայն եկեղեցական ամուսնությունները, իսկ փաստական ամուսնությունները իրավական որևէ պաշտպանության ու կարգավորման չէին ենթարկվում: Այդ պարագայում օրենքը հոգ էր տանում միայն ծնված երեխաների մասին, ի դեպ, հետաքրքիր է, որ արտաամուսնական կապերից կամ փաստական ամուսնություններից ծնված երեխաների իրավունքները չէին տուժում: Շատ ավելի ուշ, երբ ամուսնությունը մտնում է աշխարհիկ կյանք, առաջ են գալիս քաղաքացիական ամուսնությունները. առաջին անգամ այն սահմանվել է Հոլանդիայում 1874 թվականին, ապա՝ Անգլիայում, Ֆրանսիայում:

Քանի որ հաճախ փաստական ամուսնությունը սխալմամբ նույնացվում է քաղաքացիական ամուսնության հետ,

հարկ է պարզաբանել՝

քաղաքացիական ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված, օրինական ամուսնությունն է:

Խարհրդային Հայաստանում, ինչպես և այլ խորհրդային երկրներում օրինական էին ճանաչվում միայն ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնությունները, ինչը շատ տրամաբանական է եկեղեցու դեմ պայքարի խորհրդային գաղափարախոսության ֆոնին:

«Տեր եմ», «Հնազանդ եմ»…

Պետք է հաշվի առնել, որ ընտանեկան, այդ թվում՝ ամուսնական հարաբերություններն անմիջականորեն հիմնված են տվյալ հասարակաության մեջ դարերով ձևավորված ազգային ու բարոյական ավանդույթների վրա: Դիտարկելով մասնավորապես հայկական իրականությունն ու մեր ավանդույթները, հարկ է խոսել մեր հասարակության մեջ եկեղեցու օրհնության կարևորության մասին: Ավանդույթը վկայակոչում է՝ պսակը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որով երկու ոչ ազգական անձնավորություններ` այր և կին, ստանում են Աստծո օրհնությունը և խորհրդավորապես միանում իրար` դառնալով մի մարմին: Կարելի է համարել, որ եկեղեցին ևս մի պատասխանատվության առաջ է կանգնեցնում զույգին, որն արդեն բացի օրենքի և միմյանց առաջ պատասխանատու լինելուց, պարտավորված է նաև Աստծո առջև:

 

 


7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը