Ռուսական կայսրության կին առաջնորդը - VNews

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր, նկարահանվեցին տասնյակ ֆիլմեր: Նրա անձն այդպես էլ վերջնական չբացահայտվեց՝ թողնելով մութ ու առեղծվածային բազում դրվագներ թե՛ կյանքի ընթացքում, թե՛ մահից հետո: Լինելով կաթոլիկ՝ նա դարձավ  ուղղափառ, իսկ ամբողջ կյանքում ծածուկ դավանեց բուդիզմ: Իր կայսերական կյանքի ընթացքում մահապատժի ենթարկեց ընդամենը մի հոգու… Երկիրը հասցրեց բարձունքների ու բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց:

Նա Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ է, կամ առավել հայտնի՝ Եկատերինա II՝ Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին…

Ծնվելով

Գերմանիայում և սերելով թագավորական ընտանիքից՝ Ֆիկեն (այդպես էր նրան մայրն անվանում), ստացավ հրաշալի կրթություն: Ծնողները հետևողական էին իրենց զավակների դաստիարակման և հետագայում նրանց շահավետ ամուսին գտնելու գործում: Ֆրեդերիկան տարբերվում էր քրոջից իր ազատ վարքով, տղայական հետաքրքրություններով: Ճիշտ է, հրաշալի երգում էր, պարում, խոսում մի քանի եվրոպական լեզուներով, այսինքն լավագույնս համապատասխանում էր արժանի հարսնացուի բոլոր պահանջներին: Բայց ծնողների համար դժվար էր աղջկա հետ, քանի որ ուներ ուժեղ բնավորություն և չհարմարվելու, իր կարծիքն ու ցանկությունն առաջ տանելու սովորություն:

Մի  օր Ֆիկեի մայրը նամակ է ստանում Ռուսական Ելիզավետա կայսրուհուց, որտեղ ասվում էր, որ Ֆրեդերիկային հրավիրում են պալատ, քանի որ նա կայսրուհու որդու՝ Պետրոս I համար լավագույն հարսնացուների շարքերում է: Կարճ ժամանակ անց մոր և աղջկա կառքն ուղևորվում է արդեն կայսերական նստավայր: Մայրն ամբողջ ճանապարհին Ֆիկեին վերջին ցուցումներն է անում:

Առաջին հայացքից

Ֆրեդերիկային դուր չեկավ իր ապագա ամուսինը. նա տարօրինակ էր ու սարսափելի տգեղ: Բայց երիտասարդ աղջիկը հեռու գնացող ծրագրեր ուներ և որոշեց՝ այդ փաստը երբեք չպիտի իրեն խանգարի: Նա իր նպատակասլացության և խելքի շնորհիվ սովորեց ռուսերեն, սկսեց մտածել ռուսերեն, հարմարվեց սարսափելի ցրտին՝ գիշերները պալատում ոտաբոբիկ ման գալով և իրեն կոփելով: Ջանք չխնայեց, որ պալատակաների ու կայսրուհու մերձավորների հավանությանն ու համակրանքին արժանանա: Սիրվեց ամբողջ արքունիքի կողմից և ամուսնանալով Պետրոսի հետ՝ դարձավ Եկատերինա II…

Պետրոս 3-րդ և Եկատերինա 2-րդ, Շվեդիայի Ազգայի թանգարան

Առաջին իսկ գիշերից հետո…

Ամուսնու հետ նրա հարաբերությունները շատ վատ ու անհեռանկար դասավորվեցին: Նրանք բոլորովին չէին համապատասխանում իրար: Պետրոսը տարօրինակ էր. սիրում էր անընդհատ զինվորիկներով խաղալ ու ստիպում էր կնոջն այդ խաղին մասնակցել: Երկար ժամանակ նրանց չէր հաջողվում երեխա ունենալ: Եվ պարզ է, թե ինչու… Այդ խնդիրը սկսում էր անհանգստացնել ոչ միայն Պետրոսին, այլ նաև ողջ բարձրաշխարհիկ հասարակությանը:

Սակայն տարիներ անց Եկատերինան մայրանում է: Պավելի ծնվելուն պես մոր ձեռքից խլում են երեխային և թույլ չեն տալիս հանդիպել: Ամուսինը սկսում է դավեր նյութել կնոջ դեմ: Բայց Եկատերինան ավելի շուտ է տեղեկանում իր դեմ ծրագրվող հաշվեհարդարի մասին և ինքն է առաջինը հակահարված տալիս: Նա ճիշտ դիվանագիտական հաշվարկներով արքունական հեղաշրջում է կազմակերպում Անգլիայի դեսպանի օգնությամբ և գահընկեց է անում ամուսնուն: Այս ամենին նպասում են Պետրոսի օրոք ստեղծված խառը իրավիճակը, մի խոսքով՝ կայսեր վարած ռազմական քաղաքականությունից դժգոհ էին շատերը, և դա էլ Եկատերինայի ծրագիրի հիմնական մեխն էր: Գահընկեց լինելուց հետո Պետրոսը ձերբակալվում է ու որոշ ժամանակ անց անհասկանալի ու դեռ չբացահայտված պայմաններում մահանում…

Իսկ գահ բարձրանալուց հետո…

Եկատերինան սկսում է իր բարեփոխումների ծրագիրը: Նրա շնորհիվ երկրում հիմնվում են միջնակարգ դպրոցներ, կանանց համար բացվում են հատուկ վարժարաններ: Եկեղեցու դերը թուլանում է, քանի որ կայսրուհին հոգևոր ղեկավարությունց վերցնում է բազմաթիվ տարածքներ ու հողեր՝ դարձնելով հանրային սեփականություն: Նրա օրոք ռուսական կայսրությունը ընդլայնում է իր տարածքները: Սկսում է հացի արդյունաբերությունը, երկիրի պետական եկամուտները քառապատկվում են, որն էլ նպաստում է ռազմական ծրագրերի իրականացմանը և բանակի մեծացմանը:

Երիտասարդ կասրուհին, Գոթական պալատ

Սակայն ինչպես և ցանկացած առաջնորդ՝ Եկատերինան էլ ուներ բազում թշնամիներ: 1773 թվականից առաջանում են բողոքի ալիքներ, որոնց հիմնական մասնակիցները հասարակ գյուղացիներ էին ՝ Պուգաչովի առաջնորդությամբ: Այս հեղաշրջումը մեծ թափ է հավաքում և վերածվում է պատերազմի: Սակայն շուտով կայսերական բանակը ճնշում է բողոքի այս ալիքը, իսկ Պուգաչովին մահապատժի ենթարկում՝ այդ կերպ խաղաղություն հաստատելով երկրում: Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունը մասնակցեց 6 պատերազմի և հաղթանակած դուրս եկավ:

Իսկ ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, որը թերևս ամենահետաքրքիրն է, ապա հայտնի է, որ կայսրուհին բազմաթիվ սիրեկաններ է ունեցել: Նույնիսկ 60 տարեկանում նրա տղամարդկանց տարիքը չէր գերազանցում 20-ը: Երիտասարդ պալատականները նրա ֆավորիտներն էին: Պատմաբանները հաշվում են 23 սիրեկանի անուն, բայց սրանք ուղղակի համեստ թվեր են, իրականում կայսրուհու ցուցակն ավելի երկար է:

Եկատերինա 2-րդ, Եկատերինբուրգի թանգարան

Նա ունեցավ երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ,  Պետրոսը՝ պաշտոնական ամուսնուց, իսկ Աննան և Ալեքսեյը՝ սիրեկաններից:

Կայսրուհին մահացավ  1796 թվականի նոյեմբերի 17, ինսուլտից: Ռուսական կայսրությունում նա սիրված  առաջնորդ էր, ցանկալի կին և հաշվենկատ դիվանագետ: Իսկ ինչ վերաբերում է ձիերի նկատմամբ նրա առանձնահատուկ սիրուն, ապա այս ամենն այնքան հայտնի փաստ է, որ նույնիսկ չարժե անդրադառնալ…

Եկատերինան ձիավարելիս, Պետերոգոֆ

Հավելենք միայն, որ Եկատերինան սիրում էր ձիավարել տղամարդու դիրքով, հաճախակի էր դուրս գալիս զբոսանքի ու երկար ժամանակ էր տրամադրում այդ ազնվազարմ կենդանիներին…

Կարդացեք նաև՝

 


Ռուստամ Գասպարյան. փաստեր

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ո՞վ է ասել…