Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին - VNews

Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

05 10 - Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

Օրեր առաջ Latitude-ը դիմավորում էր ժամանակակից արվեստի սիրահարներին՝ ներկայացնելով Սարկո Մինեի «Թելոս» ցուցադրությունը, որն ընդգրկում է նկարչուհու «Ինքնություն» և «Մի փոքրիկ բան» շարքերը: Մենք էլ, բաց չթողնելով առիթը, զրուցել ենք հեղինակի հետ ցուցադրության, արվեստի, կանգ առնելու կարևորության, գույնի ու հումքի մասին:

Նկարել եմ միշտ

…Դեռևս մանկուց: Վերջերս մի նկար գտա. կակաչ, որը նկարել էի 4 տարեկանում: Հիմա հիացած եմ 4-ամյա իմ նկարով ու կախել եմ այն տանս պատին: Մեծ հայրիկս՝ Կարպիս Սուրենյանը, գրող էր, նրա ամբողջ շրջապատն էլ՝ արվեստի մարդիկ, այդ թվում՝ նկարիչներ: Նրանց թվում էին Հակոբ Հակոբյանը, Կալենցներն ու այլք: Հիշում եմ՝ հաճախ էինք միասին գնում Սարյանի թանգարան: Այդպիսով, ես մեծանում էի գրականությամբ ու նկարչությամբ լի միջավայրում:

Այդ տարիներին հայրս ինձ ուղղորդում էր դեպի սպորտ

6 տարեկանից սկսել եմ թենիս խաղալ, դահուկային սպորտով զբաղվել եմ 3-4 տարեկանից: Մասնագիտացա, սակայն, թենիսում. դրա պատճառով ու շնորհիվ էլ 16-ից մինչև 24 տարեկանն ապրել եմ ԱՄՆ-ում՝ այնտեղ էլ ստանալով բարձրագույն կրթություն: Հասցրել եմ ուսանել գովազդի դիզայն, փիլիսոփայություն, դերասանական արվեստ ու արվեստի այլ ոլորտներ: Վերադառնալով Հայաստան՝ 2011-2012 թվականներին նոր-նոր կարողացել եմ ինձ նվիրել արվեստին: Կյանքիս այն փուլը, երբ թենիսով էի զբաղվում, ինձ համար, ավելի շուտ, որոշակի դադար էր. ես գիտեի, որ թենիսիստուհու կարիերաս ավարտելուն պես վերադառնալու եմ Հայաստան ու արվեստով զբաղվեմ: Թեև, նախատեսում էի, որ կգրեմ, բայց, արդյունքում, նախընտրեցի վիզուալ արվեստը:

Lusane telos.00 00 11 13.Still004 960x540 - Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

Հա, նաև գրում եմ…

Գրել եմ ու դեռ կգրեմ: Բայց նաև կարծում եմ, որ գրելու համար դեռևս շատ պիտի հասունանամ: Բացի այդ, գրականությունն ավելի շատ դիսցիպլինա է պահանջում: Լինելով նախկին թենիսիստուհի ու ապրելով խիստ կանոնակարգված կյանքով, ես անհամբեր սպասում էի այն ազատությանը, որն ունեմ հիմա, ու որն ինձ տալիս է վիզուալ արվեստը: Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում համոզվել եմ, որ գրող լինելու համար անհրաժեշտ է ամեն օր գրել, թեկուզ՝ մի փոքրիկ բան: Գրելն ավելի շատ արհեստ է, քան արվեստ, ու գրելու ունակությունը պետք է անդադար վարժեցնել: Ինչ վերաբերում է վիզուալ արվեստին, մասնավորապես, իմին. այն միշտ էմոցիոնալ պայթյուն է, հետևաբար, վարժեցման ենթակա չէ: Այդպիսով, ես որոշեցի ապրել կյանքիս մի էտապը՝ ինքս ինձ ազատելով դիսցիպլինայից: Հիմա արդեն ինձ կրկին ձգում է ավելի կոնստրուկտիվ օր ունենալու միտքը: Հետևաբար, գրելու հեռանկարը նույնպես սարերի հետևում չէ:

Շատ բառեր ունեմ, բայց բառերի փոխարեն հիմա գույներն եմ գտել ու ուզում եմ դրանցով պատմել

Ինձ գրավում է այն, որ արվեստն ինձ ձայն է տալիս՝ ինչ-որ բան ասելու հնարավորություն: Եթե «Թելոս»-ով ես կարողացել եմ ինչ-որ մարդկանց փոքրիկ մի հույս տալ կամ մի որևէ բան հիշեցնել, կամ դանդաղեցնել նրանց ընթացքը, որպեսզի հասցնեն ինչ-որ նոր բան նկատել կամ զգալ, ուրեմն գործս հաջողված է: «Մի փոքրկ բան»-երը ես սկսել եմ նկարել անցյալ տարվա մարտին՝ կորոնավիրուսի թեժ ընթացքում, երբ բոլորս փակված էինք մեր տներում: Թեև բոլորը խիստ բացասաբար էին վերաբերում «լոքդաունին», ինձ համար այն հրաշք էր.  ինձ դուր եկավ, որ մարդկանց հնարավորություն տրվեց կանգ առնել, ինձ դուր եկավ, որ կանգնեց քաղաքի շարժը, փոխարենն ավելի լսելի դարձան թռչունների ձայները, եկեղեցու ղողանջները: Իմ մեջ այնքան երախտագիտություն ու սեր կար, միայն թե՝ տանս թուղթ չկար. միայն փոքրիկ թղթի կտորներ էին, որոնք ժամանակին սխալ չափսերով էի կտրել ու, այդպես էլ, մի կողմ դրել: Դրանց վրա էլ իրենց տեղը գտան «Մի փոքրիկ բաները»:

Lusane telos.00 03 52 08.Still015 960x540 - Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

Չեմ ներկայացնում ինքնակենսագրականս

… Թեև, չեմ էլ թաքցնում այն: Կարծում եմ, որ արվեստասեր-արվեստ հարաբերությունների մեջ մարդուն ոչինչ չպիտի շեղի: Չնայած՝ իմ դերը շատ մեծ է իմ արվեստում. այն իմն է, այն կապված է ինձ հետ, բայց ես ուզում եմ, որ դիտողը ինձ հետ ծանոթանա իմ արվեստի հետ ծանոթանալուց հետո միայն: Այս ամենը որքան իմն է, այնքան էլ անկախ է ինձնից:

Առաջին ցուցադրությունս…

Աբովյան փողոցում տեղակայված մի ռեստորան կար՝ սիրուն ինտրիերով, բետոնային հատվածներով. այնտեղ էլ ցուցադրեցի  «8 հավերժ հիշողություն» շարքը: Այն բաղկացած էր 8 տարբեր ծաղիկների նկարներից: Փոքրիկ ցուցադրություն էր. նոր-նոր էի բացահայտում, թե ինչպես է պետք այդ ամենը կազմակերպել: Հիշում եմ՝ բացմանը ճաշ էի հյուրասիրում: Իհարկե, այսօրվա դիտակետից ամաչում եմ առաջին գործերիս համար, բայց կարծում եմ՝ դա առաջընթացի նշան է: Հուսով եմ, որ 10 տարի անց էլ «Թելոսից» կամաչեմ:

Իմ արվեստը կոնցեպտուալ է

Եթե փորձենք որևէ ժանրային սահմանափակման մեջ տեղավորել, ապա այն, երևի, աբստրակտ իմպրեսիոնիզմ է: Ստեղծագործություններս, կարծում եմ, տարբեր ժանրերից են բաղկացած: Այդուհանդերձ, ինձ համար կարևոր է, որ դրանք լինեն էսթետիկ: Արվեստը ոչ միայն իմաստն է, այլ նաև՝ էսթետիկան, որովհետև ինձ համար առավել կարևոր է զգալը, քան հասկանալը, քան մտածելը… Մերօրյա արվեստում կարող ես տեսնել գործեր, որոնց նույնիսկ հաճելի չէ նայել. դրանք միմիայն մտածելու մասին են: Դա ինձ համար մի տեղ է, ուր գնալ չեմ ուզում, որովհետև արվեստը նաև գեղեցկություն է: Իմ գործն էլ մարդկանց գեղեցիկը տալն է, գեղեցիկի մասին հիշեցնելն է:

Նաև ինտերակտիվ…

«Ինքնության» կարևորագույն բաղադրիչը հենց դիտողն է: Կանգնելով ինստալյացիայի մեջ՝ դու դառնում ես դրա 7-րդ մասնիկը. արդեն դա քո ինքնությունն է, քո շերտերն են, ուրիշինը չի կարող լիենլ: Ես չեմ ուզում իմ գործերով թելադրել, ես ուզում եմ ստեղծել այդ կապը մարդու ու արվեստի գործի միջև: Դա է պատճառը, որ կարևորում եմ նաև արվեստի ինտերակտիվությունը:

Lusane telos.00 00 22 05.Still006 960x540 - Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

Օգտագործում եմ տարբեր մատերիալներ (ու կարևորում եմ դրանք)

Ունեմ կտավների շարք՝ ջրաներկով, ի դեպ, միայն ես եմ, որ կտավների վրա ջրաներկով եմ աշխատում, այն էլ՝ մեծ կտավների: Անում եմ նաև ինստալյացիաներ. վերջերս հեղինակեցի մեկը, որ կոչվում է «Իմ տունը իմ ամրոցն է»: Այն մի փլվող տուն էր, որը պաշտպանված էր ցանցով: Առաջին հայացքից թվում է՝ ցանցը թափանցիկ է, նուրբ, անկարևոր, սակայն այն երկաթ է ու կարողանում է պահել փլվող տունը. ճիշտ կնոջ պես: Թվում է՝ կինը նուրբ է, երբեմն անկարևոր է, հաճախ էլ չի նկատվում, բայց նա տունն ուժեղ է պահում: Ի դեպ, եթե «Ինքնությանը» հեռվից նայես, կկարծես, թե մետաքսից է, մոտենալուն պես նոր կհասկանաս, որ երկաթե է. սիրում եմ անդրադառնալ նաև կնոջ ու տղամարդու թեմային: Մի սեղան եմ ստեղծել, որը կոչվում է «Կինն ու տղամարդը». այն ապակուց և երկաթից է, ես բացատրում եմ՝ ինչն է ապակին, ինչը՝ երկաթը և թողնում եմ, որ դիտողն ինքն ընտրի, թե դրանցից որն է տղամարդուն ներկայացնում, որը՝ կնոջը:

Ես չեմ օգտագործում սև գույնը

… Կամ էլ օգտագործում եմ միայն սևը: Առհասարակ, գույների իմ ընտրությունը շատ բնազդային է: Եթե կարիք կա որևէ մուգ գույն օգտագործելու այլ գույների հետ նույն նկարում, ես նախապատվությունը տալիս եմ, օրինակ, մուգ կապույտին: Օգագործում եմ բոլոր գույները, բացի սևից:

Lusane telos.00 02 07 18.Still010 960x540 - Սարկո Մինեն՝ «Թելոս» ցուցադրության, կյանքի ու արվեստի մասին

Չեմ ստեղծագործում, երբ վատ է տրամադրությունս

Ստեղծագործելու համար պիտի ունենամ այնպիսի տրամադրութուն, ինչպիսին ունեի, երբ նկարում էի իմ «մի փոքրիկ բաները»: Պիտի լինեմ ուրախ, երախտապարտ, սիրահարված, օրինակ՝ այդ օրվան, լուսաբացին, արևին, ծաղկին, կյանքին: Շատ կարևոր է, որ ես լի լինեմ սիրո զգացողությամբ, երբ ստեղծագործում եմ: Ոգեշնչվում եմ բնությամբ, սակայն ինձ օգնում է նաև շփումը, զրույցը մարդկանց հետ, գրքերը, որոնք էլի մարդիկ են հեղինակել, նաև երաժշտությունը: Ի դեպ, ինչու եմ գործակցել հենց Հայկ Կարոյի հետ. քանի որ նա, նույնպես, առաջնորդվում է սիրով ու իրեն կոչում սիրել քարոզող երաժիշտ: Եթե նկատել եք, բոլոր պատկերասրահներում, սովորաբար, լռություն է: Նույնիսկ, կարող են նախատել, եթե ձայնդ փոքր-ինչ բարձրացնես, որովհետև արվեստը լռություն է սիրում: Բայց ես նաև նկատեցի, որ մեր օրերում մարդիկ այլևս սովոր չեն լռությանը ու այն սկսում է շեղել: Այդպիսով, եկանք այն մտքին, որ երաժշտության շնորհիվ ստեղծենք միջավայր, որը կօգնի կապվել ստեղծագործությունների հետ ու դրանք ավելի լավ զգալ: Մանավանդ, որ թե՛ իմ ստեղծագործությունները, թե՛ Հայկի երաժշտությունը նույն վիբրացիաներով են ստեղծված՝ սիրո վիբրացիաներով:

Vnews-ի ռեպորտաժը՝ ցուցադրությունից: