Սարյանի սերն ու մուսան՝ Լուսիկը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սարյանի սերն ու մուսան՝ Լուսիկը…

Առաջին Համաշխարհային պատերազմ. 34-ամյա Սարյանը հայերի կոտորածների մասին լուրը լսելով վերադառնում է Հայաստան ու անդամագրվում Հայ գաղթականների օգնության կոմիտեին:

Պատերազմ, կոտորած, նկարիչ…

«Ունեցած չունեցածս լցրեցի արկղի մեջ, պահ տվեցի ծանոթներիցս մեկին, թողեցի արվեստանոցս ու Մոսկվան  և եկա Հայաստան՝ իմ տառապյալ ու բզկտվող հայրենիք»:

Նկարչի ու հայրենասերի հոգին հեշտ չտարավ տեսածը: Հարազատ ժողովրդի խեղճությունը Սարյանին հոգեկան ծանր ապրումներ էին բերել: Արդյունքում Սարյանը մեկնեց Թիֆլիս մի քիչ հոգեկան խաղաղություն գտնելու հույսով: Տևական ժամանակ ձեռքը վրձին չի վերցնում ու մեկ էլ կյանք է տալիս մի գունավոր կտավի. ծաղիկներ է նկարում:

«Արվեստը պետք է կյանքի պայքարի կոչի մարդուն, նրան հույս ու հավատ հաղորդի» -ասում էր Սարյանը:

Շունչ տվող սեր

Այդքան երիտասարդ ու այդքան հուզական նկարիչը ահա հանդիպում է մի կնոջ, որն իր վերադարձն ու վերակենդանությունը պիտի լիներ: Պիտի շունչ տար, պիտի ամոքեր: Պիտի դառնար նկարչի կնոջ իդեալն ու մուսան: Սարյանը արվեստագետների այդ միջավայրում այն բացառիկ միասերներից էր, որը սիրեց մեկ և ընդմիշտ: Գեղեցկուհին Ղազարոս Աղայանի դուստրն էր՝ Լուսիկ Աղայանը: Նրանք պատահեցին իրար Հին Թիֆլիսի մի փոքրիկ սրճարանում, որը տեղի հայ մտավորականների հավաքատեղին էր:

Թիֆլիս, Ծղնեթի

Այս գյուղական եկեղեցին պսակադրեց երիտասարդներին:

Սիրո բացառիկ ուժը երբ հանդիպում է անվիճելի տաղանդի , անպայման լավ պտուղներ է տալիս. երևի դա էր պատճառը, որ ամուսնության նույն տարում Սարյանը Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի ու Փանոս Թերլեմեզյանի հետ հիմնադրում է հայ նկարիչների միությունը:

Սիրային նամականի

Սարյանը պերճախոս էր ոչ միայն իր նկարներում, նա նաև գունեղ էր իր խոսքի մեջ, զգացմունքների մեջ՝ արտահայտիչ: Նա բաց ու բարձրաձայն էր սիրում Լուսիկին, ինչի մասին էլ վկայում եմ  1916թ.-ի նամակները:

«Բարև, իմ թանկագին Լուսի՜կս,

Այսօր 14 ամիս է, ուղիղ երեք ամիս սրանից առաջ մենք իրար պատահեցինք «Չաշկա»-յում: Ես եկա և տեսա քեզ ու շարունակ նայում էի ինձ հարց տալով, սա ո՞վ է, այնքան ինձ մոտ է, կարծես թե միշտ միասին էինք եղած, այնպես էր ինձ թվում, թե ես գտա այն, ինչ որ փնտրում էի, որը իմ մեջ էր ապրում միշտ: «Նվիրեցիք ինձ այս մատիտը իբրև հիշատակ, գրեցեք ձեր անունը՝ Լուսիկ, 1915 14/10»: Ինչքան պարզ էր ինձ համար և քեզ համար: Երբ որ վերջերը մենք պատահում էինք, ես չէի կարողանում շատ խոսել և որպեսզի հիշեցնեմ քեզ միշտ, որ իմ վերաբերմունքը դեպի քեզ հասարակ չէ, հանում էի իմ մատիտը՝ այսինքն քո, քո ներկայությամբ և երկար նայում էի, ուզենալով ասել, որ զգում ես դու, որ սա իմ սրտիս բանալին է, իմ սիրտը քեզ է նվիրված, ի՛մ անգին Լուսիկս:

Միևնույն բանը գրված է և մատանիների մեջ «Լուսիկ 1915 14/10», միևնույնն է քեզ մոտ՝ «Մարտիրոս 1915 14/10»:

Երեք օր դարձյալ լուր չկա քեզանից, այսօր կլինի անպատճառ, փոստը շատ է ուշացնում նամակները: Վնաս չունի, շուտով կլինենք միասին, ի՛մ կյանքի աղբյուրը, իմ վա՛րդը, իմ սոխա՛կը, իմ արշալու՛յսը և վերջալու՛յսը, իմ սարերի թագուհին, իմ Լուսի՛կը:

Համբուրում եմ անվերջ, անվերջ, անվերջ…

Քո՝ Մարտիրոս»

1916, հունվար 14, Մոսկվա
Լուսիկ Աղայանին

«Իմ գա՛նձս, իմ պարծա՛նքս, ես այնքա՜ն եմ պատմել քո մասին ամենին, իմ հեքիաթ յա՛րս, այնքա՜ն են հետաքրքրվում բոլոր իմ ծանոթները իմ նշանածով, իմ սիրունս, բոլորը քեզ նվերներ են պատրաստում:

Դու պետք է սովորես երգել ու նվագել այնպես, ինչպես դու ուզում ես, այնպես ինչպես դու զգում ես: Թող մարդիկ լաց լինեն, տխրեն և ուրախանան՝ դա դրանց գործն է, երբեք դրա մասին չպետք է մտածել, հասկացա՞ր, իմ խելո՛քս, իմ Արև՛ս: Ստեղծագործողը չի մտածում՝ նա ստեղծում է, և ինչքան ուժեղ լինի նրա մեջ այդ ուժը, այնքան մեծ ազդեցություն կթողնի ամբոխի վրա: Ուրեմն, Արև՛ս, երգի՛ր և նվագի՛ր ինչքան որ կարող ես, մի՛ հուսահատվի երբեք, հավատա՛ միշտ քո ուժերին, չէ՞ որ ստեղծագործող ուժը միայն քո մեջ է:

Անվերջ համբույրներով՝

Քո՝ Մարտիրոս»:

1916, հունվարի 20, Մոսկվա
Լուսիկ Աղայանին

Աղբյուրը՝ peoplemedia.am: 

Սարյան-Աղայան տաղանդավոր գենի շարունակությունը

1917 թվականին Սարյանի ու Լուսիկի սերը տալիս է իր առաջին մարդկային պտուղը՝ ծնվում է նրանց ավագ որդին՝ Սարգիսը, որին հետագայում ճանաչված գրականագետի ճանապարհ է սպասվում: 1920-ին արդեն Նոր Նախիջևանում ծնվում է ապագա անվանի կոմպոզիտոր, պրոֆեսոր Ղազարոս Սարյանը, հետագայում նա շուրջ 25 տարի ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1921 թվականին ընտանիքը տեղափոխվում ու հիմնական բնակություն է հաստատում Հայաստանում:

Գրեթե 50-ամյա, արդեն ժողովրդական ու սիրված Սարյանը մեկնում է Փարիզ: Արվեստանոց է վարձում ու սկսում նկարել: Փարիզը ոգեշնչում է համարյա սիրո չափ. նկարիչը 1 ու կես տարում 40 պատկեր է կտավին տալիս: Հաճախ գրում է Լուսիկին՝ իր մասին է պատմում, հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ուղարկում հավատարիմ ընկերոջն ու սիրելի կնոջը:

«Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների…համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել, անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:

Խորհրդային երկաթյա վարագույր

Եվրոպական ազատությունից Սարյանը վերադառնում է սովետական Հայաստան: Ստալինյան կարգերն իրենց կանոններն էին թելադրում ստեղծագործողներին: Իշախանության հրամանով ոչնչացնում են Սարյանի այն բոլոր դիմանկարները, որտեղ պատկերված էին ստալինականներին անբարեհաճ դեմքեր: Շուտով նաև վրա է հասնում Երկրորդ Համաշխարհայինն ու կրտսեր որդուն՝ Ղազարոսին տանում ծառայության: Ծանր մարտեր էին Լվովի մերձակայքում, ծանր էր Մարտիրոսի ու Լուսիկի համար, բայց ծանրակշիռ էր նաև նրանց սերն ու հոգեկան մտերմությունը, որ ամենադիմացկունն էր:

 

«…Անվերջ համբույրներով՝

Քո՝ Մարտիրոս»:

 

 

 


Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան

Մի սիրո պատմություն. Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան

Մի սիրո պատմություն. Գրիբոյեդով և Նինա  Ճավճավաձե

Գոհար Գասպարանի սերերը…