Սելֆի or not սելֆի... սա է խնդիրը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սելֆի or not սելֆի… սա է խնդիրը

Սելֆին կամ խիստ հայերենով ասված ինքնինձուկը, (թող ներեն ինձ լեզվի տեսչության և 25 տարվա փորձով մեր սիրելի մանկավարժները, բայց հոդվածում սելֆի բառն ենք օգտագործելու) այնպիսի մեծ թափով է մտել մեր իրականություն, որ բացում ես սոցցանցերը թե չէ՝  հայնտվում ես բազմահազարանոց սելֆիների գրկում, որոնք կյանքի են կոչվում տարբեր ֆոներին՝ տատիկի տանը, հարևանի պատշգամբին, գինետան դռներին ու ինտրիգի ապահովման համար՝ անպայման փակ աչքերով ու դեպի հեռուն նայող հայացքով:  Վերջերս էլ Երևան-Գյումրի էլեկտրագնացքի շնորհիվ՝ շատացել են սելֆիները Գյումրու հին դռների, դարպասների ու աշնանային դեղնած ծառերի ֆոնին…

Մշտապես մեզ համար գյուտ բացահայտող հայտնի ու հերթական բրիտանացի գիտնականները պարզել են, որ սելֆին համարվում է հոգեկան շեղում: Եվ այն դրսևորվում է հիմնականում իգական թևի մոտ: Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի այդ խեղճուկրակ իգական հավքի հետ, եթե նրանք հայտնվեն այնպիսի երկրներում, որտեղ արգելված է սելֆին:

Այո՛: Պատկերացնում եք՝ գոյություն ունի երկրների շարք, որն արգելում է սելֆիի կամ նրա շարունակություն ու անբաժանելի մասնիկ՝ ձողի կիրառությունը:

Ի՞նչ իմաստ կա այցելել Էյֆեյլյան աշտարակն ու սելֆի չանել: Մարդիկ մոտավոր մի 30 րոպե տվայտվում են, որ կարողանան իդեալական սելֆի ստանալ: Իսկ այդ լուսանկարները չեն ծնվում առանց սելֆիի ձողի օգնության և միջամտության: Վերջերս այս լուսանկարման մեթոդը արժանացել է բազմաթիվ քննադատությունների, քանի որ դարձել է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ՝ անդունդի եզրից հանկարծակի վայրէջքից մինչև ձողով վնասում սեփական կամ դիմացի անձին:

Ստորև մեր «Աշխարհով մեկ» շարքի շրջանակներում կպարզենք սրբություն սրբոց սելֆիի վրա սանկցիաներ դրած այդ երկրների ցանկն ու պատճառները:

Իրանի Իսլամական հանրապետություն

Իրանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պետք է զգույշ լինեն. վերջերս հրաման ստորագրվեց կառավարության կողմից, որում ասվում է, որ  ֆուտբոլիստները, մարզիչները և թիմի մյուս անդամներն իրավունք չունեն լուսանկարվել երկրպագուների հետ: Այստեղ մի մեծ զարմաք ցուցաբերելու ժամանակն է: Խիստ պահպանողական մեր հարևան երկիրն հետևում է, որ ոչ պատշաճ հագնված կանայք սելֆի չանեն ֆուտբոլիստների հետ, որ երկրպագուներն այդ լուսանկարները չօգտագործեն քաղաքական կամ  դատի տալու ոտնձգությունների նպատակներով:

Հարավային Կորեա

Սելֆիի ձողը, թերևս, վերջին ժամանակների  «ամենահեղափոխական» գյուտ է (մեզ համար հեղափոխության բառի ամենաուղիղ իմաստով), առանց որի դժվար է պատկերացնել շարքային զբոսաշրջիկի ամբողջական տեսքը: Հարավային Կորեայի իշխանություններն արգելք է դրել սելֆիի ձողի օգտագործման վրա՝ վկայակոչելով այն փաստը, որ չլիցենզավորված մոնոպոդից Bluetooth ազդանշանն անսարքություններ է առաջացնում այլ բջջային հեռախոսներում: Իսկ նրանք, ովքեր վաճառում կամ ներմուծում են անթույլատրելի ապրանքանիշների սելֆիի ձողեր, սպառնում է տուգանք  մինչև 30 հազար ԱՄՆ դոլար կամ 3 տարվա ազատազրկում:

Լոնդոն

Ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել լավ համերգը՝ բացառությամբ այն անձի, որը նստած է ձեր առջև և օրորում է իր սելֆիի ձողը: Այդ իսկ պատճատով Մեծ Բրիտանիայում O2 Arena և Brixton Academy համերգային  դահլիճներն  արգելել են  օգտագործել այս «բարդ» ու վտանգավոր լուսանկարչական սարքերը հանրային միջոցառումների ժամանակ:

Սաուդյան Արաբիա՝ Մեքքա

Մեքքայում սելֆի ՄԻ ԱՐԱ: Ահա այս պատվիրանը գուցե խմբագրվեր ղուրանի սուրաններում այն երիտասարդ մահմեդականների համար, որոնք կատարել են իրենց առաջին կամ գուցե երկրորդ ուխտագնացությունը Մեքքա: Նրանք սովոր են իրենց ուղևորությունների տպավորությունները կիսել իրենց հետևորդների հետ` սելֆի անելով: Որոշ կրոնական առաջնորդների կարծիքով  «աստվածավախ»  լուսանկարի վրա կենտրոնանալը շեղում է աղոթքներից և ծեսերից, այս իսկ պատճառով իսլամական հոգևորականները դեմ են սելֆիներին:

Իսպանիա՝ Պամպլոնա

Զբոսաշրջիկներն ու Իսպանիայի բնակիչները վտանգում են իրենց կյանքը՝ ցլավազքի փառատոնում կատարյալ սելֆի ստանալու համար: Այդ իսկ պատճառով Պամպլոնայի պաշտոնյաներն արգելում են զբոսաշրջիկներին լուսանկարվել այս ծայրահեղ վտանգավոր մրցավազքի ժամանակ: Հարց է առաջանում՝ վազել քեզ կրնկակոխ հետապնդող ցլի ոտքերի տակ հայտնվելու  վտանգից, թե՞ մի «պուպուշ» սելֆի անել կատաղածի հետ: Անցյալ տարի մրցավազքի մասնակիցներից մեկը տուգանվել է ցուլին լուսանկարելու համար՝  4100 դոլարով… տեսնես ինչքան սելֆիի ձող կգներ այս գումարով:

Ֆրանսիա՝ Անթիբես

2014 թվականի օգոստոսին Հարավային Ֆրանսիայի Գարուփ լողափում տեղի ունեցավ «Ոչ սելֆիին» ակցիան: Նրա նպատակն էր կրճատել սիրողական լուսանկարիչների քանակը, որոնք լուսանկարվում են բիկինիներով, անմահացնում են  ոտքերը ոսկե ու փափուկ ավազի մեջ: Լողափում, ըստ տեղեկությունների, պարեկություն էր իրականացվում ոստիկանների  «հատուկ» ջոկատի կողմից, որոնք այդքան դեմ էին բիկինիներին ու բաց սելֆիներին… գովելի բարոյականություն՝ անտեղի կիրառմամբ:

Նյու-Յորք

Նյու Յորքը դարձավ առաջին նահանգը, որը սկսեց լուսանկարների արգելքը առյուծների, վագրերի և այլ մե՜ծ կատուների հետ: Նման միջոցները ձեռնարկեցին վայրի կենդանիներին և միևնույն ժամանակ մարդկանց պաշտպանելու համար, որոնք սիրում են մոտենալ գիշատիչներին թույլատրվածից շատ: Հնարավոր է, որ տաբուն դրվի նաև կապիկների վրա. հայտնի դեպքի պատճառով, երբ կապիկը հարձակվել ու բռնել էր մի զբնոսաշրջիկ-կնոջ մազերից, երբ վերջիննս մի անմեղ սելֆի էր ուզում անել պրիմատի հետ:

Ի ուրախություն կամ գուցե ի տխրություն մեզ՝ Հայաստանում այսպիսի պատժամիջոցներ չկան, քանի դեռ մեր կառավարական օղակը ակտիվ սելֆիական գործունեություն է ծավալում:

Բայց ամեն անգամ հաճելի է նայել երևանյան բակերի կամ մարզերի տատիկ-պապիկների ակնդետ հայացքներին` սելֆիի ձողը տեսնելիս՝  «սա ի՞նչ բան ա» հարցը դեմքներին…

Կարդացեք նաև՝