Սեմյոն Պեգովի մասին - VNews

Սեմյոն Պեգովի մասին

pegoooov min - Սեմյոն Պեգովի մասին

Սեմյոն Պեգովը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Սմոլենսկ քաղաքում։ Սեմյոնն ավարտել է Սմոլենսկի Վալդորֆի դպրոցը, ապա՝ Սմոլենսկի Պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետը ՝ ստանալով լրագրության որակավորում: Սմոլենսկում նա հասցրել է աշխատել որպես հեռուստալրագրող VGTRK- ում, այնուհետև՝ 23 տարեկան հասակում լքել է հայրենի քաղաքը: Նա մեկնել է Աբխազիա ՝ աշխատելու տեղական հեռուստաընկերությունում և անմիջապես հայտնվել պատերազմական գոտում. ահաբեկչություններ, պատանդներ, բախումներ Վրաստանի սահմանին, մահափորձ՝ նախագահի հանդեպ:

Այնուհետև Պեգովը հայտնվում է Եգիպտոսում ու Սիրիայում. կրկին բախումներ՝ այդժամ բանակի և «Մուսուլման եղբայրներ» շարժման միջև, ռմբակոծություններ, Դամասկոսի ինքնաշեն ականների ձայներ, լեռնային Լաթաքիայում տանկային համազարկեր… Հաջորդ պատերազմական կանգառն Ուկրաինան էր՝ Մայդան, Ղրիմ, Դոնբաս. այն ամենն, ինչի ականատեսն է եղել Պեգովն այս պատերազմական գոտիներում, արտացոլվել են նրա հեղինակած «Я и рыжий сепар» գրքում…

Ռուս գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինը գրել է.

«Հատուկ ռազմական թղթակիցների թվում է Սեմյոն Պեգովը, որը Մայդանի անձնական թշնամիների ցանկում է. նա երեք ժամ նստած էր դիպուկահարի կրակի տակ, իսկ հետո նրան մեղադրեցին այդ գնդակոծությունն ինքնուրույն կազմակերպելու մեջ»:

Պեգովը համագործակցել է Life News-ի հետ, առաջին առաջադրանքը Բլագովեշչենսկի իրադարձությունների լուսաբանումն էր: Հենց LifeNews հեռուստաալիքի հանձնարարությամբ է Պեգովը գնացել Ուկրաինայի հարավ-արևելք ՝ ներկայիս ռազմական բախումը լուսաբանելու համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը Սեմյոն Պեգովին պարգևատրել է իր գործունեության համար: Նա նաև ստացել է «Տարվա մարդ» կոչումը՝ NewsMedia խոշոր հոլդինգի կողմից:

Պեգովը նաև ստեղծագործում է՝ հեղինակում բանաստեղծություններ,  տպագրվել է ռուսական մի շարք պարբերականներում՝ «Под часами», «Персона», «Современники» և այլն… Պուշկինյան  «С веком наравне» փառատոնի դափնեկիր է, մասնակցել է «Լիպեցկ 2011» երիտասարդ գրողների ֆորումին…

Հայ-ադրբեջանական պատերազմը

Որպես ռազմական լրագրող՝ ակտիվորեն լուսաբանլում է Հայ-ադրբեջանական պատերազմը՝ հիմնականում գտնվելով ռազմական գործողությունների վայրում։ Սույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պեգովի դեմ:  Լրագրողը մեղադրվում է Հայաստանի տարածքից Արցախ մուտք գործելու մեջ, որը Ադրբեջանը համարում է իր տարածքը՝ օկուպացված Հայաստանի կողմից: Մարդիկ, ովքեր այցելել են այս տարածաշրջան առանց պաշտոնական Բաքվին տեղեկացնելու, ավտոմատ կերպով հայտարարվում են «պերսոնա նոն գրատա» և ընդգրկվում են ադրբեջանական սև ցուցակ: Ադրբեջանում նրանք քրեական հետապնդման են ենթարկվում:

Այսպիսով, Պեգովի դեմ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչության հանրային կոչեր», «Պետության դեմ ուղղված հասարակական կոչեր» և «ԱՀ պետական ​​սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Սեմյոնը չի թաքցնում իր հայամետ դիրքորոշումը՝ Արցախյան հարցում. հատկանշական էր նրա վերջին գրառում.

«Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինել նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ։ Հիմա հասուն մարդ եմ, աշխատանքի բերումով եկա Հայաստան, հետո՝ Արցախ, որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի և ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը։ Իմ տեսածը Արցախում ոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում։ Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում և ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին և իր զավակներին։ Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով ես ափշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց , նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցին՝ Աստված մեր հետ է։ Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա… հիմա ես էլ նայում եմ մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված է մեր հետ է և հաղթել է մահին։ Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել, առավել ևս՝ հայ զինվոր։ Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, և կմնամ առաջնագծում այնքան ժամանակ, մինչև ի լուր աշխարհին կհայտնեմ մեր հաղթանակի մասին։ Տերը մեզ հետ է #ՄենքԿհաղթենք…»