Սենտ-Էքզյուպերի. Մարդկանց երկիր. հատված վեպից - VNews

Սենտ-Էքզյուպերի. Մարդկանց երկիր. հատված վեպից

Եվ ահա, գրքի վերջին էջում ուզում եմ հիշել ծերացող բյուրոկրատների այդ թափորը, որ ուղեկցում էր մեզ առաջին փոստային առաքման լուսաբացին, երբ մենք՝ սկսնակներս, ում բախտ էր վիճակվել հայտնվել ընտրյալների թվում, վերջապես մարդ էինք դառնալու: Բայց իրականում նրանք նման էին մեզ, պարզապես չգիտեին, որ քաղցած են:

Շատ շատերին այդպես էլ քնից չեն արթնացնում:

Մի քանի տարի առաջ գնացքով երկարատև մի ուղևորության ժամանակ մեջս ցանկություն առաջացավ շրջելու ռելսերի վրա պարող իմ հայրենիքով, որտեղ փակված էի երեք օրով՝ դարձած կալանավորն այդ աղմուկի, որ ծովի ալիքներում տեղից տեղ հրվող գլաքարերի շխկշխկոցն էր հիշեցնում, ու ես ոտքի ելա: Մոտավորապես առավոտյան ժամը մեկն էր, երբ որոշեցի ծայրից ծայր հատել գնացքը: Քնարանները դատարկ էին: Առաջին կարգի վագոնները՝ նույնպես:

Սակայն երրորդ կարգի վագոններում հարյուրավոր լեհ բանվորների էին տեղավորել, որոնց Ֆրանսիայից նորից իրենց երկիր՝ հայրենի Լեհաստան էին ուղարկում: Եվ այդպես՝ ես քայլում էի միջանցքներով՝ բախվելով մարդկանց մարմիններին: Կանգ առա՝ նայելու: Զորանոցի կամ ոստիկանատան հոտ ունեցող ընդհանուր վագոնում, որ հանրային քնարան էր հիշեցնում, լապտերների լույսի տակ ես գտա մի ամբողջ ազգաբնակչություն, որ անորոշ կողքից կողք էր ճոճվում ճեպընթացի շարժումներին զուգահեռ: Մի ամբողջ ժողովուրդ՝ խորտակված իր հոռի երազների մեջ, որ վերադառնում էր իր թշվառ գոյությանը: Սափրած, մեծ գլուխները փայտե նստարաններին մի ծայրից մյուսն էին գլորվում: Տղամարդիկ, կանայք, երեխաներ. մարմիններն օրորվում էին՝ ասես ենթակա մոռացության գրկում իրենց սպառնացող աղմուկների, ցնցումների գրոհին: Նրանց մերժված էր խաղաղ քնի հյուրընկալ օթևանը:

Թվում էր՝ նրանք մասամբ կորցրել էին իրենց մարդկային որակը, տնտեսական շարժերը նրանց Եվրոպայի մի ծայրից մյուսն էին շպրտել, պոկել էին իրենց համեստ հյուսիսային խրճիթներից, փոքրիկ այգուց, թաղարով երեք խորդենիներից, որ ժամանակին տեսել էի լեհ պատանիների լուսամուտագոգերին: Միայն խոհանոցային պարագաներ էին վերցրել, սպասք և վարագույրներ՝ դրված անշնորհք փաթաթված կապոցներում, որ տեղ–տեղ պատռվել էին ճնշումից: Բայց նրանք ստիպված էին եղել զոհաբերել այն ամենը, ինչը փայփայել էին կամ հմայել, այն ամենը, ինչը կարողացել էին ընտելացնել Ֆրանսիայում անցկացրած չորս–հինգ տարիների ընթացքում՝ շունը, կատուն, խորդենին, ու հիմա հեռանում էին՝ իրենց հետ տանելով միայն խոհանոցային պարագաներ:

Մի երեխա կուրծք էր ծծում մոր գրկին, մայրն այնքան հոգնած էր, որ թվում էր՝ քուն է մտել: Այդպես կյանքը մարմնից մարմին էր հեղվում ճամփորդության անհեթեթ, վայրիվերո այդ դեկորի մեջ: Նայում էի հորը: Նրա՝ քարի պես ծանր, ճաղատ գլխին: Անհարմար քնի մեջ երկտակված մարմնին՝ բանտված իր աշխատանքային համազգեստի մեջ, որ սապատներ ու փոսեր էր նկարել: Նա նման էր կավի զանգվածի: Այդպես գիշերը ապրանքի թափոնը, որ վերածվել է տձև զանգվածի, մնում է փակ շուկաների նստարաններին: Եվ ահա թե ինչ էր անցնում իմ մտքով. խնդիրն աղքատությունը չէ, ու ոչ էլ կեղտը կամ տեսարանի տգեղությունը: Չէ՞ որ նույն այդ կինն ու տղամարդը մի գեղեցիկ օր ծանոթացել էին, ու, հավանաբար, տղամարդը ժպտացել էր կնոջը, ու, հավանաբար, աշխատանքից հետո ծաղիկներ էր նվիրել: Անշնորհք ու երկչոտ՝ նա գուցե վախեցե՞լ էր, որ կինը կարհամարհի իրեն: Իսկ կինը, օժտված բնատուր սեթևեթանքով, վստահ սեփական հմայքի ուժի վրա, գուցե հաճո՞ւյք էր ստացել նրա հոգու հետ խաղալուց: Եվ տղամարդը, այսօր այլևս վերածված փորող ու զարկող այդ մեքենային, իր սրտում զգացել էր այդ սքանչելի տագնապը: Ինձ համար առեղծված էր մնում, թե նրանք ինչպե՞ս էին վերածվել կավի այդ զանգվածին: Ի՜նչ սոսկալի կաղապարների մեջ էին հայտնվել, որ իրենց կնիքն էին թողել նրանց մարմիններին՝ դրոշմահատող մեքենայի պես: Ծերացող գազանը երբեք չի կորցնում շնորհագեղությունը: Ինչո՞ւ է մարդկային հիասքանչ կավն այդպես փչանում:

Ու ես շարունակում էի իմ ուղևորությունն այդ մարդկանց մեջ, որոնց քունը խռովված էր, ասես հայտնվել էին վտանգավոր գոտում: Աղոտ մի գվվոց էր ալիքվում օդում՝ հյուսված խռպոտ խռմփոցներից, անհասկանալի գանգատներից, իրար քսվող ոտնամանների, ճզմվող կողերով մարմինների աղմուկից, որ դես ու դեն էին շրջվում: Եվ դարձյալ՝ ծովի ալիքներում տեղից տեղ հրվող գլաքարերի խուլ, անլռելի նվագակցությունը…

Նստեցի մի զույգի առջև: Երեխան, որ մի կերպ տեղավորվել էր կնոջ և տղամարդու միջև, քնած էր: Բայց քնի մեջ մի պահ շրջվեց, և լապտերի լույսի տակ ես նշմարեցի նրա դեմքը: Ա՜հ, ի՜նչ սքանչելի դեմք էր: Այդ զույգից ոսկե պտուղ էր ծնվել: Ծանր այդ շորակույտից թովչանքի և շնորհագեղության գլուխգործոց էր դուրս եկել: Կռացա ողորկ ճակատի, քնքուշ, ուռուցիկ շրթունքների վրա՝ մտքումս ասելով. «Ահա երաժշտի դեմք, ահա մանուկ Մոցարտը, ահա կյանքի չքնաղ խոստումներից մեկը: Ասքերի փոքրիկ իշխանները բնավ չէին տարբերվում այդ մանչուկից. ի՜նչ կդառնար նա, եթե պաշտպանեին, խնամքով շրջապատեին նրան, կրթեին: Երբ պատվաստի շնորհիվ այգում նոր վարդ է ծնվում, այգեպանների մեջ իսկական իրարանցում է սկսվում: Վարդն առանձնացնում են, մշակում, աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծում: Բայց մարդկանց համար այգեպաններ չկան: Երեխա Մոցարտը, մյուսների նման, իր վրա զգալու է դրոշմահատող մեքենայի կնիքը: Մոցարտը կաբարեների գարշահոտության մեջ հրճվելու է ցածրարժեք երաժշտությամբ: Մոցարտը դատապարտված է:

Եվ ես նորից իմ վագոն եմ վերադառնում: Մտքումս ասում եմ, որ այդ մարդիկ բնավ չեն տառապում իրենց ճակատագրի պատճառով: Ու գթասրտության ձայնը չէ, որ տանջում է ինձ: Ոչ էլ այն զգացումը, որ շարժում է սիրտդ, երբ կանգնած ես այդպես էլ չփակվող վերքի առջև: Ինքը՝ վիրավորը, երբեք չի զգում իր վերքի ցավը: Բայց այստեղ ոչ թե անհատն է վիրավորված, նսեմացված, այլ՝ մարդկային տեսակը: Ես չեմ հավատում խղճահարությանը: Ինձ տանջողն այգեպանի տեսանկյունն է: Ինձ տանջողն ամենևին էլ աղքատությունը չէ, որի հետ ի վերջո համակերպվում ես, ինչպես կարող ես ծուլության հետ համակերպվել: Արևելյան ժողովուրդների ամբողջ սերունդներ ապրում են կեղտի մեջ և իրենց վատ չեն զգում: Ո՛չ, բարեգործական օգնության արգանակը չի ամոքի այն ցավը, որ տանջում է ինձ: Ինձ տանջողն այդ փոսերն ու սապատները չեն ու ոչ էլ այդ տգեղությունը: Ինձ տանջում է սպանված Մոցարտը այդ մարդկանցից յուրաքանչյուրի մեջ:

Միայն Հոգին է, որ շունչ փչելով կավի վրա՝ ի զորու է Մարդ արարել:

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածները բացառիկ իրավունքով տրվել են Vivaro News Cultureին՝ կայքում տեղադրելու համար:

Հատվածների պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է:

 


Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Գիշերային թռիչք». Հատված

«Փոքրիկ իշխանը». Արտասովոր ֆոտոնախագիծ LEGO կոնստրուկտորներով

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ քայլերի արվեստը

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Փոքրիկ իշխանն ասում է…

Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին