Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանում տեղի ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT-2019 (World Congress on Information Technology) համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 6-ին տեղի կունենա արտասովոր համերգ՝ 15 երկրներից ժամանած 110 երաժիշտների նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դուրս կգա բեմ՝ նախապես չիմանալով, թե ինչ է նվագելու… Այս նորարարական համերգի համար կստեղծվի արհեստական բանականություն, որը օնլայն ռեժիմով կստեղծագործի երաժշտություն՝ հիմնված շարականների վրա: Հետաքրքրիր է, չէ՞:
Համերգի գաղափարը պատկանում է Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Իսկ այն իրականացնելու միջոցները կտրամադրեն ՏՏ համաժողովի կազմակերպիչները: Երաժիշտները, որոնց երկրներում անցյալում տեղի են ունեցել WCIT համաժողովներ, արդեն Հայաստան կժամանեն սեպտեմբերի 29-ին, իսկ «ՏՏ համերգի» փորձը կսկսվի սեպտեմբերի 30-ին: Սա ՏՏ համաժողովի պատմության մեջ առաջին փորձն է, երբ ստեղծվում է նվագախումբ, որը բառիս բուն իմաստով չի իմանալու, թե ինչ է նվագելու: Ավելին՝ համերգի դիրիժորն ու 110 հոգուց բաղկացած նվագախումբը ենթադրաբար այնքան լավ են իրար զգալու՝ լինելու են ստեղծագործական մի ալիքի վրա, որ որոշել են բարդացնել առանց այն էլ բարդ-էքսպերիմենտալ համերգը՝ ստեղծվելով երաժշտություն օնլայն ռեժիմով՝ իրական ժամանակում: Սմբատյանի խոսքերով երաժշտությունը լինելու է հայկական, իսկ ալգորիթմը, որը մշակվել է այս համերգի համար, կարողանում է ստեղծել հայկական մոտիվներով երաժշտություն: Արհեստական բանականության կողմից գրված երաժշտության հիմքում ընկած են հայկական հոգևոր երգերը՝ շարականները:
Սմբատյանը կարծում է, որ նման փորձերին պետք է մոտենալ զգուշությամբ, բայց պետք չէ վախենալ: Այն ոչ մի կերպ չի փոխարինում կոմպոզիտորի տաղանդը արհեստական բանականությամբ կամ ինտելեկտով, այլ, ընդհակառակը, բարձրացնում է դասական և հայկական երաժշտության որակավորումը և հասկացողությունը: Ավելին՝ արհեստականորեն ստեղծված միայն մեկ մեղեդի է ընդգրկված համերգի երգացանկում, իսկ երեկոյի մնացած մյուս համարները լինելու են հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ի դեպ, համաժողովի համար տեղծվել է հատուկ օրհներգ, որն իր մեջ է ներառել 15 երկրի, որտեղից ժամանել են երաժիշտները, օրհներգերը: Այլ կերպ ասած՝ օրհներգային սիմբիոզ:
Այսքանով անակնկալները չեն ավարտվում. հոկտեմբերի 6-ին համերգով հանդես կգա նաև միջազգային ճանաչում ունեցող հոլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը:
Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համաժողովի ծրագրի շրջանակներում գիտությունն ու արվեստը կքայլեն կողք կողքի՝ կապված լինելով մեկ ընդհանուր տարրով: Սա ուղերձ է բոլորին առ այն, թե ինչպես է մեր երկիրը ներկայանում աշխարհին 21-րդ դարում և ինչպես է տեսնում իր ապագան տեխնոլոգիական դարաշրջանում:
Հիշեցնենք, որ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT-2019 ֆորումը տեղի կունենա առաջին անգամ: Երևան կժամանեն 60 երկրի ավելի քան 2000 պատվիրակ: Համաժողովի հյուրերի թվում կլինեն նաև Քիմ Քարդաշյանը և ամերիկացի գործարար և «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո