Սևանի Աստվածամայրը - VNews

Սևանի Աստվածամայրը

2222 3 - Սևանի Աստվածամայրը

 

Հայաստանի ազգային պատկերասարահում պահվում է մի սրբապատկեր, որն անհայտ նկարչի գործ է, բայց շատ հայտնի պատմություն ունի։ Աշխարհում բազմաթիվ սրբապատկերներ կան, որոնք հիացնում են ու գրավում  մեր ուշադրությունն իրենց գեղարվեստական արժեքով, հանճարեղ նկարչի վրձնով, հանրահայտ դպրոցի ու ուղղության առկայությամբ, բայց կան նաև այնպիսիները, որոնք հայտնի են իրենց հրաշագործ զորությամբ։

Այդպիսի մի հրաշագործ սրբապատկեր է համարվում 17-րդ դարում ստեղծված «Սևանի Աստվածամայրը» կտավը, որի հետ կապված է Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու անունը։

Բանն այն է, որ 1692 թվականին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին Կոստանդնուպոլսից գալիս է Էջմիածին` ուսանելու։ Պատանի Սեբաստացին աչքերի հետ կապված լուրջ հիվանդություն ուներ և կուրանալու շեմին էր։ Նրան Էջմիածնից ուղարկում են Սևան` մաքուր օդին կազդուրվելու։ Հենց այստեղ էլ Սբ Առաքելոց վանքի պատին նա տեսնում է Տիրամոր պատկերը, որի առջև օրուգիշեր աղոթում է։  Ըստ ավանդության, աղոթքի ժամանակ հանկարծ շարժվում են Տիրամոր շուրթերը և Սեբաստացին լսում է իր խնդրանքի պատասխանը՝ «Եղիցի»:  Անմեկնելի մի հրաշքով վերականգնվում է Սեբաստացու տեսողությունը։

 

57290 b - Սևանի Աստվածամայրը
Անհայտ նկարիչ, Սևանի Աստվածամայր, 17-րդ դար

 

Սրանից մոտ երկու դար անց, Ղևոնդ Ալիշանը   նամակներով Էջմիածնից խնդրում է Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերի կրկնօրինակը։ Մխիթարյաններն ուզում են անպայման ունենալ այն սրբապատկերից, որի առջև աղոթել ու բուժվել է  իրենց միաբանության հիմնադիրը։ Ալիշանը հույս  ուներ, որ կրկնօրինակումը կկատարի Վարդգես Սուրենյանցը։ Հանգամանքների բերումով Ալիշանի ցանկությունը չի կատարվում։:

Հետագայում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի հանձնարարությամբ «Սևանի Աստվածամայրը» կրկնօրինակում է գեղանկարիչ Ենովք Նազարյանը։ Այդ կրկնօրինակն ասյօր ցուցադրվում է Վենետիկ Սբ Ղազար կղզու, Մխիթարյանների միաբանության սրահներից մեկում, իսկ սրբապատկերի բնօրինակը զարդարում է Հայաստանի ազգային պատկերասրահը։