Sex and The City-ի Սինթիա Նիքսոնը շաբաթվա ամենատպավորիչ հոլովակներից մեկում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Sex and The City-ի Սինթիա Նիքսոնը շաբաթվա ամենատպավորիչ հոլովակներից մեկում

Ամերիկացի դերասանուհի և քաղաքական գործիչ, «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային հեռուստասերիալի Միրանդա Հոբսի դերակատար Սինթիա Նիքսոնը նկարահանվել է ոգեշնչող տեսահոլովակում. որը նվիրված է կանանց նկատմամբ կարծրատիպերին, քննադատություններին և դատապարտումներին, որոնք հիմնականում կապված են արտաքին տվյալների և վարքի հետ: Հոլովակի հեղինակը Girls. Girls. Girls. ամսագիրն է, որը հիմնադրել է ճանաչված լուսանկարիչ Քլեր Ռոթշթայնը:

Սինթիա Նիքսոնը ներկայանում է գրեթե երեք րոպե տևողություն ունեցող վիդեոյում, որտեղ կարդում է Քամիլա Ռեյնվիլի պոեմից հատվածներ, որոնք իրարամերժ են:

Հեղինակը նշում է իրար հակասող պահանջներ, որոնք հասարակությունը սովորաբար դնում է կանանց առջև. «Լեդի եղիր, նրանք ասում են: Քո կիսաշրջազգեստը չափից շատ կարճ է: Մի՛ ցուցադրիր այդքան շատ: Քողարկիր: <..> Տղամարդիկ պահանջներ ունեն: Սեքսուա՛լ եղիր: Մի՛ եղիր այսքան սադրիչ: Բարձրակրունկնե՛ր կրիր: Դու չափից շատ ես հագնված: Դու չափից շատ ես մերկացած: Մի՛ եղիր շատ գեր: Մի՛ եղիր շատ նիհար: Հերի՛ք է այդքան ուտես: Աղցան պատվիրիր», – հայտարարոմ է Նիքսոնը, իսկ խոսքերի արանքում մեր ուշադրությանն են ներկայացնում պոեմի մեջբերումների պատկերումը. խնամված, շպարված, շքեղ կանայք, որոնք սնվում են, հագնվում, գայթակղում:

Հատկանշական է, որ «Լեդի եղիր» արտահայտությունը զուգորդվում է Օդրի Հեփբըրնի մասնակցությամբ հանրահայտ «Իմ չքնաղ լեդի» ֆիլմի կադրերով: Ֆիլմում, ինչպես և Բերնարդ Շոուի պիեսում, որի հիման վրա և ստեղծվել է ֆիլմը, լոնդոնյան պրոֆեսորը պետք է հասարակ ծաղկավաճառ կնոջը իսկական լեդի դարձնի: