Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ] - VNews

Շահան Շահնուր | Նահանջ առանց երգի [մեջբերումներ]

Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը: Պոլսից Փարիզ գաղթած Պետրոսը լուսանկարիչ է: Նա աշխատում է Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տնօրենը` մադամ Ժանն, շատ գեղեցիկ կին է: Պետրոսը սիրահարվում է նրան, որին ինքը անվանում է Նենեթ: Սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է և վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը: Պետրոսը գիտեր այդ մասին և տանջվում է: Թեև Պետրոսի ու Նենեթի սերը փոխադարձ է, բայց Նենեթը վերադառնում է Լեսքյուրի մոտ, որի հետ կապված է անցյալով: Հոգեկան վիշտը Պետրոսը փորձում է խեղդել ընկերական շրջապատում, սակայն այդտեղ ևս մխիթարություն չի գտնում:Պատահաբար նա իմանում է Նենեթի ոչ այնքան լավ անցյալի մասին: Սակայն սիրո առեղծվածն անբացատրելի է: Պետրոսը չի կարողանում հրաժարվել Նենեթից: Սկզբում փորձում է կապերը խզել Նենեթի հետ: Նա վաճառում է ունեցվածքը, տեղափոխվում ուրիշ քաղաք և աշխատում իբրև բանվոր: Սակայն այստեղ էլ նրան գտնում է Նենեթը: Ավտովթարի հետևանքով Լեսքյուրը մահացել էր, իսկ Նենեթը անդամահատվել: Նրա թևը կտրել էին, և նա վերադարձել էր Պետրոսի մոտ: Նենեթի նկատմամբ ունեցած սերը հաղթում է մյուս բոլոր զգացումներին, և Պետրոսը նրա հետ հեռանում է մի գյուղ` այնտեղ հանգիստ ապրելու համար: Սակայն այնտեղ էլ նրա բախտը չի բերում: Երբ Պետրոսը մի քանի օրով մեկնում է Փարիզ, Նենեթը որոշում է հեռանալ նրանից, որպեսզի չխորտակի Պիերի ապագան: Վերադարձին Պետրոսը Նենեթին գտնում է մահամերձ: Նենեթի մահից հետո Պետրոսը ուզում է արտաբերել «Հայր մերը», բայց աղոթքի բառերը չի հիշում: Կոստանը հուշում է ֆրանսերենը, և նա կրկնում է: Նա արդեն վերջնականապես դարձել էր Պիեր, այսինքն ֆրանսիացի: Նահաջը ազգային էությունից կատարյալ էր:

 

 

  • Մարդիկ չեն տառապում, այլ իրենք իրենց տառապեցնում են, որովհետև չգիտեն, որ հակադրելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանաչել, տիրանալու համար պետք է տալ։ Գեղեցիկ հոգի վայելելու համար պետք է գեղեցկացված լինես, ազնվական կյանք գնահատելու համար պետք է նույն բարձունքին հասած լինես, իսկ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ։

 

  • Չկա բան, որ կինը ավելի շուտ հասկանա, ավելի շուտ զգա, քան այն, որ ինքը սիրված է։

 

  • Կյանքի հանդեպ հայտնված բոլոր կարծիքների մեջ ես նախընտրում եմ իմ կյանքը։

 

  • Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր։ Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն։ Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին․․․

 

  • Հայը ունի լավ նկարիչներ, բայց ոչ նկարչություն։ Հայը ունի լավ դերասաններ, բայց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ՝ բնավ նավապետ։ Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ոչ գրականություն. Աստվածներ, ոչ դիցաբանություն

 

  • Որքան որ մտածումս ետև տանիմ, հայերը կտեսնեմ միշտ այնպես, ինչպես որ են այսօր։ Պզտիկ, գաճաճ, տխեղծ։ Յուրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի իր կաշիին, իր մորթին։

 

  • Հայերը գիրք մը ունին։ Անոնց ամենագեշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամենեն ավելի անբարոյական գիրքն է ան – Նարեկը։ …Ոչ մեկ սերունդ, չխորհեցավ զայն ջնջել, որովհետև անոր լեզվական և բանաստեղծական ինչ ինչ հատկություններեն խաբվելով ծածկված թույնը չնշմարեց։ Ընդհակառակը փոխանցուցին որդիե որդի, արյունե արյուն, ու ան եկավ մինչև մեզ։ Թունավորվեցանք, ազգովին թունավորվեցանք։ Ահա թե ինչու պարտված ենք։ Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության,– չկռվեցանք, չխածինք, չմաքառեցանք։ Քրիստոնեական վարդապետության անոր սխալ ու թերի մեկնությունը ընդունելով եղանք անմտորեն կրավորական, համակերպվող, աղերսարկու, անգիտակից։

 

  • Չեմ հիշեր կոր, Կոստան, մեղքցի ինծի, ես իմ «Հայր մերս» չեմ հիշեր կոր… Ան ատեն ֆրանսերեն սկսավ արտասանիլ իր թավ ձայնով, և հայը խոսքերը կրկնեց, շունչ առ շունչ։


ԱՆՈՒՇ ԲԵՐԴ [Անունը Անուշ, ինքը լի դառնություններով…]

Նար-Դոս [Կապը կտրած կինը] հեքիաթ այն մասին, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում

Վարդան Պետրոսյան. «Կալանավիրուս»

Կարդա՞նք Հայկ Համբարձումյանի հետ… [Տեսանյութ]

ՈՐԲԱՆՈՑ [հատված Էդգար Կոստանդյանի վեպից] ՄԵՐՈՆՔ

Վարդանանաք [Փառանձեմ տիկինը շարունակում էր ապրել միանձնուհու կյանքով] հատված վեպից

հողեղեն արև [պատմվածք]

Սաադիի վերջին գարունը [Ավ․ Իսահակյան]

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Դոստոևսկի. Կարամազով եղբայրներ [հատված] Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Հավերժ քոնը [հատված վեպից]

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

Բարոն Մյունխհաուզենի արկածները [հատված]

Սալման Ռուշդի. Կեսգիշերի զավակները [հատված վեպից]