Շամիրամի մանյակը և Վանա լիճը [կյանքը ջրին տված թագուհու լեգենդը] - VNews

Շամիրամի մանյակը և Վանա լիճը [կյանքը ջրին տված թագուհու լեգենդը]

շամիրամ - Շամիրամի մանյակը և Վանա լիճը [կյանքը ջրին տված թագուհու լեգենդը]

 

Ամբարտավան Շամիրամ թագուհին սպանեց ամուսնուն՝ Նինոս թագավորին, ու դարձավ երկրի միահեծան տիրակալուհին՝ եզակի դեպք հին Արևելքում: Վարկածներից մեկի համաձայն, Բաբելոնի տիրակալ Նաբուգոդոնոսոր երկրորդը հենց նրա համար էր կառուցել կախովի այգիները՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Սակայն կար մեկը, հանուն որի Շամիրամը պատրաստ էր հրաժարվել գահից:

Նա խելակորույս սիրահարվել էր Հայաստանի թագավոր Արա Գեղեցիկին: Ասորեստանցի բանագնացները տվեցին նրան իշխանության խորհրդանիշերը՝ թագը, գավազանն ու թուր, ու փոխանցեցին Շամիրամի խոսքերը, «Արի՛, տիրի՛ր ինձ ու իմ երկրին»: Շամիրամը կապել էր վարդագույն մարգարիտների յոթ շարքից բաղկացած կախարդական մանյակը, ու պատրաստվում էր հանդիպել թագավորին, երբ ստացավ ստորացուցիչ մերժումը:

Բարկացած թագուհին պատերազմով եկավ Հայաստան՝ հրամայելով իր զորավարներին գերեվարել Արային՝ պահպանելով նրա կյանքը: Բայց սարսափով իմացավ, որ Արան ընկել է ռազմի դաշտում: Վշտալլուկ թագուհին վերադարձավ Ասորեստան, որտեղ բախվեց դավաճանության հետ. բացակայության ժամանակ նրան  գահընկեց էին արել:

Շամիրամը փախավ Հայաստան, բայց հետապնդողները հասան նրա հետևից Վանա լճի մոտ, որտեղ դադար էր տվել հանգստանալու համար: Թշնամու ձեռքը չընկնելու համար, Շամիրամը պոկեց վզից հրաշալի մանյակն ու նետեց այն Վանի ջրերի մեջ: Ջուրը կլանեց թագուհու կենսական ուժը, և նա վերածվեց քարե արձանի: Այդ օրից ի վեր լիճն ունի կենարար ուժ: Վան քաղաքի բնակիչները երգեր են նվիրում կյանքը ջրին տված թագուհուն: Այդ ժամանակվանից տարածվել է նաև «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

 

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա — սևաչյա պչրուհի, գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:

Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

Եղիշե Չարենց