Շառլ դը Գոլ. ճանապարհ դեպի իշախանություն՝ հանուն Ֆրանսիայի փրկության - VNews

Շառլ դը Գոլ. ճանապարհ դեպի իշախանություն՝ հանուն Ֆրանսիայի փրկության

degoool min - Շառլ դը Գոլ. ճանապարհ դեպի իշախանություն՝ հանուն Ֆրանսիայի փրկության

Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամաձայնվեց Նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարի հետ, մեկնեց Լոնդոն և կազմակերպեց հակահիտլերյան խմբավորմանը հարող«Ազատ Ֆրանսիա»  շարժումը` դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ։

Այսօր կանդրադառնանք Շառլ դը Գոլի կյանքի ու գործունեության ամենահետաքրքիր դրվագներին, որտեղ կտեսնենք այն երկար ու բարդ ճանապարհը, որը Դը Գոլին հասցրեց իշխանության ու պարգևեց համազգային սեր:

Հայրենասիրությունը ծնողների դաստիարակության կարևագույն մասն էր…

Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 22-ին, հայրենասեր կաթոլիկների ընտանիքում։ Շառլը և նրա երեք եղբայրներն ու քույրը ծնվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում` տատիկի տանը, որտեղ մայրը մեկնում էր ամեն ծննդաբերությունից առաջ, թեև ընտանիքը բնակվում էր Փարիզում։ Հայրը` Անրի դը Գոլը փիլիսոփայության և գրականության պրոֆեսոր էր, ինչը մեծապես ազդել է Շարլի կրթության վրա։ Վաղ տարիքից նա ընթերցանություն է սիրել։ Ծնողներն անսահման հայրենասիրություն են սերմանել իրենց հինգ զավակներին։ Մայրը խիստ կրոնապաշտ էր և ընտանիքում կաթոլիկության և հայրենասիրության ոգին էր իշխում։

Անրի դը Գոլը ընտանեկան կրթության սկզբունքների հետևորդ էր. նա գրել և կարդալ էր սովորեցնում իր երեխաներին, նրանց համար անձամբ ընթերցում էր ֆրանսիական և արտասահմանյան դասական գրականությունից հատվածներ։ Հոր ղեկավարությամբ Շառլը եղբայրների հետ միասին ամբողջական տեսարաններ էին խաղում Կոռնեյլի և Ռասինիի պիեսներից։ Մայրը նրան պատմում էր իր այն հիասթափության մասին, որը նա ունեցել է մանուկ հասակում, երբ տեսել է, թե ինչպես դառնագին են արտասվում իր ծնողները 1870 թվականին մարշալ Բազելի բանակի կապիտուլյացիայի մասին տեղեկանալուց հետո։ Պարտության այդ տխուր օրերի մասին հատկապես հաճախ էր հիշում Շառլի հայրը, որը մասնակցել էր ֆրանս-պրուսական պատերազմին։

«Հայրս, որ կրթված և մտածող մարդ էր, որը մեծացել էր որոշակի ավանդույթներով, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության մասին հավատով: Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի է համեմատել միայն բարեպաշտության հետ: Իմ երեք եղբայրները, քույրս և ես` ինքս, հպարտանում էինք մեր հայրենիքով: Այդ հպարտությունը, որին խառնվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձել էր մեր երկրորդ էությունը»…

Շառլը միջնակարգ կրթություն է ստացել ճիզվիտական քոլեջում։ Դեռևս պատանեկության տարիներին նա հետաքրքրություն էր ցուցաբերում ռազմական գործի նկատմամբ։ Փարիզի Ստանիսլաս քոլեջում մեկ տարի նախապատրաստական ուսուցումից հետո նրան ընդունեցին Սեն Սիրի ռազմական հատուկ դպրոց։ Նա ընտրեց հետևակային ծառայությունը. դա առավել «զինվորական» է, քանի որ ավելի մոտ է ռազմական գործողություններին։ 1912 թվականին դը Գոլն ավարտեց Սեն Սիրը, առաջադիմությամբ լինելով 13-րդը, և սկսեց ծառայել 33-րդ հետևակային գնդում` Գնդապետ Պետենի հրամանատարության ներքո։

Շառլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության անցավ Ֆրանսիայի լավագույն ստորաբաժանումներից մեկում` 33-րդ հետևակային գնդում. նա հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը։

Գերեվարված Դը Գոլը

1914 թվականի օգոստոսի 12-ին, երբ վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմը, Շառլ դը Գոլը սկսեց մասնակցել ռազմական գործողություններին: Մեծ ճանաչում ստացավ այն բանի համար, որ բազմաթիվ անգամներ սողոսկելով հակառակորդի կողմը և լսելով խրամատների խոսակցությունները, շատ արժեքավոր տեղեկություններ էր բերում… Աշխարհամարտի ընթացքում Շառլը վիրավորվեց երեք անգամ, երրորդ անգամը 1916 թվականի մարտի 2-ին էր, Վերդենի ճակատամարտում` ազդրի շրջանում սվինի հարվածից և մարտի դաշտում թունավոր գազից անգիտակից ընկած մնաց։ Նա որպես զոհված, ստացավ հետմահու հերոսի կոչում։ Սակայն Շառլը ողջ էր մնացել և անգիտակից վիճակում գերի էր ընկել գերմանացիներին։ Նրան բուժեցին Մայնի հոսպիտալում և պահեցին տարբեր ամրոցներում մինչև 1918 թվականի Կոմպիենի զինադադարը։

Դե Գոլը 32 ամիս անցկացրեց ռազմագերիների համար նախատեսված գերմանական զինվորական ճամբարում, որտեղ բավարար բուժում ստացավ։

Գերության ընթացքում դե Գոլը գերմանական թերթեր էր կարդում և այլ բանտարկյալների հետ զրույցներ էր վարում հակամարտության նկատմամբ իր տեսակետի մասին: Նրա հայրենասիրական խանդավառությունն ու հաղթանակի հանդեպ վստահությունը նրան տվեցին մեկ այլ մականուն` Կոննետաբլ «Le Connétable», ինչը միջնադարյան ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի կոչումն է:

Անազատության մեջ, գերմանական հեղինակներին ընթերցելով, Շառլն ավելի ընդարձակեց իր գիտելիքները Գերմանիայի մասին, ինչը հետագայում նրան շատ օգնեց զինվորական հրամանատարության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ Դը Գոլը սկսեց գրել իր առաջին գիրքը, որը կոչվում է «Երկպառակություն թշնամու ճամբարում», այստեղ Շառլը վերլուծեց գերմանական ուժերի ներքին խնդիրները և տարաձայնությունները: Դե Գոլը, չհաշտվելով գերության հետ, հինգ անգամ փախուստի փորձ կատարեց, սակայն չհաջողեց։ Նրան տեղափոխեցին ավելի խիստ ռեժիմի հաստատություն և պատժեցին երկարաժամկետ միայնակ ազատազրկմամբ և որոշակի արտոնություններից զրկելով, ինչպիսիք էին օրինակ` թերթերն և ծխախոտը։ Նա փորձել էր փախչել լվացքատների զամբյուղի մեջ թաքնվելով, թունել փորելով, պատի մեջ փոս փորելով և նույնիսկ բուժքույր ձևանալով:

Վրա հասավ Երկրորդ աշխարհամարտը

Պատերազմի սկզբում դը Գոլը գնդապետ էր։ Պատերազմի նախօրյակին նա նշանակվեց Սաարի տանկային բանակի հրամատարրտ. այն ֆրանսիական բանակի միակ տանկային գունդն էր` հնացած տանկերով։ Այնուամենանիվ, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դը Գոլին անհավանական ջանքերի գնով հաջողվեց կանգնեցնել ֆաշիստների հարձակումը հյուսիսից և նույնիսկ որոշ չափով հետ մղել։ Շառլին անմիջապես տվեցին բրիգադի գեներալի կոչում։ Չնայած տանկային գնդի հաջողությանը, ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա էական ազդեցություն չունեցավ. մի քանի օրում Գերմանիան գրավեց ֆրանսիական հողերի մեծ մասը։

1940 թվականի հունիսի 6-ին վարչապետ Պոլ Ռեյնոն դը Գոլին նշանակեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Նա պատերազմը շարունակելու համար կենտրոնացրեց իր բոլոր ուժերը, սակայն ապարդյուն։ Ի պաշտոնե, դը Գոլը համաձայն չէր Գերմանիայի հետ հաշտություն կնքելուն, որին հակված էր Ֆրանսիայի ռազմական կառավարությունը` ի դեմս նախարար Ֆիլիպ Պետենի։ Շուտով Պոլ Ռեյնոն  հրաժարական տվեց և կառավարության գլուխ անցավ Պետենը, վերջինս Գերմանիայի հետ հաշտության բանակցություններ սկսեց անմիջապես։ 1940 թվականի հունիսի 17-ին դը Գոլը Բորդոյից, որտեղ էվակուացվել էր կառավարությունը, մեկնեց Լոնդոն` չցանկանալով մասնակցել վարչապետ Պետենի՝ Գերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին: Դը Գոլի քայլը որակվեց դիզերտիրություն և Ֆրանսիական բանակի ռազմական տրիբունալը մահապատժի ենթարկելու դատապավճիռ ընդունեց։ Այդ առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասել է, որ «այդ ինքնաթիռով Գոլն իր հետ տարավ նաև Ֆրանսիայի պատիվը»։

«Ազատ Ֆրանսիա» շարժման հիմնադիր Շառլ դը Գոլ 

Լոնդոնում` օգտվելով Չերչիլի աջակցությունից, հաշված օրերի ընթացքում դը Գոլը ստեղծեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը և պահանջեց, որ բրիտանական իշխանությունները նրան ռադիոեթեր տրամադրեն, որով իր ուղերձը կհեռարձակվեր նացիստների կողմից բռնագրավված հողերում: Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դը Գոլի նշանավոր ելույթը: Դը Գոլը ժողովրդին դիմեց զավթիչների դեմ համընդհանուր Դիմադրության շարժում սկսելու կոչով։ Շուտով թռուցիկներ տարածվեցին, որում գեներալը դիմում էր բոլոր ֆրանսիացիներին…

«Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում։ Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի»:

Իշխանություն, հրաժարական և կրկին իշխանություն

Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց  Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար։ 1944 թվականի ամռանը Ֆրանսիայի ազատագրումից հետո Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար ընտրվեց դը Գոլը։ 1944 թվականի օգոստոսից Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Նախարարների Խորհուրդի նախագահն էր։ Նրա կարճատև՝ մեկ ու կես տարվա գործունեությունն այդ պաշտոնում, նա հետագայում բնութագրել է որպես «փրկություն»։ Ֆրանսիան «փրկվել էր» անգլո-ամերիկյան դաշինքի պլաններից..

Սակայն 1945 թվականի դեկտեմբերին գեներալն արդեն հասկացավ, որ այս հանրապետությունն այլևս իրենը չի լինելու և սկսեց հարմար առիթ փնտրել հրաժարական տալու համար, որպեսզի հետագայում ավելի լավ պայմաններով վերադառնա։ Իր դրությունը նա համեմատել է Նապոլեոնի արտաքսման հետ։ Սակայն ի տարբերություն իր երիտասարդության կուռք հանդիսացող Նապոլեոնի, դը Գոլը ֆրանսիական քաղաքականությանը կողքից նայելու հնարավորություն ուներ` իշխանության վերադառնալու հույսը չկորցնելով։

Դը գոլը՝ ընդդիմություն

1947 թվականին դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թվականը: Դը Գոլը պլանավորում էր կուսակցության շնորհիվ իշխանության վերադառնալ խորհրդարանական ճանապարհով։ Կուսակցությունը փլուզումվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, 1953 թվականի մայիս 6-ին գեներալը ցրեց իր կուսակցությունը և հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։

Սկսվեց Դը Գոլի կյանքի ավելի փակ ժամանակահատվածը: Հինգ տարի նա մեկուսացավ Կոլոմբեում՝ աշխատելով «Ռազմական հուշագրություններ» երեք հատորների վրա։

Վերադարձ իշխանության…

1957-1958 թվականները Չորրորդ Հանրապետության խորը ճգնաժամի տարիներ էին։ Ալժիրի ձգձգվող պատերազմը, Նախարարների խորհուրդ ձևավորելու անհաջող փորձերը, տնտեսական ճգնաժամը։ Ակտիվացան, այսպես կոչված, «ուլտրա-աջ» ռազմական խմբերը, որոնք ուժեղ ճնշում էին գործադրում Ալժիրի ռազմական ղեկավարության վրա: 1958 թվականի մայիսի 10-ին ալժիրցի չորս գեներալներ վերջնագրով դիմեցին նախագահ Ռենե Կոտիին` պահանջելով կանխարգելել Ալժիրի հանձնումը: Մայիսի 13-ին զինված կազմավորումները գրավեցին Ալժիրի գաղութային վարչակազմի շենքը։ Գեներալները հեռագիր ուղարկեցին Փարիզ, Շառլ դե Գոլին դիմելով պահանջով, որ «խախտի իր լռությունը» և երկրի քաղաքացիներին դիմի` «հասարակական վստահության կառավարություն» ստեղծելու նպատակների մասին հայտնելով։

1958 թվականի մայիսի 15-ին լրատվական գործակալությունները տարածում են դը Գոլի ուղերձը.

«…Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան ջանում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցության ռեժիմի ուժերից վեր են, և գնում է կործանման։ Մի անգամ ծանր ժամանակահատվածում երկիրը վստահեց ինձ, որ ես նրան փրկության տանեմ: Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առջև է կանգնած, թող իմանա, որ ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները»

Մայիսի 27-ին Պիեռ Փֆլիմլինի կառավարությունը հրաժարական տվեց։ Նախագահ Ռենե Կոտտին, դիմելով Ազգային ժողովին, պահանջեց վարչապետ ընտրել դը Գոլին և նրան արտահերթ լիազորություններ փոխանցել` կառավարություն ձևավորելու և Սահմանադրությունը վերանայելու համար։ Հունիսի 1-ին 329 ձայնով դը Գոլը հաստատվեց որպես Նախարարների խորհրդի նախագահ։

Այսպիսով, որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թվականին դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի։Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց դը Գոլի միջազգային հեղինակությունը։ Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած ռազմական գործողությունները Վիետնամում և երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից։

 

 


Հայկական ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերան՝ կարևորագույն միջազգային կինոփառատոնում

Ճամփորդական քուիզ. ի՞նչ գիտես Ֆրանսիայի մասին

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

«Գրիշան մահացավ, որովհետև ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչեր է ապրում իր ժողովուրդը». Ալլան Կավալ

Ալֆոնս Դոդեն ասել է…

Հերթը հասավ Լազուրե ափին…

Ստենդալ

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

«Reign»-ը ասում է…

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ

Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում

Փարիզյան 6 հայտնի վայր, որ կարելի է…(Չ)այցելել

Book Face. Երբ գրախանութը գիտի՝ ինչպես հայտնի դառնալ

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված